[ARM]     [RUS]     [ENG]

ՄՆՋԱԽԱՂԸ` ԱՐՎԵՍՏԻ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԵՎ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԼԵԶՈՒ

Արդեն մեկ ամիս է, ինչ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ մայրաքաղաքում անց են կացվում մնջախաղի պարապմունքներ:

Արվեստի անսովոր այս տեսակը հազվագյուտ երևույթ է, չափազանց հետաքրքիր և ցանկացած խավի համար մատչելի: Պարապմունքները վարում է մնջախաղի գերմանացի մասնագետ Արթուր Բլոխը: Հետաքրքիր հոգեվիճակի և հազվագյուտ մասնագիտության տեր այս երիտասարդին հրավիրել են Հայաստան` Երևանի մնջախաղի թատրոնի հետ համագործակցելու: Թատրոնի տնօրեն Ժիրայր Դադասյանն իր հերթին առաջարկեց նրան աշխատել Ստեփանակերտում, ղեկավարել վաղուց նախագծած ծրագիրը` մնջախաղի պարապմունքներ անցկացնել խուլուհամրերի, ինչպես և տեղի դերասանների հետ: 

Նախաձեռնությունն այս բոլորովին նոր երևույթ է մեր մշակութային կյանքում: Եվ անշուշտ, խուլ ու համր այդ մարդկանց համար արվեստի միջոցով հասարակությանը ինտեգրվելու հրաշալի հնարավորություն է: Անգամ մեկ պարապմունքը, որին ես ներկա եղա, վկայեց թե՜ խմբի մասնակիցների հետաքրքրությունն արվեստի այս ճյուղի հանդեպ, և թե՜ այս արվեստի տեսակում կարծես թաքնված նրանց կարողությունները: Խմբի ղեկավարը  երկժամանոց պարապմունքի կեսը նվիրում է զանազան, առաջին հայացքից՝ անհեթեթ վարժությունների  յուրացմանը: Երկրորդ կեսը հատկացվում է փոքրիկ ներկայացումների հանպատրաստից բեմադրությանը, որի ընթացքում ի հայտ են գալիս թե՜  յուրացրած վարժությունները, թե՜ մասնակցի ներուժը՝ կարողանալ մարմնի պլաստիկայով, դեմքի միմիկայով մարմնավորել կերպարը, այն հնարավորինս վառ արտացոլել: Եվ ինչն էր հետաքրքիրը. մասնակիցները` թե՜ խուլուհամր,  թե՜ սովորական լսողությամբ, հավասարվում էին մենահարթակում` փորձելով արվեստի այս տեսակի լեզվով իրար հետ հաղորդակցվել, միասին ստեղծել համոզիչ կերպարներ: Եվ բավարարվածության ինչպիսի՛ զգացում էին ապրում և՜ ղեկավարը, և՜ խմբի մասնակիցները։ Հիրավի, մնջախաղի լեզուն համապարփակ է: Այն ի զորու է մարդու հոգու խորքում թաքնված ներուժը  բացահայտել. ներուժ, որով Աստծուց օժտված է ամեն մարդ, պարզապես հրաշագործ  մեկը պետք է, որի ամենակարող ձեռքերում այդ ամենն իրողություն է դառնում: 

Մնջախաղի դերասան Արթուր Բլոխի և նրա ընկերուհի, գեղանկարչուհի Անուշ Ղազարյանի հետ հանդիպեցինք հենց պարապմունքի սրահում: Անուշն ուղեցույց աստղն էր: Երկուսի անգլերենի իմացությունը հնարավորություն է տալիս  պարապմունքը վարել արդյունավետ, թեկուզ և խոսելու անհրաժեշտություն  անքան  էլ չի լինում: Նա ամբողջությամբ պարապմունքի մեջ է և ցանկացած լեզվական խոչընդոտ հաղթահարում է հեշտությամբ` իր թեթև ու անկաշկանդ պահվածքով ստեղծելով բարենպաստ մթնոլորտ: Ահա և մեր դեպքում նա սիրով համաձայնվեց թարգմանչի դերում հանդես գալ:

- Արթուր,  նախ՝ ներկայացեք, խնդրեմ։ Եվ ապա՝  ինչպե՞ս մնջախաղը Ձեզ համար  դարձավ ընտրություն, կյանքի իմաստ:

- Ես 28 տարեկան եմ, մասնագիտությամբ՝ դերձակ։ Բայց իմ մասնագիտությունն ինձ դուր չէր գալիս: Ուզում էի դառնալ ծաղրածու: Սկսեցի որպես սկիզբ պարապել մնջախաղով:

- Ինչ-որ թատրոններում խաղացե՞լ եք որպես մնջախաղի դերասան, թե՞ դա Ձեզ համար զբաղմունք է, որի մեջ ցանկանում եք անընդհատ կատարելագործվել:

- Ոչ մի թատրոնում չեմ խաղացել: Խաղում էի միայն այն դպրոցի թատրոնում, որտեղ ձգտում էի մնջախաղին տիրապետել: Եվ մասնակցել եմ Վարշավայում անցկացված փառատոնին:

- Իսկ ի՞նչ դպրոց եք ավարտել:

- Բեռլինի մնջախաղի մասնավոր դպրոցը…

- Ինչո՞ւ մասնավոր, պետական կրթօջախներում չկա՞ արվեստի այդ տեսակի դասավանդումը: Եվ եթե ոչ՝ ինչո՞վ է դա պայմանավորված. գերմանացիները չե՞ն սիրում մնջախաղը:

- Լավ հարց է: Ես էլ կուզենայի իմանալ՝ ինչու: Պատմականորեն արվեստի այս տեսակը զարգացում չի ունեցել: Թեկուզ և թատերարվեստում Գերմանիայի Արևմտյան և Արևելյան հատվածները էապես տարբերվում են: Ինչպես արվեստի այլ ճյուղերում, այնպես էլ թատերարվեստում ամեն ինչ փողի վրա է հիմնված: Կարողանում ես տվյալ արվեստի մեջ փող վաստակել՝ այդ արվեստը գոյություն ու զարգացում է ունենում: Իսկ եթե ոչ, ուրեմն այն չի կարող գոյատևել: Գուցե դա է պատճառը, որ պետական կրթօջախներում մնջախաղը չի դասավանդվում: Իսկ մենք ընկերներով հետաքրքրվում ենք, թե Եվրոպայում որտեղ են անցկացվում մնջախաղի փառատոները, հովանավորներ ենք գտնում, որպեսզի կարողանանք մասնակցել: Բայց պետական հովանավորություն մնջախաղը չի ստանում Գերմանիայում:

- Այս իրավիճակում, այնուամենայնիվ, ինչպե՞ս Ձեր մեջ ծնվեց ձգտումը դեպի մնջախաղը:

- Շատ քիչ բան գիտեի արվեստի այդ ճյուղի մասին: Ընկերներիս միջոցով ծանոթացա: Սկսեցի խորանալ: Եվ որքան խորանում էի, այնքան լավ էի զգում մնջախաղի պոեզիան:

- Շատ լավ ասացիք: Իսկ ինչպե՞ս է արտացոլվում մնջախաղի պոեզիան:

- Գիտեք, որքան խորացել եմ, այնքան զգացել եմ, որ բնության հետ սերտ կապ, ընդհանրություններ ունի արվեստի այդ տեսակը: Ասենք, փողոցով անցնելիս տեսնում ես ծառից կախված տերևը թրթռում է քամուց, էսա հա՛ կպոկվի, ու վերջապես պոկվում-թռչում է: Տեսնում ես երկու հակասական զգացմունք. տերևը ուզում է և՜ մնալ ծառի ճյուղին, և՜ պոկվել, ճախրել, ազատվել մայր ճյուղից… Շատ հոգեհարազատ է մնջախաղին, երբ մարմնով, դեմքի խաղով ուզում ես արտացոլել մարդուն բնորոշ հակասական զգացմունքները:

- Կարելի է ասել, որ մնջախաղը մարմնի միջոցով արտացոլված մեղեդի՞ է:

- Այո,  դուք ևս շատ լավ ասացիք:

- Անցնենք ղարաբաղյան թեմային: Ինչպե՞ս ստացվեց այս ծրագրում աշխատանքը:

- Ընկերներս ինձ հրավիրեցին Հայաստան, որտեղ և ծանոթացա պարոն Դադասյանի հետ: Նա պատմեց, որ Ղարաբաղում նախաձեռնվում է այսպիսի մի ծրագիր, և առաջարկեց աշխատել: Ես էլ սիրով համաձայնվեցի:

- Ինչպե՞ս են ընթանում պարապմունքները, ինչպիսի՞ արդյունավետությամբ: Որքան տեղյակ եմ, խմբում կան և՜ խուլուհամր մարդիկ, և՜ դերասաններ, պարողներ:

- Բավականին հաջող, եթե չհաշվենք, որ քիչ-ինչ կարգապահությունն է պակասում: Այո, խմբում կան և՜ խուլուհամրեր, և՜ դերասաններ, պարողներ։ Եվ ես միացյալ պարապմունքներ էի վարում: Բայց արդեն պահն է եկել բաժանվելու երկու խմբի և առանձին շարունակել դրանք:

- Ինչո՞ւ եկաք այդ եզրակացության:

- Տարբեր ձգտումների առկայություն կա: Դերասաններն ու պարողները ցանկանում են խորանալ բեմադրության դրամատուրգիայի մեջ, իսկ խմբի խուլուհամր մասնակիցները՝ դերասանական վարպետության մեջ:

- Իսկ ամեն մի խմբի հետ պարամունքները կավարտվեն բեմադրություններո՞վ, թե՞ պարզապես վարժությունների կատարելագործմամբ:

- Դա պայմանավորված կլինի թե՜ առաջին և թե՜ երկրորդ խմբերի մասնակիցների պատրաստվածության մակարդակով: Ինչքան բարձր, այնքան բեմադրության հավանականությունը՝  մեծ ու իրական:

- Ծրագիրը մինչև ե՞րբ կտևի:

- Մինչև փետրվար ամիսը: Բայց եթե արդյունավետ ավարտվեն այդ մի քանի ամսվա պարապմունքները, Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը կշարունակի ծրագրի ֆինանսավորումը:

Դե ինչ,  հաջողություն մաղթենք Արթուրին և իր ղեկավարած խմբի բոլոր մասնակիցներին՝ Արցախում մնջախաղի հիմնման ու զարգացման գործում, և հուսանք, որ նրանք  այնքա՛ն կկատարելագործվեն, որ մի գեղեցիկ օր կհամարձակվեն բեմ բարձրանալ և յուրատեսակ այս արվեստի  հմայքը փոխանցել հանդիսատեսին։ 

 

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ