Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ

ԼՂՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը վերջերս հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների նախագիծը, որի դրույթները հանրությանը ներկայացնելու, կարծիքներ և առաջարկություններ լսելու նպատակով քննարկումներ են ընթանում հանրապետության բոլոր շրջաններում և խոշոր համայնքներում։ 

 Նոյեմբերի 14-ին սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները  հանդիպումներ սկսեցին Ասկերանի շրջանում։ Քննարկումների մեկնարկը տրվեց Պատարայի համայնքից, այնուհետև հանդիպումները շարունակվեցին Նորագյուղում, իսկ նոյեմբերի 15-ին՝ Շոշ և Ասկերան համայնքներում։ 

Խորհրդակցություններին մասնակցում էին սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ՝ ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, գլխավոր դատախազի տեղակալ Արամայիս Ավագյանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արայիկ Լազարյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը։

Նարինե Նարիմանյանը ներկաներին տեղեկացրեց, որ նախագիծը մշակվել է հանրապետության Նախագահի հավանությանն արժանացած հայեցակարգի շրջանակներում։ Ապրիլյան իրադարձությունների պատճառով այս կարևոր գործընթացի համար նախանշված ժամկետը երկարաձգվել է, և վերջին երեք ամիսների ընթացքում բազմաթիվ քննարկումներից հետո արդյունքը ներկայացվում է հանրության դատին։

Ներկայացնելով նախագծային փոփոխությունները՝ Ն.Նարիմանյանը նշեց, որ բոլորս էլ տեղյակ ենք, որ քաղաքական դաշտի ղեկավարները նախապատվությունը տալիս էին խորհրդարանական կառավարման մոդելին, քանի որ մեկ տարի առաջ ՀՀ-ում իրականացված բարեփոխումների արդյունքում այդ ձևն է հավանության արժանացել։ Սակայն մեր հանրապետությունում իրադարձություններն ու կյանքի նոր հրամայականները հուշեցին, որ հասարակության մեջ գերակայում է կենտրոնաձիգ իշխանություն ունենալու գաղափարը։ Մայր օրենքը կոչվելու է Արցախի Հանրապետության Սահմանադրություն, սակայն Լեռնային Ղարաբաղ անվանումից չենք հրաժարվում, այդ անվանումները նույնական են։ 

ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահը ներկայացրեց նախագծի կառուցվածքը, նախկինի պես այն ևս բաղկացած է 12 գլխից։

Խոսելով հանրային քննարկումների կարևորության մասին՝ հանձնաժողովի անդամները նշեցին, որ դա քարոզչություն չէ, այլ հանրության կարծիքները, առաջարկությունները, դիտողությունները լսելու փորձ։ 

Հանդիպումների ընթացքում Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները պատասխանեցին ներկաների հարցերին և տվեցին պարզաբանումներ։ Հնչեցված հարցերը կապված էին Նախագահի անձեռնմխելիության բնույթին, համայնքային ընտրություններին և Քաղաքացիության մասին օրենքին, ինչպես նաև որոշ գյուղերի վերացման վտանգին։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ