Լ. ՄԿՐՏՉՅԱՆ. ՙԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿԸ ՀԱՅ ՏԵՍԱԿԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ Է՚
Նոյեմբերի 1-ին ԱրՊՀ մեծ դահլիճում կրթության ոլորտի պատասխանատուների հետ հանդիպում են ունեցել ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և ՀՀ կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը։
Նախքան հանդիպումը՝ հյուրերը ԼՂՀ ԿԳՍ նախարար Սլավա Ասրյանի և ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանի ուղեկցությամբ ծաղիկներ են խոնարհել ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
Ողջունելով հայաստանյան գործընկերների աշխատանքային պարբերական այցերը Արցախի Հանրապետություն՝ նախարար Ս. Ասրյանը համոզմունք է հայտնել, որ դրանք նպաստում են Արցախում կրթության և գիտության ոլորտի զարգացմանն ու հայաստանյան փորձի տեղայնացմանը։
Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը ներկաների ուշադրությանն է ներկայացրել նախորդ հանդիպումից առ այսօր կրթության համակարգում իրականացված փոփոխություններն ու ազգային կրթահամակարգի գաղափարի ձևավորման նշանակությունը։ ՙԼինելով փոքր ժողովուրդ՝ մենք կարողացել ենք ստեղծել արժեքներ, որոնք հայի տեսակը շարունակելու իրավունք են տալիս՚,- նշել է նախարարը՝ հավելելով, որ ազգային կրթակարգի նպատակը հայ տեսակի շարունակականության ապահովումն է։ Նախարարի խոսքով՝ գոյություն չունեն միջազգային կրթական համակարգեր, այլ՝ միջազգային չափանիշներով կառուցված ազգային կրթական համակարգեր և ազգային դպրոց, որի գերխնդիրը միջազգային չափանիշներով մրցունակ ազգային կրթակարգ ստեղծելն է։ ՙՄենք պետք է ունենանք ազգային կրթակարգ, որտեղ պետության առջև ծառացած խնդիրներից պետք է բխեցվեն չափորոշիչները՚,- նկատել է տվել նա։
Լ. Մկրտչյանը հանդիպման ընթացքում իր մտահոգությունն է հայտնել բնագիտական առարկաների նահանջի վերաբերյալ։ Նախարարը կարծում է, որ հասարակության կողմից վերաբերմունքի կտրուկ փոփոխություն պետք է լինի այս առարկաների նկատմամբ, իսկ պետությունը պետք է կարողանա համապատասխան միջավայր ստեղծել։ Այս կապակցությամբ նախարարն առաջ է քաշել ցանցային համալսարանների գաղափարը։
Ինչ վերաբերում է գիտությանը, ապա ոլորտի թիվ 1 պատասխանատուի համար ընդունելի չէ աստիճանաշնորհման ներկայիս համակարգը։ ՙԳիտության թեկնածուներին պետք է հավասարեցնել մասնագիտության դոկտորներին, իսկ գիտության դոկտորի կոչում շնորհել՝ հաշվի առնելով ներդրումը գիտության այս կամ այն ոլորտում՚,- ասել է Լ. Մկրտչյանը։
ՀՀ կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Ն. Ղուկասյանը ոլորտի պատասխանատուներին ներկայացրել է ավագ դպրոցի 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացակարգը, համաձայն որի ուսումնական տարվա առաջին կիսամյակում՝ մինչեւ դեկտեմբերի 1-ը, ուսումնական հաստատության 12-րդ դասարանի աշակերտները պետք է գրավոր դիմեն հաստատության տնօրենին՝ հայտնելով 2-րդ կիսամյակում ուսումնասիրության համար իրենց կողմից ընտրված առարկաների ցանկը՝ ներառելով միասնական քննական առարկաները։
Խորհրդակցության ընթացքում մանկավարժները հանդես են եկել վերոնշյալ ընթացակարգի և հանրակրթությանն առնչվող մի շարք այլ խնդիրների վերաբերյալ հարցերով և առաջարկություններով։
ԱրՊՀ լրատվության բաժին