[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐԳԱՍԱԲԵՐ ՃԱՆԱՊԱՐՀ

Գրիգոր  Նարեկացի՚ համալսարանն իր 20¬ամյակը նշեց գիտաժողովով  

 Ստեփանակերտի ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանը 20 տարեկան է: Բուհի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանի խոսքով` դա իրենց համար պայծառ տարեթիվ է և, միմյանց  շնորհավորելով հանդերձ` աշխատում են  այն նշել արդյունավետ գործերով ու նախաձեռնություններով և պատվով դուրս գալ իրենց առաջ ծառացած մարտահրավերներից: 

Հոբելյանի կապակցությամբ անցկացվեց գիտաժողով: Բացման խոսքում Վ. Հակոբյանն անդրադարձավ ընդհանրապես համալսարաններին` որպես երևույթի և մասնավորապես` հայոց աշխարհի համալսարաններին: Նրա համոզմամբ` կրթությունը և գիտությունը հայ իրականության մեջ պետք է լինեն անգերազանցելի, անմրցակից: Դրանում է մեր փրկությունը,  քանզի շրջապատված լինելով թշնամական տերություններով, չունենալով  բնական հարստություններ՝ մենք  մեր ներուժը պիտի բազմապատկենք գիտության հաշվին: Այդպես վարվել են նաև հրեաները և հասել մեծ հաջողության: 

Բանախոսը հայացք նետեց նաև ամերիկյան համալսարաններին: Աշխարհում վարկանիշային առումով լավագույն բուհերի 70 տոկոսը բաժին է ընկնում ԱՄՆ բուհերին, ընդ որում` առաջին տասնյակում գտնվող բուհերից միայն մեկն է պետական: Բուհի առաջնակարգության չափանիշներն աշխարհում որոշվուն են ոչ թե  պետական կամ ոչ պետական կարգավիճակով, այլ երեք չափանիշներով` դասավանդման որակ, շրջանավարտների պահանջվածության աստիճան, գիտական նորույթների, գյուտերի առկայություն և դրանց կիրառելիություն իրականության մեջ: Ըստ նրա` այս չափանիշներով մոտենալու դեպքում հայկական բուհերի գործունեությունն այնքան էլ լիարժեք ու արդյունավետ չէ։  Բանախոսի տեսակետով ` ՀՀ կրթության և գիտության  նախարարի  նոր մոտեցումները, մասնավորապես` ՙԿրթության մասին՚ օրենքի նոր նախագծի դրույթները, ըստ որի խրախուսվում են ավելի ազատ, ինքնուրույն համալսարանները, թարմություն կմտցնեն բուհական համակարգում: ՙՎերադառնանք մեր արմատներին: Մեր տեսլականում ունենանք Հարվարդի, Գլաձորի, Տաթևի համալսարանները, ուստի ձգտենք հասնել  այդ կրթական բարձր մակարդակին՚,- ասաց նա: 

ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանի անցած 20-ամյա ուղին ներկայացրեց բուհի դասախոս, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգորի Հարությունյանը: Ըստ նրա`  համալսարանն իր 20-ամյա պատմության ընթացքում անցել է բեղմնավոր ճանապարհ, էական ներդրում կատարել մեր հանրապետության սոցիալ-տնտեսական, քաղաքական ու կրթամշակութային կյանքում: Ժանակագրական առումով բանախոսը բուհի պատմությունը  երեք փուլերի բաժանեց` անցումային  (1996-2000թթ.), կայունացման  (2000-2002թթ.),

կայացման  (համալսարանի գիտակրթական համակարգում բովանդակային բարեփոխումների իրականացման փուլ): Առաջին երկու փուլերում համալսարանն ուներ պետական արտոնագրման, երրորդ  փուլում` պետհավատարմագրման կարգավիճակ: Այնուհետև Գ. Հարությունյանը  համառոտակի բնութագրեց յուրաքանչյուր փուլում համալսարանի ձեռքբերումները  գիտակրթական գործընթացների զարգացման հիմնախնդիրների իրականացման գործում: Բանախոսի կարծիքով` կրթական բարեփոխումների իրականացման ընթացքում որակյալ կադրեր պատրաստելու համար  համալսարանն այսօր ունի համապատասխան պայմաններ` նյութատեխնիկական բազա, նորակառույց երկրորդ մասնաշենք, հարմարավետ լսարաններ, ՏՏ համակողմանի օգտագործման հնարավորություն և այլն։ Համալսարանի զարգացման ռազմավարական ծրագրում մեծ տեղ է հատկացվում համակարգի բարեփոխումներին: Նրա վկայությամբ` բուհի զարգացման շարժիչ ուժը միայն իրեն ներհատուկ եռաչափ որակն է` կրթության, գիտության և մշակույթի համադրումը, ինչն էլ համալսարանական կրթության արդիականացման և բարձր վարկանիշի երաշխիքն է: ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանն իրավունք ունի հպարտանալու իր պատմությամբ, բոլոր տարիներին համալսարանում դասավանդած կրթության, գիտության, մշակույթի մեծ երախտավորներով: ՙԻր 20-ամյա հոբելյանը համալսարանը նշում է լուրջ ձեռքբերումներով, որոնք, սակայն, չեն կարող ինքնահանգստացման առիթ հանդիսանալ: Դրանք ավելի շատ պարտավորեցնող են, 20-ամյակը անցածը վերաիմաստավորելու առիթ  է, ինչը նաև պարտավորեցնում է վստահության ու հավատով ներշնչվել ապագայի նկատմամբ՚,-եզրափակեց Գ. Հարությունյանը: 

Գիտաժողովի ծրագրում ընդգրկված էին մի շարք թեմաներ: ԼՂՀ Նախագահի աշխատակազմի Անվտանգության խորհրդի աշխատանքների ապահովման բաժնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Ավետիք Հարությունյանը ներկայացրեց ԼՂՀ Սահմանադրության արժեբանական առանձնահատկությունները, սահմանադրական բարեփոխումների էությունը: 

ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության   մասնագիտական կրթության   և գիտության բաժնի պետ, հոգեբանական գիտությունների թեկնածու Լուսինե Ղարախանյանը կարևորեց  ազգայինի պահպանումը համալսարանում: Ըստ նրա՝  բարձրագույն կրթության մեջ համաշխարհայնացման  ստեղծած խորշերը պետք է լցնել ազգային  ինքնատիպությամբ ու տեսակի պահպանման արժեքներով: ՙՄենք համահարթեցումը կանխող ազգ ենք և գլոբալիզացիային կարող ենք տալ ինչ-որ բան, և դա հիմնված պետք է լինի ազգային արժեքների վրա՚,-համոզված է նա: Որպես ԿԳՍ նախարարության  ներկայացուցիչ` նա վկայեց, որ  ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանը բնականոն զարգացման մեջ է: 

Գիտաժողովում ՙԳրականության դերը գիտակրթական համակարգում՚ թեմայով  հանդես եկավ բուհի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու  Ամալյա Գրիգորյանը: Նրա խոսքով` գրականության  առաջնակարգությունն անհատի կազմավորման ու զարգացման, բարոյական, հոգևոր, բարձր արժեքների յուրացման, ինչպես նաև աշխարհայացքի ձևովորման մեջ է: Առանց գրականության չկա դաստիարակություն, գրականությունը սերունդներին կրթում է ազգային ոգով, հումանիզմի գաղափարներով: Այն ժողովրդավարական բարքերի, մտքերի, մշակույթի և մտածողության հոգեկերտվածքի կրողն ու սերնդեսերունդ փոխանցողն է:

ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանին կից գործում է քոլեջ:  Համալսարանի ուսումնական մասի վարիչ Զարինե Կարապետյանը կարևորեց միջին մասնագիտական կրթության ոլորտում ինովացիոն գործընթացները: Նրա կարծիքով`  ուսումնական հաստատությունը շատ անելիքներ ունի և գործունեության երկար ճանապարհ պիտի անցնի, որպեսզի  ինովացիոն գործընթացները լայնորեն մուտք գործեն ուսումնադաստիարակչական համակարգ,  իրականացվի բարեփոխումների մի ողջ ծրագիր` նպաստելու ապագա մասնագետների`  անձի համակողմանի և ներդաշնակ ձևավորմանն ու դաստիարակությանը:

Նախազորակոչային և ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ Կարեն Աբրահամյանի կարծիքով` բուհ-բանակ-հասարակություն փոխհամագործակցության ոլորտում 

անելիքներ շատ կան և նոր  մոտեցումներ են պետք, հատկապես բուհի և նրան ամրակցված զորամասի համագործակցությունը ցանկալի մակարդակի վրա դնելու համար: 

Կրթության նկատմամբ ակնածանքի դրսևորումը արցախյան լեզվամտածողության մեջ օրինակներով ներկայացրեց բուհի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Ռենա Մովսիսյանը` նշելով, որ իր գոյության վաղ շրջանից սկսած արցախցին ակնածանքով է վերաբերվել կրթությանը, գիտությանը, հոգևոր ու մշակութային արժեքներին: 

Գիտաժողովի աշխատանքերի մասին ամփոփիչ խոսքով հանդես եկավ համալսարանի ռեկտոր Վ. Հակոբյանը:

 Գիտական ընթերցումներն  ավարտվեցին   հաճելի արարողությամբ. մասնակիցները որպես նվեր ստացան Արցախի գրական ընտանիքի վերջին տարիներին հրատարակված գրքերը: 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ