[ARM]     [RUS]     [ENG]

ՙԺՈՂՈՎՐԴԻ ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԴԱՐՁՆԵՍ ԻՐԵՆ ՀՂԿՎԱԾ ՏԵՍՔՈՎ...՚

Հարցազրույց Արցախյան պատերազմի տարեգիր, կինոռեժիսոր Սամվել ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ հետ 

 - Մեր ընթերցողին նախևառաջ հետաքրքրում է, թե ով է ստեղծագործող Սամվել Թադևոսյանը։

- 1984 թվականին ավարտեցի կինոռեժիսոր Արման Մանարյանի կուրսը՝ թատրոնի ռեժիսոր մասնագիտությամբ։ Անկեղծ ասեմ, առանձնապես ցանկություն չունեի կինոյում կամ թատրոնում աշխատելու։ Արցախյան պատերազմն ինձ վերադարձրեց կինոաշխարհ։ 

Երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, ես էլ իմ մի շարք հայրենակիցների նման պարտքի գիտակցում ունեի և պարտավոր էի իմ համեստ լուման ներդնելու, եթե ոչ զինվորական, ապա որպես վավերագրող, այն, ինչ թույլ էր տալիս մասնագիտությունս։ 1989թ. Ա. Մանարյանը Ղարաբաղում նկարահանեց առաջին փաստագրական ֆիլմն արցախյան խնդրի վերաբերյալ։ Այն կոչվում էր ՙՊայթյուն՚։ Ես՝  որպես արդեն քիչ թե շատ փորձառություն ունեցող, հաճախ էի գալիս Ղարաբաղ։ Մի խոսքով, Մանարյանն ինձ կանչեց մասնակցելու ՙՊայթյուն՚ ֆիլմի նկարահանմանը։ Սակայն դա ինձ չէր բավարարում և, ինչպես ասում են, աշունը գարնանից շուտ եկավ, ես ամբողջովին դուրս եկա կինոստուդիայից, փորձարարական (էքսպերիմենտալ) թատրոնից և մեկնեցի Արցախ։ Մեջս տագնապի պես մի բան կար, ոնց որ ինձ ասեն, հուշեն, թե մեծ իրադարձություններ են կատարվում, և անհրաժեշտ է դրանք վավերագրել։ Ինչ աչքս տեսել է, վավերագրել եմ՝ սկսած երևանյան միտինգներից, քաղաքական միջոցառումներից, երթերից, ցույցերից, ընդհուպ  ոինչև օդակայանի դեպքերը։ Պիտի ասեմ, որ ես օպերատոր ոչ եղել եմ, ոչ կամ, ոչ կլինեմ։ Ինձ պատերազմը պարտադրեց ձեռքս առնել տեսախցիկը։ Ես ռեժիսոր եմ և  որպեսզի տիրապետեմ տեսախցիկին, ինձ ՙուսուցիչ՚ էր պետք, և դա եղավ Շավարշ Վարդանյանը՝ հայտնի օպերատորը, ով, ի դեպ, վիրավորվել է Շուշիում։ 

-Կարո՞ղ ենք ասել, որ Դուք Արցախյան պատերազմին մասնակցել եք որպես օպերատոր¬վավերագրող։

-Ես եղել եմ Շուշիի առանձնակի գումարտակի կազմում։ Դուշման Վարդանը (Ստեփանյան) իմ հրամանատարն էր։ Իսկ ամենից առաջ  եղել եմ կամավոր և ֆիքսել եմ ինչ կարող էի, որովհետև հասկացել եմ դրա կարևորությունն ու պատմական նշանակությունը։ Իմ կողքին են եղել ՙԱրաբո՚¬ի Ռուբիկը Հովհաննիսյան, Հակոբը Պողոսյան, ով նկարահանել է Շահումյանի հայդուկային շարժումը. Հակոբը միշտ Շահեն Մեղրյանի կողքին էր, նույնը և  մասիսցի Վարդանը։ Մենք դիրքերում հաճախ էինք հանդիպում Արցախի հեռուստատեսության օպերատոր Սերգեյին (Համբարձումյան), ո՞ր մեկին ասեմ, շատ էին։ Մարդիկ, որ կարևորեցին այդ աշխատանքը, և ժամանակը ցույց տվեց, որ մենք իրավացի էինք։ Բնականաբար, աշխատում էինք մեր միջոցներով, և դա չնչին  բան էր այն տղաների արածի համեմատ, որ կամավոր, անթարթ ու աներկյուղ գնում էին մահվան բերանը։ Դրանք իմ երջանիկ տարիներն էին։ Ես կարծում եմ, որ Ղարաբաղյան շարժումը մի փառավոր, համախմբված ապստամբություն էր, մենք թոթափեցինք և՜ բոլշևիկյան լուծը, և՜ հայի ցեղատնային անազատությունը՝ սևին սև ասելով, սպիտակին՝ սպիտակ։ Ներքին ազատության շնորհիվ թոթափվեցին վախը, սովը, ցուրտը, կռիվը, մեր մարտական ընկերներին գերեզման դնելու ողբերգությունը։ Այդ հավաքական կռիվը, որը ես կոչում եմ ապստամբություն, տվեց իր թանկ արդյունքը, ի վերջո Արցախն ազատագրվեց։ Եվ որպեսզի խիստ բանաստեղծական ու հուզական չհնչի, ես պարզապես իմ պարտքն էի կատարում, իմ համեստ ու պարտադիր պարտքը։ Այդ պարտքի գիտակցության բացակայությունն է, որ շատերիս շփոթության մեջ է գցում, ու մեզ թվում է, որ հայրենիքը մեզ պարտք է, ընկերն ու ազգականը մեզ պարտք են։ Ոչ։ Ահա այս թվարկածս պահերի գիտակցումն էլ ինձ բերեց Արցախ։ Բացի Շահումյանից, եղել եմ գրեթե բոլոր մարտագծերում։ Պիտի կրկնեմ, որ ոչ միայն ես, ինձ հետ էին երկու օպերատոր, մեկ ֆոտոթղթակից, երկու լրագրող։ Մենք խումբ էինք ձևավորել։ Ինչ աչքս տեսել է՝ վավերագրել եմ, նույնիսկ պարզ ղարաբաղցու կենցաղ, ավանդույթներ, հարսանիք, ողբ, թաղում, զինվորի լաց, սևազգեստ որդեկորույս մոր ողբ, ռմբահարումներից հենց նոր հանվող դիակներ։ Երբեք չէի ցանկանա, բայց նկարահանել եմ Բերդաձորի Անդոյի, Դուշման Վարդանի, Պետոյի թաղումը։ Ինչո՞ւ եմ այս ամենը թվարկում, ես ասես մտել էի շապիկի մեջ ու հասկանում էի, որ այն, ինչ տեսնում եմ, պատմական իրադարձություն է։ Իմ շատ ընկերների պես ինչ կարողացել եմ, փրկել եմ։ 

- Դուք առավել ճանաչված եք որպես ՙԽոնարհ հերոսներ՚ ֆիլմաշարի հեղինակ և ռեժիսոր։ Ինչպե՞ս ծնվեց այդ շարքը։ 

- Նախ ասեմ, որ ես արյունակից հարազատներիս կորցրի պատերազմի ընթացքում... Երկու հորեղբոր տղա, հորաքրոջ տղա, մեծ որդիս ցնցակաթված (կոնտուզիա) ստացավ, մինչև հիմա նրա մի ականջը խուլ է։ Եվ ահա ավարտվեց պատերազմը, զինադադար կնքվեց։ Թեև, իմ խորին համոզմամբ,  պատերազմը երբեք էլ չի ավարտվել և այս պահին էլ այն շարունակվում է։ Բնականաբար, մտածում էի, ձեռքիս տակ գտնվող նյութերին տեսք տալ։ Այդ նախանձախնդրությամբ էլ ձեռնամուխ եղա կինոարտադրության։ Իսկ կինոարտադրությունը ենթադրում է ծախսեր։ 2000թ. ազգային (ներկայումս՝ հանրային) հեռուստատեսությանը ներկայացրի իմ ծրագիրը՝ ամիսը մեկ ֆիլմի պարտավորվածությամբ, այդքան պաշար ունեի։ Եվ թող անհամեստ չհնչի՝ հաղթեց իմ ծրագիրը։ Ոչ  պակաս հետաքրքիր այլ առաջարկներ էլ կային, բայց իմը հաղթեց։ Տիգրան Նաղդալյանը դեռ կենդանի էր, և համագործակցեցինք, ու սկսեցի ՙԽոնարհ հերոսներ՚ ֆիլմաշարի տրամադրումը ազգային հեռուստատեսությանը։ Իմ առաջին ֆիլմը նվիրված էր ուսանողական տարիների ընկերոջս՝ Մովսես Գորգիսյանին։ Այդտեղ ես աշխատեցի հինգ տարի։ 2004-ին բացվեց ՙԵրկիր-Մեդիա՚-ն, և ես հեղինակային ֆիլմաշարի հրավեր ստացա։ Առաջարկեցին շարունակել ՙԽոնարհ հերոսներ՚-ը։Ցավոք ,ՙԵրկիր Մեդիա՚-ում ընդամենը երեք ֆիլմ հանեցի, անկախ այն բարյացակամ վերաբերմունքից իմ և իմ ձեռնարկած գործի հանդեպ, միջոցներ չկային անգամ տարրական հարցեր լուծելու։ Ստիպված եղա աշխատանքս շուրջ չորս տարի դադարեցնել։ ՙԵրկիր Մեդիա՚-ում հասցրել էի նկարահանել ՙԱշոտը՚  (Ասկոլկան), ՙԱվետիս Ավետիսյան՚ և ՙԱրշակը՚ ֆիլմերը։ Տղաների հիշատակի առջև ամոթը, նրանց հանդեպ պարտքը մինչև վերջ չկատարածի զգացումը դարձյալ ինձ շարք վերադարձրին։ Ես մտածում էի՝ թույլ եմ գտնվել, որ դադարեցրել եմ աշխատանքները։ 

Ի վերջո ինձ բուռս հավաքեցի՝ վերսկսելով աշխատանքները։ 2006-ին Կինոազգային կենտրոնին ներկմայացրի երեք սցենար։ Ես գրում էի և՜ արձակ, և՜ չափածո։ Այդ ընթացքում լուրջ նյութեր կուտակվեցին, ժամանակ ունեցա պատերազմի ընթացքում կատարած սղագրումներս (ծխախոտի տուփի, թղթի կտորների վրա) տեսքի բերել։ Իմ ներկայացրած երեք սցենարներից  երկուսը հաղթեցին, որոնցից մեկը ՙՉկրակված փամփուշտներ՚-ն էր։ Նախնական տարբերակը կարճամետրաժ էր, բայց հետո ֆիլմն ինձ տարավ դեպի լայնամետրաժ տարբերակ։ Ես նկարահանում էի, գիշերները սցենարը գրում։ Ծնվում էին նոր դրվագներ։ Ֆիլմի հմայնքներից մեկն էլ այն է, որ նրանում ոչ մի դերասան չկա։ Գլխավոր դերում ՙՍիսական՚ ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն է։ Եվ բոլոր պերսոնաժներում պատերազմով անցած տղաներն էին և կատարում էին իրենց դերը՝ 130-ից ավելի մարդ է ընդգրկված ֆիլմում։ Այն հաշվարկներից, որ կատարել էինք, ոչ միայն ես, այլև կինոստուդիան կսնանկանար, իսկ 2006-ը առատության տարի չէր։ Այլընտրանք չկար, հանդուգն որոշում կայացրինք և, կարծում եմ,  հաջողեցինք։ 

- Որպես դիտորդ կարող եմ հավաստել, որ ֆիլմն իսկապես հաջողված է, դեռ մի բան էլ ավելի։  

- Տարիների հեռվից մտածում եմ, որ եթե միջոցներ լինեին, կարելի էր փակագծերը բացել։ Ֆիլմը,  ինչպես գիտեք, նվիրված է բացառիկ տաղանդավոր մի երիտասարդի՝ Աղվան  Մինասյանին, ով, ավաղ, զոհվեց։ Զոհված Աղվանի դերը կատարում է ֆիլմում ընդգրկված միակ դերասանը՝ մի երիտասարդ, որ  ուսանող էր և տեսքով նման էր Աղվանին։ Նրան կերպարի մեջ մտցնելը մեծ ջանքեր էր պահանջում, բայց ի վերջո, ստացվեց։ Նա շփվեց տղաների հետ, կրակել սովորեց, առավ վառոդի հոտը և մտավ դերի մեջ, ու մենք ստացանք առավելագույնը։ 

Այդ ֆիլմի համար մի շարք մրցանակների արժանացանք, այդ թվում և՝ Կիլիկիո թեմի մրցանակ  ստացանք։  Ակսել Բակունցի անվան ոսկե մեդալ, մրցանակ Ռիգայում և այլն։ 

Կարևորը մրցանակները չեն, այլ  այն, որ մենք կարողացանք պատերազմական օրերի տարեգրությունը ներկայացնել, բարձրաձայնել Նախիջևանի մասին, ինչի առթիվ աղմուկ եղավ, բայց, ի վերջո, իմ խմբագիրները և գեղարվեստական խորհուրդը պաշտպանեցին կինոստուդիան։ Հընթացս շարունակեցի ՙԽոնարհ հերոսներ՚ ֆիլմաշարը և, բարեբախտաբար, այդ շարքից արդեն 28 ֆիլմ ունենք։ 

- Ովքե՞ր են այդ ֆիլմաշարի հերոսները։ 

- Նույնպես պատերազմի մասնակիցներ, նահատակներ։ Ես նոր՝ ՙԱրդարության մարտիկներ՚ շարք  հիմնեցի։ Ռեգիոնալ ջոկատների մարտիկների մասին է, այս պահին պատրաստ են Ղափանի ջոկատի մասին պատմող ՙՅոթնաբերդ՚-ը, Գորիսին նվիրված ֆիլմը։ Այդ շարքից կա ևս 3 ֆիլմ։ Այդ ընթացքում ավարտեցի նաև երեք խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի աշխատանքը՝ ՙՏղերք, մենք եկանք՚, ՙՏաք արահետներ՚ և ՙԴեպի երկիր՚։ Անցած տարի ավարտեցի ՙԳրադ Գարունը՚, ում 60-ամյակը լրացավ վերջերս։ 

Ֆիլմ ունեմ՝ նվիրված ՙՄեծն Տիգրան՚ աշխարհազորային գնդի հրամանատար Արմենակ Արմենակյանին։ ՙԽոնարհ հերոսներ՚ և ՙԱրդարության մարտիկներ՚ շարքից այս պահի դրությամբ պատրաստ ունենք 40 աշխատանք։ Բայց սա դեռ ամենը չէ, փնտրտուքների մեջ եմ, մտադիր եմ գիրք  տպագրել, այն ծնվել, գրի է առնվել պատերազմական արահետներում։ Փորձում եմ ծնունդ տալ իմ նոր գաղափարին, որը կոչվում է ՙԽրամատային գեղարվեստ՚, այն ենթադրում է ծայրահեղ հոգեբանական, պատերազմական իրավիճակներ։ Մեծ նյութ եմ կուտակել նահատակ արվեստագետների մասին, մտադիր եմ այն տպագրել երկու հատորով, դրանցում զետեղել եմ իմ հուշերը, պատմվածքներն ու բանաստեղծությունները։ ՙԽրամատային գեղարվեստ՚-ից 18 տեսակլիպ կա, դրանք այն երգերն ու բանաստեղծություններն են, որ տղերքը երգել ու արտասանել են խրամատում, հանգստի ժամին, խնջույքներին։ Դրանցից երկուսն արդեն տեղադրված է համացանցում։ 

Վերջերս ծնունդ տվեցի մի նոր շարքի՝ ՙԶորականչ՚։ Այն տևում է հինգ րոպե։ Հինգ րոպեում ես բնութագրում եմ մարտիկին։ Այդ շարքից ՙԵրկիր-Մեդիայով՚ հեռարձակվել է 18-ը։

Եթե հիշում եք, ՙՉկրակված փամփուշտներ՚-ի առաջնախաղին շնորհակալություն եմ հայտնել նաև նրանց, ովքեր փորձում էին խանգարել, որ այն չկայանա, դրանով նրանք նպաստում էին, որ ավելի շատ աշխատեմ։ Ես ոչ փնթփնթան եմ և ոչ էլ նեղացած, պարզապես իմ պարտքն եմ կատարում հայրենիքիս հանդեպ և մեր նահատակ հերոսների հիշատակի առջև։ Ես մի օր հոգի եմ տալու Աստծուն։ Սգակիր մայրերը շնորհակալություն են հայտնում, որ անմահացրել եմ իրենց զավակներին, դրանից ավել ինձ ուրիշ գնահատական պետք չէ։ 

- Վերջերս Ձեզ առավել հաճախ ենք տեսնում Արցախում... Ինչո՞վ եք զբաղված։ 

- Ապրիլյան իրադարձությունների օրերին շատերի նման ես էլ զինվորագրվեցի, ստորագրեցի, ստացա զենքս ու միացա առաջին գնացողներին և ուղիղ՝ ՙԵղնիկներ՚։ Այնտեղ երկար չմնացի, քանի որ և որդուս՝ Գուժի ՙԿանչ՚ վերնագրով ֆիլմի պրեմիերան էր՝ նվիրված ցեղասպանությանը։ Ինչո՞ւ ես հայտնվեցի Ղարաբաղում... Ես պարտավոր էի լինել իմ հայրենիքում։ Շատ արագ խումբ կազմեցի, փորձառաությունս այս անգամ շատ էր, և վեց հոգով մեկնեցին տարբեր ճակատներ։ Բացի այդ,  ես հաճախ եմ լինում Ղարաբաղում, որովհետև նոր՝ ՙՄի սխրանքի պատմություն՚ շարք եմ սկսել։ Փորձում եմ անդրադառնալ արտառոց դեպքերի. ասենք, Վայքից Արմենը ԴՇԿ-ով ինքնաթիռ է խփել, երկրի նախագահը նրան գումար է հատկացրել, որ տուն շինի, բայց նա զոհված ընկերների հուշարձանն է կանգնեցրել և հիմա նոր, քսան տարի անց հիմք է գցել, որ տուն կառուցի։ Նման բազմաթիվ կերպարներ կան։ 11-12 տարեկան հերոսներ ունենք։ Քարինտակցի Նանո ունենք, որ շան վրա  փաթաթել է փամփուշտները և տարել  զինվորներին, ճանապարհին զարկվել են և՜ ինքը և՜ իր շունը։ Ժողովրդի մարգարիտները պետք է վերադարձնես իրեն հղկված տեսքով։ Վաղվա պատանին պիտի իմանա, թե ինքը ում զավակն է, պիտի իմանա, որ ինքը շառավիղն ու հետնորդն է մեր մեծերի՝ Տիգրան Մեծից մինչև Աշոտ Բեկոր ու Մոնթե Մելքոնյան։ 

Ինչ վերաբերում է մերօրյա հերոսներին, նահատակներից 35-ի վերաբերյալ արդեն նկարահանված սյուժեներ ունեմ։ Դրանց շարքում են և Ռոբերտ Աբաջյանը և Արմենակ Ուրֆանյանը։ Հինգ օր առաջ հանդիպեցի Էդիկ Մալոյանին, նրանք չէին կարող վրիպել իմ աչքից, ես եղել եմ և՜ խրամատում, և՜ հոսպիտալում, այդ տղաներին տեսել եմ ծայրահեղ իրավիճակներում։ Երազում եմ ՙԶորականչ՚ շարքիս եթերը դարձնել ամենօրյա։ Տարին ունի 365 օր, և ցանկությունս է, որ յուրաքանչյուր օր լինի պրեմիերա։ Նյութը կա, ցանկությունը կա, մնում է իրագործել։ Ունեմ պրոֆեսիոնալների խումբ. երբ աչքս թարթում եմ, հասկանում են ինչ եմ ուզում։ Վստահ եմ, համառությունս հաղթելու է, և դեռ շատ գործեր ենք  կատարելու։ Ինձ հետ հաշվի են նստում, որովհետև տեսնում են, որ բաց թողնված տեղերը լրացնում եմ։ Դրանով բացատրում եմ, որ այս հողը սիրում եմ, սիրում եմ այս հողի համար նահատակված և նահատակվելու պատրաստ հերոսին։ 

- Քառորդ դար անց Անկախության ձեր արժևորումն ու բանաձևը։

- Ես խորապես համոզված եմ, որ մարդն ի բնե աստվածատուր իրավունքով ազատ է։ Ազատությունը ամենաազնիվ զսպաշապիկն է, որի մեջ քեզ քաղաքացի ես զգում ու լիարժեք մարդ ու տեսակ, հայի տեսակ։ Ազատությունը մարդուս երբեք հենց այնպես չի տրվում, այն կռում են, իսկ ո՜վ է կարողանում կռել այն. ո՜վ ունի կամային հատկանիշներ, արժեհամակարգի գիտակցում, զոհաբերման զգացում։ Մեր տղաները շարվեշարան գնացին պահպանելու իրենց տեսակը, հայի դիմագիծը։ Մենք մեծ պարտք ունենք այդ տղաներին տալու։ Մեկ-մեկ մտածում եմ՝ կկարողանա՞նք պատշաճ կերպով շարունակել նրանց գործը։ Ինչ էլ որ լինի՝ մենք պիտի շարունակենք նրանց գործն առաջ տանել։ Կարծում եմ, Անկախությունը հենց դա՜ է, երբ խիղճդ ու միտքդ համագործակցում են, և դրանից ծնված ինչ-որ կա, ծառայեցնում ես քո ժողովրդին, քո պետությանը։ Ամենակարևորը բարոյական պարտքն է։ Այդ գիտակցումով էլ մեր տղաները կարողացան ազատագրել Արցախ աշխարհն ու մեզ փոխանցեցին ազատ ու  անկախ երկիր, ինչի համար սերնդեսերունդ երախտապարտ ենք նրանց։ 

 

 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ