Logo
Print this page

ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

Արցախի գիտական կենտրոնի գիտխորհրդի դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգում ընդգրկված առանցքային հարցերը ԼՂՀ  պետբյուջեի միջոցներով իրականացվող՝ գիտական թեմաներով կատարած աշխատանքների ամփոփիչ հաշվետվություններն էին, ինչպես նաև` ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության կողմից 2016թ. հայտարարված՝ Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական թեմաների մրցույթին ներկայացված հայտերը:

Նիստին, որ վարում էր Կենտրոնի տնօրեն Ստեփան Դադայանը, մասնակցում էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը և նույն հանձնաժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը, ԿԳՍ փոխնախարար Արմեն Սարգսյանը։ 

Մինչ հաշվետվություններին անցնելը՝ Ս. Դադայանն իր նկատառումները ներկայացրեց ԼՂՀ նոր Սահմանադրության նախագծի մասին։ Անշուշտ, կան դրույթներ, որոնց վերաբերյալ գիտխորհրդի անդամներից յուրաքանչյուրն ունի իր տեսակետը, բայց, ընդհանուր առմամբ, ներկաները միակարծիք էին նոր Սահմանադրություն ունենալու հարցում։ Ըստ Ս. Դադայանի, հիրավի, կան երկրներ, որոնց Մայր օրենքը 100 և ավելի տարիների պատմություն ունի, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատերազմող երկիր ենք, մենք պետք է կարողանանք ի մի բերել մեր քաղաքական, ռազմական, տնտեսական հարցերը և դրանք ամրագրել պետության գլխավոր փաստաթղթում։ 

Նիստի մասնակիցները  լսեցին չորս ամփոփիչ հաշվետվություն՝ հետևյալ  թեմաներով. ՙՇուշիի տեղն ու դերը հայոց քաղաքակրթական համակարգում՚ (թեմայի ղեկավար՝ Վահրամ Բալայան), ՙՂարաբաղի բարբառի դարձվածաբանական բառարան՚ (ղեկավար՝ Արմեն Սարգսյան), ՙԼՂՀ տարածքում սողանքների առաջացման վտանգավորության ու ռիսկի գնահատումը և դրանց քարտեզագրումը՚ (ղեկավար՝ Վիլեն Սաֆարյան), ՙՌազմական շինարարությունն Արցախում 1991-2006թթ.՚ (ղեկավար՝ Մհեր Հարությունյան)։ Այս թեմաներն արդեն ավարտման փուլում են, և համապատասխան եզրակացությունից հետո կուղարկվեն ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարություն։

Ներկայացնելով ՙՇուշիի տեղն ու դերը հայոց քաղաքակրթական համակարգում՚ գիտական թեմայի մասին հաշվետվությունը՝  Վահրամ Բալայանն անդրադարձավ ընթացիկ տարվա հունվարի 1-ից առ այսօր կատարված աշխատանքներին։ Թեմայի ղեկավարի խոսքով՝ Շուշին հայոց բազմադարյա պատմության մեջ իր յուրովի տեղն ու դերն ունի, քաղաք, որը 19-րդ դարում ժամանակակիցներն անվանել են փոքր Փարիզ և որը, ցավոք, ավերվեց 20-րդ դարում։ Այս ամենի մասին բազմաբովանդակ նյութեր կան կուտակված Հայաստանի ազգային արխիվում, ինչպես նաև՝ ԼՂՀ և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության (ՀՃՈՒԿ) արխիվներում, ՀՀ Ազգային գրադարանում, ՀՀ ԳԱԱ հիմնարար գրադարանում և համացանցում։ Փորձ է արվել նաև որոշ նյութեր հայթայթել Վիեննայի և Վենետիկի, Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի արխիվներից։ Եթե Վիեննայի  ու Վենետիկի արխիվներում նյութեր քիչ են պահպանվել, ապա Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի արխիվներում եղած նյութերի մի մասը հրատարակվել է ՙԿավկազսկի կալենդար՚-ի համարներում և առանձին ժողովածուներում։ ՙԻմ առջև խնդիր էր դրված հնարավորինս ներկայացնել այս քաղաքի պատմությունը։ Երկու տարին քիչ ժամանակահատված է խորապես ուսումնասիրելու տարբեր երկրների մամուլում տպագրված նյութերը։ Այնուամենայնիվ՝ փորձել ենք հնարավորինս շատ փաստեր հավաքագրել և մոտ 2 հազար էջ նյութ ունենք, որը 36 մամուլ ընդգրկող  գիրք կարող է դառնալ։ Հավաքագրվել են նաև բազմաթիվ լուսանկարներ՚,-ասաց թեմայի ղեկավարը։ Նրա իրազեկմամբ՝ գիրքը նախատեսված է հրատարակել մինչև 2017թ. Մայիսի 9-ը՝ Շուշիի ազատագրման 25-ամյակը։

ՙՂարաբաղի բարբառի դարձվածաբանական բառարան՚ գիտական թեման իրականացվել է  2015-2016թթ., որի համար, ըստ ղեկավար Արմեն Սարգսյանի, նախապես մշակվել էր համապատասխան ծրագիր։ Վերջինիս կետերն ամբողջությամբ կատարվել են։ Թեմայի վերջնաարդյունքում խմբագրված ու պատրաստ է հրատարակման 567-էջանոց (շուրջ 50 տպագրական մամուլ) ՙՂարաբաղի բարբառի դարձվածաբանական բառարան՚-ը, որը նվիրված է ԼՂՀ հռչակման 25-ամյակին։      

ՙԼՂՀ տարածքում սողանքների առաջացման վտանգավորության ու ռիսկի գնահատումը և դրանց քարտեզագրումը՚ թեմայի ղեկավար Վիլեն Սաֆարյանը տեղեկացրեց, որ իրականում այս ուղղությամբ ոչ թե 1-2, այլ՝ 8-10 տարվա հսկայածավալ աշխատանքներ են պահանջվում։ Արցախի մի շարք համայնքներում քարտեզագրվել են սողանքները, հաշվարկներ են կատարվել դրանց պատճառած վնասի վերաբերյալ։ Գիտական խումբն այս ուղղությամբ աշխատանքներ է իրականացրել մասնավորապես Հադրութի շրջանի Վարդաշատ, Մարտունու շրջանի Աշան և ՆՆգի բնակավայրերում։ Առանձնացվել են Խոնաշենի և Վարանդայի հովիտները, որտեղ սողանքներն առավել ակտիվ են՝ կապված երկրաբանական կառուցվածքի և բնակչության տնտեսական գործունեության հետ։ 

ՙՌազմական շինարարությունն Արցախում 1991-2006թթ.՚ գիտական թեմայի ղեկավար Մհեր Հարությունյանը մանրամասնություններ հաղորդեց  թեմայի կատարման ընթացքի վերաբերյալ՝ ներկայացնելով բոլոր չորս փուլերը։ Նրա խոսքով՝ կատարված ուսումնասիրությունները հաստատել են, որ Արցախում ռազմական շինարարության պատմությունը դեռևս հատուկ ուսումնասիրության նյութ չի դարձել։ Արցախի ազատագրական պայքարի մասին գրված գրքերում ու հոդվածներում հեղինակները հիմնականում անդրադարձել են ռազմական գործողություններին, առանձին գործիչների, հակամարտության իրավաքաղաքական տեսանկյուններին ու կարգավորման գործընթացին։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առաջադրված գիտական հիմնախնդիրն առաջին անգամ է հատուկ ուսումնասիրության նյութ դառնում։

Ներկայացված հաշվետվությունները գիտխորհրդի անդամների կողմից ընդունվեցին ի գիտություն՝ դրանք համարվելով ավարտված։ 

Նիստի որոշմամբ՝ գիտական թեմաների ղեկավարներին հանձնարարվեց ամփոփիչ հաշվետվությունները սահմանված ժամկետում ներկայացնել ԼՂՀ ԿԳՍ նախարարությանը։ Որոշման մեկ այլ կետով նրանց հանձնարարվում է ապահովել նախատեսված աշխատանքների հրապարակումը. ըստ սահմանված կարգի ՝ արդյունքում դրանք պետք է ներկայացվեն Արցախի գիտական կենտրոնին։ 

Ամփոփելով նիստի աշխատանքները՝ Ս. Դադայանն ասաց, որ Արցախի գիտական կենտրոնում իրականացվող՝ տարբեր բնագավառներ ընդգրկող բոլոր գիտական թեմաներն էլ մեր երկրի համար կարևոր են։            

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.