[ARM]     [RUS]     [ENG]

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԸՆԿԱԾ Է ԳՐՔԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

Մարտունու կենտրոնական գրադարանն ունի 7 աշխատող, որից 4-ը գրադարավարներ են։ Նրանք բարձրագույն կրթությամբ մասնագետներ են, ունեն տարիների հարուստ փորձ։

 Ի՞նչ խնդիր ունի գրադարանն այսօր։ Այս մասին է մեր հարցազրույցը Մարտունու կենտրոնական գրադարանի տնօրեն Ռիտա ԳԵՎՈՐԳՅԱՆԻ  հետ։

- Տիկին Գևորգյան, ի ՞նչ դերակատարություն ունի գրադարանը հասարակության, մանավանդ երիտասարդության շրջանում։

- Ասում են, թե գրադարանները փոխել են իրենց դերն ու նշանակությունը հասարակության մեջ։ Ես այլ կերպ եմ մեկնաբանում. այն իրոք փոխել է իր բնույթը՝ սպասարկման ավանդական ձևերը համատեղելով արդի տեխնիկական հնարավորություների հետ։ Դա ամենևին վատ չէ։ Մեր գրադարանը շրջանային կենտրոնական հանրային գրադարան է, սպասարկում է բոլոր մասնագիտությունների տեր անձանց։ Այն տեղեկատվական, մշակութային, կրթական օջախ է։ Մեր ամբողջ գործունեությունը նպատակաուղղված է գրքի քարոզչությանը, որ տանում ենք՝ ելնելով մեր երկրամասի պետական քաղաքականությունից։ Մեր կողմից լուրջ աշխատանք է տարվում հատկապես գյուղաշխատողի հետ։ ՙԿենդանի՚ գիրքը միշտ գոյություն է ունենալու՝ հենց միայն որպես մշակութային արժեք  հասկացության մեջ։ Պատահական չէ այստեղ պարբերաբար տարբեր մշակութային միջոցառումների կազմակերպումը։

- Որքանո ՞վ է կարևորվում գրադարանավարի աշխատանքը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում։ Գիրքը՝ որպես մշակույթ, պահպանել է իր դերն ու կարևորությունը հասարակության մեջ։

- Այս տեխնիկապես զարգացած ժամանակաշրջանում մենք շատ ենք կարևորում գիրքը՝ որպես մշակույթ։ Անում ենք ամեն ինչ՝ նրա դերն ու նշանակությունը բարձր պահելու համար։ Մինչև 1987թ. գրադարանն ունեցել է մեծ թվով ընթերցողներ, 1990-ական թթ.-ից սկսած կտրուկ նվազել է ընթերցողների թիվը։ Դրա հիմնական պատճառն Արցախյան պատերազմն էր, որի հետևանքով խախտվել էր մարդկանց բնականոն ապրելակերպը։ Վերջին տասը տարիներին հասարակության ուշադրությունն ուղղվեց դեպի գիրքը։ Բանաստեղծ Ավետիք Իսահակյանն ասել է. ՙԵս միշտ գիրքը սրբություն եմ համարել, գրադարանը՝ յուրատեսակ սրբավայր՚։ Առաջնորդվելով անվանի բանաստեղծի սկզբունքով՝ անում ենք ամեն հնարավորը, որպեսզի մեր գրադարանում միշտ զգացվի հայ բազմադարյա գրականության շունչը։ Ունենք համացանց, որը հնարավորություն է ընձեռում մասնագիտական որևէ գրականության, թեմայի, հոդվածի բացակայության դեպքում օգնել մեր ընթերցողներին։ 

- Շենքային վատ պայմանները միշտ եղել է գրադարանի առաջնային խնդիրը…

- Միանշանակ։ Չնայած պետության միջոցներով հիմնանորոգվել է գրադարանի շենքի ողջ տանիքը, որի անմխիթար վիճակից տուժում էին պատերն ու հատակը, այնուամենայնիվ գրադարանը նոր շենքի կարիք ունի։ Շենքը ժամանակավոր է հատկացվել մեզ։ Արցախյան պատերազմից հետո ընդհանրապես չի վերանորոգվել։ Գրադարանը չունի ընթերցասրահ։ Դրա պակասը խոչընդոտում է մեր կողմից տարբեր միջոցառումների կազմակերպմանը։ Հուսով ենք, որ պետական հոգածությամբ գրադարանը հիմնական շենք կունենա։ 

Գրադարանն առողջ տրոփող սիրտ է, որին պետք է միշտ մատակարարել թարմ արյուն։ Այսօր գադարանն ունի մանկական և գյուղատնտեսության արդի գրականության պակաս։ Որպես առաջավոր փորձի գրադարան՝ 1985-86թթ. Մոսկվայից ԽՍՀՄ կուլտուրայի բաժնի կենտրոնացված գումարների հաշվից ստանում էինք մասնագիտական գրքեր։ Այդ տարիներին մեր գրադարանը 65.000 կտոր գիրք է ունեցել։ Շատ էր ընթերցողների թիվը։ Պատերազմի ժամանակ գրքերի մեծ մասը ոչնչացվել է, պահպանվել է միայն 10.000 կտոր գիրք։ Պահի դրությամբ՝ գրադարանն ունի 18.000 կտոր գիրք, որոնք հիմնականում ձեռք ենք բերել հատկացված գումարների ու նվիրատվությունների հաշվին։ Խնդիր չունենք ջեռուցման և գրապահպանության առումով։ Ջեռուցումն իրականացվում է գազի վառարանների միջոցով։ Այն գրերն ու գրապահոցները զերծ է պահում ոչնչացումից։

- Այժմ անդրադառնանք ընթացիկ տարում կատարված աշխատանքների վերլուծությանը։

- Ընթացիկ տարում ԼՂՀ հռչակման 25-ամյակի  նախօրեին ստեղծել ենք հոբելյանական անկյուն։ Այդ օրվանից գրադարանում կազմակերպվում է գրքերի ցուցադրություն մեր ընթերցողների համար։ Այս տարվա բոլոր միջոցառումները նվիրեցինք մեր անկախության հռչակման 25-ամյա հոբելյանին։ 

Գրադարանային շաբաթի շրջանակներում կազմակերպվող ՙՀանդիպման վայրը՝ գրադարան՚  ծրագիրն իրագործելով՝ նպատակ ունենք ընդգծել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, ընթերցանության կարևորությունն արդի տեխնոլոգիաների դարաշրջանում, նպաստել բազմաբնույթ գրքի, գրականության տարածմանը։

Առիթից օգտվելով՝ շնորհավորում եմ մեր կոլեկտիվի անդամներին և հանրապետության բոլոր գրադարանավարներին մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում առողջություն, կամքի ուժ և արիություն։ Դիմում եմ ընթերցողներին, հատկապես երիտասարդությանը, որ ամուր կանգնեն հայրենի հողին և պաշտպանեն նախնիների արյամբ ձեռք բերված հայրենիքը։ 

Արմինե ԴԱՆԻԵԼՅԱՆ

ք. Մարտունի