Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԵՍԹԵՐ

Նվիրում եմ Ժաննա Բաղունցին,

որի ընկերությանն  արժանացել  եմ երկար տարիներ:

Իր մահկանացուն կնքեց Ժաննա Բաղունցը։

Ոսկորները  կհանգստանան… 

 Ապրեց ուրիշների համար. ընկերոջ ու բարեկամի, ծանոթի թե անծանոթի։ Իր համար ժամանակ չունեցավ։ Կյանքում դադար չունեցավ։ Եթե մեկը պակասություն ուներ, օգնության կարիք ուներ, կողքին էր։ Բոլորի՝ ծանոթ է, թե օտարական։

Որովհետև բարի էր։

Նրան ուղեկցում էր քրիստոնեական պատգամը՝ ուրիշին տալիս էր ոչ  թե ավելցուկից, այլ իր ունեցածից։ Իր քիչ ունեցածից։

Միշտ   ունկնդիր  էր իր  սրտի ձայնին։ Իսկ սիրտը բարի էր։  Մանավանդ երեխաների հանդեպ՝ իր սաների։ 

Այն տեղը, որ կյանքում  զբաղեցնում էր Ժաննա Բաղունցը, այլևս  պակաս  կմնա։ Մինչդեռ կյանքը նման հոգիների պակասություն միշտ ունեցել է։ Հիմա տեղավորվել է երկնային վճռի պատյանում՝  Ժաննա Բաղունց  - 1934-2016։ Այսքանը։ 

Կրկնեմ փիլիսոփային՝ մարդկային, չափազանց մարդկային։

Այն խոսքը, որ տարիներ առաջ գրել էի, թող սփոփանք լինի և հիշատակ։ 

Մարդ ինչքան ցավեր ունի, գիշերը արթնանում է եւ հնարավոր չի լինում աչք փակել:

Հայացքս հառել եմ առաստաղին` ոչ կարողանում եմ քնել, ոչ էլ մտածել, կարծես մեկը ծանր շալակը դրել է մեջքիս ու կարգադրել` էս սարն ի վեր բարձրացիր: Ոտքերս պիտի զառիվերը հաղթահարեն, իսկ շալակս քաշում է թեք` լանջն ի վար: Տանջվում եմ:

Խելքս ինձնից բան չի կտրում, ինքս ինձ համար հնարած էդ անիմաստության նեղ մաջալին հանկարծ հիշում եմ դպրոցական ընկերներիս: Փորձում եմ մեկ-մեկ թվարկել: Մեկի անունն է միտս գալիս, ազգանունն եմ մոռացել, կամ ազգանունը հիշում եմ, անունը` ոչ:

Իսկ ովքե՞ր են կենդանի, ովքե՞ր են հեռացել կյանքից: Նեղսրտեցի, շատերից տեղեկություն չունեմ: Ինձ մեղավոր զգացի, եւ սիրտս կսկծաց: Շատ դժվար բան չի, չէ՞, հետաքրքրվել` իմանալ: Ամոթ չի՞ մի անծանոթ տեղ հանդիպես դպրոցական ընկերոջդ եւ անունը չհիշես, որ կանչես-խոսես:

Եսթերը կիմանա, բոլորի հետ կապ է պահպանում, անցավ մտքովս: Նայեցի ժամացույցին` ուշ է, անհարմար է զանգել: Իսկ հեռախոսի համարը գիտե՞ս` կշտամբեցի ինքս ինձ: Վճռական որոշեցի, որ վաղը կզանգեմ` ինչ տեղեկություն պետք է նրանից կիմանամ:

Հաջորդ օրը Եսթերը երեւաց, թոռան համար ինչ-որ գիրք էր խնդրում: Երեւի բիոազդանշաններ գոյություն ունեն: Վաղուց չէինք հանդիպել` խոսքի ընկանք, երկար հարց ու պատասխանից հետո հրաժեշտ տվեցինք իրար ու մոռացա համադասարանցիների մասին հարցնել: 

Սպասեմ հասնի տուն` զանգեմ: Բջջային հեռախոս չունի:

Հետո էլի խառնվեցի գործերի մեջ ու դարձյալ մոռացա: 

Մի քանի օր անց Եսթերը երեւաց: Սուրճ հյուրասիրեցի, չնայած նոր էի խմել, խնդրեցի մի բաժակ էլ ինձ համար բերեն: Եսթերը մի ցուցակ դրեց գրասեղանիս:

Լավ ձեռագիր ունի, իր ձեռագրով էր գրել:

- Մեր դասարանցիներն են, ում դիմացը խաչ է դրած, կենդանի չէ: 

Թռուցիկ նայեցի ցուցակին` այս ինչքա՛ն շատ խաչեր են, երկու հարցական, մնացածը` հատ ու կենտ:

- Եսթեր, կարո՞ղ է ես եմ խնդրել ցուցակ կազմել:

- Ես էի հետաքրքրվել, երեկոյան վերհիշեցի ու գրի առա: Մտածեցի, որ քեզ էլ կարող է հետաքրքրել:

Խաչ` այսինքն կյանքի ցիկլը ավարտված է, երկու թիվ գծիկով միացած: Ցուցակը շրջեցի:

- Տանը կնայեմ:

Տանն էլ չեմ նայի, ծանր կլինի:

Սուրճը բերեցին, շոկոլադի սալիկներ հայտնվեցին, բոլորը գիտեն իմ վերաբերմունքը Եսթերի նկատմամբ, իրենք էլ էին հատուկ  վերաբերվում: Նրա կյանքից որոշ բաներ էի պատմել, ասենք` Եսթերը միշտ էլ եղել է  մատչելի, շփվող անձնավորություն:

- Ավելի լավ է ուրախ բաներ հիշենք,- ասացի ես:

Եսթերը համաձայնեց:

- Եթե ձանձրալի չէ, դպրոցական կյանքից մի քանի բան պատմեմ:

Ու պատմեց.

- Երրորդ ՙգ՚ դասարանը երկու խմբի էր բաժանված, մեկի ղեկավարը Հովսեփյան Գեղեցիկն էր, մյուսինը` ես: Գեղեցիկը լեզվի եւ գրականության ուսուցիչ է, ես` ֆիզիկայի:

Մի օր Հովսեփյան Գեղեցիկը մի քանի տետր է դնում դեմս.

- Կարդա,- ասում է,- երեխաներին ազատ շարադրություն եմ տվել ազատ թեմայով` ՙԻնչ եմ ուզում դառնալ՚: Շատ հետաքրքիր գրավորներ կան, կարդա: Քեզ վերաբերողները դեղին գույնով նշել եմ:

Առաջինը բացեցի Մինասյան Հովիկի գրավորը:

ՙԵս ուզում եմ օդաչու դառնալ, որպեսզի ընկեր Եսթերին նստեցնեմ ինքնաթիռում ու Ստեփանակերտի վրայով երեք անգամ պտտեցնեմ՚:

Նայում եմ Գեղեցիկին ու չգիտեմ` լացեմ, թե ծիծաղեմ: Հոգիս իրոք լցվել էր: Այ չարաճճի Հովիկ, ինչքան բարի սիրտ ունես դու:

- Դու մյուսները կարդա,- բարի ժպտալով ասում է Գեղեցիկը:

Այս մեկն էլ Արեւիկի շարադրությունն է. ՙԵս ուզում եմ դպրոցն ավարտելուց հետո աշխատել, որ  ընկեր Եսթերի համար նոր գլխաշոր առնեմ՚:

Արտասուքներս չեմ կարողանում զսպել: Իրոք, գլխաշորս շատ հին էր, քանի անգամ ցանկացել եմ նորն առնել, բայց ամեն անգամ հետաձգել եմ` կարելի է յոլա գնալ:

Հաջորդ օրը դպրոց գնացի նոր գլխաշորով: Ընդմիջում էր, միջանցքում` երեխաների եռուզեռ: Աչքերով որոնում եմ Արեւիկին: Մեկ էլ զգացի մեկը թեւս բռնել է ու շոյում է: Արեւիկն է: Աչքերը լիքը ուրախություն ու գոհունակություն: Հիմա քաղաքային պոլիկլինիկայում է աշխատում, երկու սիրուն բալիկ ունի: Կյանքը, դժբախտաբար, հաջող չի դասավորվել, ամուսինը լքել է ընտանիքը, Էստոնիայում է ապրում: Վերջերս Տալինից զանգել է, ցանկացել է երեխաների հետ խոսել, տղան հրաժարվել է, աղջիկը հեռախոսը վերցրել է, բայց չի կարողացել խոսել, արտասուքները թույլ չեն տվել:

 

Արեւիկը ամեն ծննդյանս օրը հիշում է:

- Ընկեր Եսթեր, ես անկեղծորեն նախանձում եմ. թեման ես եմ առաջարկել, բայց երեխաները քո մասին են գրել: 

Չկարողացա որեւէ պատասխան գտնել ու լռեցի:

- Էս մեկն էլ կարդա,- Գեղեցիկը ինձ է մեկնում մեկ ուրիշ տետր:

ՙԵս ուզում եմ ուժեղ երկրաշարժ լինի, ընկեր Եսթերի տունը փլվի, ընկեր Եսթերը ապրելու տեղ չունենա, ես ասեմ` ընկեր Եսթեր, ուզում եմ, որ մեր տանը ապրես, եւ ընկեր Եսթերը գալիս է մեր տուն՚:

Գրողը մեր հարեւանի աղջիկն է եւ գիտի, որ մեր տունը խարխուլ վիճակում է ու մի կերպ ենք տեղավորվում մեկ սենյակում:

Է՛հ, մինչեւ հիմա էլ նույն մեկ սենյակն է:

Ամեն պատմություն փոքրիկ նովել է: Դրանք այնքան անսպասելի են, որ թվում է հնարած են: Դրանցից մեկը պատմեմ:

Երկու զուգահեռ դասարաններ վիճում են իրար հետ, թե որ դասարանի դասղեկն է ավելի լավ: Երկար վիճում են. իմ աշակերտները ինձ են գովում, վկայակոչելով տարբեր փաստեր, նույնն են անում մյուս դասարանցիները: Այդպես երկար վիճեցին, մինչեւ հակառակ դասարանի աշակերտներից մեկն ասաց.

- Իսկ մեր դասղեկ ընկեր Ղուկասյանը ՙԿրասնի Մոսկվա՚ է օգտագործում:

Իմ երեխաները անակնկալի են գալիս ու չեն կարողանում պատասխանել: Վիճակից դուրս գալու համար որոշում են ինձ համար ՙԿրասնի Մոսկվա՚ առնել, յուրաքանչյուրից տասնհինգ կոպեկ են հավաքում ու դնում իմ պայուսակում: Երեկոյան պայուսակս բացում եմ ու մի շորի մեջ փաթաթած տասնհինգ կոպեկանոցներ` այնքան, ինչքան դասարանում աշակերտ կա: Հաջորդ օրը հարցնում եմ.

- Երեխաներ, այս տասնհինգ կոպեկանոցները ինչո՞ւ եք հավաքել ու դրել իմ պայուսակում:

Դասարանում քար լռություն է տիրում: Դասարանի ավագը սիրտ է անում եւ ամեն ինչ պատմում ու խնդրում, որ մի սրվակ ՙԿրասնի Մոսկվա՚ առնեմ եւ օգտագործեմ:

Գումարը տալիս եմ ավագին, որ երկար դասամիջոցին կարկանդակ գնի եւ բաժանի երեխաներին:

- Ես, սիրելի երեխաներ, օծանելիք չեմ օգտագործում, որովհետեւ ալերգիա ունեմ: Իսկ մարդու արժանիքը չի կարելի որոշել գեղեցիկ հագուստով կամ թանկագին օծանելիքով:

 Աշակերտների հաշվով իմ բախտը բերել է: 

Մինչեւ հիմա էլ հարաբերություններս պահպանում եմ նրանց հետ: Մեկ էլ տեսար, տան դուռը ծեծում են: Ներս են մտնում մի խումբ նախկին աշակերտներ, սեղան բացում եւ ուրախ քեֆ ենք անում: Սովորաբար դա լինում է ծննդյանս օրը: Պատմեմ մի դեպք:

Երեկոյան դպրոցում իննը տարի դասավանդել եմ: Խստաշունչ մի ձմեռ աղջիկս մրսել էր ու հիվանդացել: Վառելափայտը վերջացել էր, նավթավառով էինք յոլա գնում: Մի օր բեռնատար ավտոմեքենան կանգնում է մեր դռանը: Գիշերօթիկի տղաները մի ամբողջ բեռնատար լիքը վառելափայտ էին բերել: 

Այդ ամբողջ փայտը կտրեցին, դարսեցին ու գնացին: Փորձեցի վարձահատույց լինել: Տղաներից մեկը անտառտնտեսությունում էր աշխատում, մյուսը վարորդ էր, մնացածները, ինչպես իրենք ասացին` ձրի բանվորական ուժ էին: Էդ վառելափայտով երկու ձմեռ յոլա գնացինք: 

Աշակերտների հաշվով իմ բախտը բերել է,- նորից կրկնեց: 

Սիրելի ընկեր Եսթեր, այդպես էլ չկարողացար թեկուզ մի քիչ քեզ համար ապրել: Հավատացյալ չես, բայց ապրում ես քրիստոնեաբար: Բացեցի Տոլստոյի հատորներից մեկը եւ կարդացի ընդգծված տողերը.

- Իմաստուն ծերունին ասում է, որ մարդ պետք է ապրի մարդկանց համար եւ ավելի լավ է Աստծո համար:

Իսկ ընդհանրապես ասած, եթե աղքատը իմանա, որ չի հարստանալու, սիրտը կճաքի:

Ես գիտեմ, որ Եսթերը հավատացյալ չի, բացում եմ մշտապես գրասեղանիս դրած Աստվածաշունչը եւ կարդում Լեռան քարոզներից մեկը.

ՙԵրանի նրանց, որ քաղցած են այժմ, որովհետեւ պիտի հագենան՚:

- Կրոնական հորդոր է եւ պիտի ասել, հոգեկան հանգստություն է բերում: Բայց դու գիտես, որ Աստվածը եւ հավատը, մասնավորապես կրոնը չեմ նույնացնում: Մի դեպքում Քրիստոսը, մի այլ դեպքում Մուհամեդ Մարգարեն փորձել են Աստծուն, որն Արարիչն է ամեն ինչի, իրենց դավանաբանական նպատակներին օգտագործել:

Ես ցանկանում եմ հակաճառել, բայց որպեսզի թեման չխորացվի, Եսթերը բարձրանում է տեղից.

- Մի պարապ ժամանակ կանդրադառնանք:

- Շատ ճիշտ նկատեցիր` պարապ ժամանակ:

Կես կատակ-կես լուրջ հրաժեշտ տվեցինք, խոստանալով զրույցը հաջորդ անգամին թողնել:          

      

Մաքսիմ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Նվիրում եմ Ժաննա Բաղունցին,

որի ընկերությանն  արժանացել  եմ երկար տարիներ:

Հունիս,  2011թ.