[ARM]     [RUS]     [ENG]

ՆՊԱՏԱԿԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՆ Է

 Հոկտեմբերի 14-ին ԱրՊՀ-ում հյուրընկալվեցին Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը և իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանը:

Նրանց հետ հանդիպմանը մասնակցում էին բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, իրավագետ դասախոսներ, ուսանողներ, հանրապետության դատաիրավական համակարգի աշխատողներ: 

Ողջունելով հյուրերին` ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը տրամաբանական  համարեց  նրանց այցը, առանձնապես Գ. Ղազինյանի, ում կյանքն ու մասնագիտական գործունեությունն ամբողջովին շաղկապված է կրթական համակարգին։ Ավարտելով ԵՊՀ-ն` նա առայսօր էլ աշխատում է այդ կրթօջախում և ծանրակշիռ ավանդ ունի իրավաբանական ֆակուլտետի զարգացման  ու բարգավաճման գործում: Ըստ Մ. Մինասյանի` եթե այլ մասնագիտությունների գծով հետխորհրդային ժամանակաշրջանում որոշ բուհեր բարձր վարկանիշ են ձեռք բերել նորաձև մասնագիտություններով, ապա ԵՊՀ-ն  իրավագիտության գծով եղել և շարունակում է մնալ առաջատարը, ինչը նաև Գ. Ղազինյանի երկարամյա աշխատանքի շնորհիվ է: Դրա արդյունքն այն է, որ  պետական կառավարման համակարգում աշխատող, հասարակական և միջազգային կազմակերպությունների բոլոր հայտնի իրավաբաններն իրենց  մասնագիտական կրթությունը ստացել են ԵՊՀ-ում: ԱրՊՀ ռեկտորը շնորհակալություն հայտնեց համագործակցության համար, որը տարբեր դրսևորումներ է ստացել: Պարբերաբար ստանում են մասնագիտական գրականություն, Գ. Ղազինյանն Արցախի մայր բուհի Գիտական տեղեկագրի խմբագրական խորհրդի անդամ է: Քանի որ ԱրՊՀ-ն չունի իրավաբանության գծով մասնագիտական խորհուրդ, շատ կարևոր է Հայաստաանի մայր բուհի գործուն աջակցությունը մասնագետների պատրաստման գործում` թեկնածուական ատենախոսությունների, թեմաների հաստատման և պաշտպանության հարցում, նշեց Մ. Մինասյանը, վստահություն հայտնելով, որ համագործակցությունն ավելի  գործուն տեսք կստանա:

Ակադեմիկոս Գ. Ղազինյանի խոսքով` այցի գլխավոր նպատակը ԱրՊՀ-ում և ընդհանրապես Արցախում իրավաբանական կրթությունը կայացնելն ու զարգացնելն  է: Հենց այդ նպատակն էր հետապնդում դեռևս 1990-ական թթ. իր առաջարկությամբ իրավաբանական կրթությունը բակալավրիական մակարդակով ԱրՊՀ-ում կազմակերպելը. ինչպես հայտնի է, մինչև 1995-96 թվականները իրավաբանական ֆակուլտետի սովորողները 2-րդ կուրսից հետո տեղափոխվում էին ԵՊՀ: ՙԵթե ուզում ենք, որ  իրավաբանական  կրթությունն Արցախում կայանա, պետք է գոնե բակալավրիատի մակարդակով ուսուցումը տեղում կազմակերպել: Մենք պատրաստ ենք այցելություններով, դասախոսություններով, մասնագետներով նպաստել դրան: Իսկ  4-րդ կուրսն ավարտելուց հետո լավագույն ուսանողները կարող են ԵՊՀ  մագիստրատուրայում, իսկ հետագայում նաև` ասպիրանտուրայում սովորել,  պաշտպանել, վերադառնալ համալսարան և  կայացնել  բարձագույն իրավաբանական կրթությունն Արցախում՚,-ասել էր Գ. Ղազինյանը: Ինչ-որ չափով դա ստացվեց: Սակայն ինչ-որ ժամանակ ինչ-ինչ պատճառներով այդ կապը թուլացավ: ՙՆորից եկել է մի պահ՝  զգացինք, որ այստեղ բովանդակային առումով անելիք ունենք: Նպատակը նույնն է` ուղղակի մեր կողմից անել բովանդակային ամեն ինչ,  որպեսզի մեր մասնագիտությամբ բարձրագույն կրթությունն Արցախում զարգանա՚- պարզաբանեց Գ. Ղազինյանը:

Այդ իմաստով այցը նաև ճանաչողական էր, քանի որ դասախոսների և ուսանողների հետ շփման միջոցով նպատակ կար  պարզելու, թե ինչով կարող են օգտակար լինել, ինչպես նպաստել գլխավոր խնդրի լուծմանը` իրավաբանական բարձրագույն կրթության զարգացմանը  ԱրՊՀ-ում և Արցախում՝ ընդհանրապես, հետևաբար և հանրության իրավագիտակցության բարձրացմանը:  ՙԻրավաբանությունն ամենապահանջված մասնագիտությունն է հանրային մասշտաբով` կենցաղից մինչև հանրային և պետական ամենաբարձր  աստիճանի հարաբերություններ: Եվ մանավանդ կայացող, նոր ստեղծվող պետության մեջ իրավունքի դերը նսեմացնել` հավասարազոր է ինքնասպանության՚,-ասաց Գ. Ղազինյանը: Այնուհետև նա տեղեկություններ հաղորդեց ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում կատարվող բարեփոխումների մասին, անդրադարձավ ՀՀ-ում կատարված  սահմանադրական բարեփոխումներին, իր տեսակետը հայտնեց Արցախում այդ առնչությամբ սպասվող փոփոխություններին: 

Գ. Ղազինյանն ու Ա. Վաղարշյանը պատասխանեցին նաև դասախոսների և ուսանողների հարցերին:  

 Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ