[ARM]     [RUS]     [ENG]

ՆՎԻՐՎԱԾ ԱՆՎԱՆԻ ՊԱՏՄԱՎԻՊԱՍԱՆԻՆ

Արցախի ժուռնալիստների միությունը և Շուշիի ՙԿաճառ՚ գիտական կենտրոնը համատեղ նախաձեռնել էին միջոցառում՝ նվիրված անվանի պատմավիպասան, լրագրող, հրապարակախոս Հայկ Խաչատրյանի ծննդյան 90-ամյակին։

Իր խոսքում ՙԿաճառ՚ կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Մհեր Հարությունյանը հիշեցրեց, որ 2014-ին միջոցառումների շարք է կազմակերպվել՝ նվիրված անվանի պատմավիպասանի ծննդյան և մահվան տարեդարձերին, և կարելի է ասել, որ տարին շնչում էր Խաչատրյանով։ 

Այդ օրերին էր, որ միտք հղացավ հրավիրել գիտաժողով, բայց հետագա պրպտումները ցույց տվեցին, որ գիտաժողովի համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու և՜ կազմակերպական, և՜ մասնակիցների առումով։ Նա մտավորականների հոգու պարտքը համարեց հավաքվել, մեկ անգամ ևս հիշել մեր ականավոր հայրենակցին, արժևորել նրա գրական գործերը, խոսքը, նաև պատգամները՝ ուղղված սերունդներին։ Մ. Հարությունյանը  գրողի պատմավեպերը գնահատեց որպես պատմական անցյալի փորձը ներկա սերնդին փոխանցելու լավագույն միջոց։ Եվ, իսկապես, կարդալով նրա վեպերը, հանդիպում ենք բազմաթիվ ուսանելի մտքերի, առնչվում այն ճակատագրական թերացումներին, որ շեղել են պատմության ընթացքը, և ընթերցողն ու մտավորականությունն անհրաժեշտ հետևություններ են անում։ Պատահական չէ, որ 1990թ. վերահրատարակվեց գրողի ՙՏիգրան Մեծ՚ պատմավեպը, որը մի հզոր ստեղծագործություն է և այն ժամանակ համահունչ էր արցախյան ազգային-ազատագրական պայքարին։ Տիգրան Մեծի հայրենասիրական ոգով ժողովուրդը ոգևորվեց, և նման գործերով դաստիարակված սերունդը հաղթանակով դուրս եկավ պատերազմից՝ նվաճելով մեր ամենաբարձր արժեքը՝ անկախ պետականությունը։ Բանախոսը նշեց, որ անվանի գրողի մասին շատ հետաքրքիր պատմություններ կան նրա էության, պարզամտության, աշխատասիրության մասին, բայց հենց միայն այն փաստը, որ խորհրդային Ադրբեջանի հայահալած քաղաքականության պայմաններում Հայկ Խաչատրյանը համարձակվել էր Լեռնային Ղարաբաղի գրողներին ընդգրկել հայաստանյան տեղեկատուի մեջ, համարձակ և հերոսական քայլ էր։ Իր արարքով նա փաստել է երկու հայկական հատվածների միասնության գաղափարը։ Մի դրվագ ևս. երբ պատրաստվում էին հայրենի գյուղի եկեղեցին քանդել, Խաչատրյանը նամակով ահազանգել է իրավասու մարմիններին և այդ քայլը համարել անթույլատրելի. նա խորհրդային պայմաններում այն միտքն է հայտնել, որ եկեղեցին մեր հոգևոր պատմության մի բաղադրիչն է։ 

Գրող, հրապարակախոս Կիմ Գաբրիելյանն իր ելույթում նշեց, որ եթե գնահատենք պատմավիպասանության տեսանկյունից, ապա Րաֆֆուց հետո կարող ենք տալ Հայկ Խաչատրյանի անունը, ով գեղարվեստորեն անդրադարձել է հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող պատմական անցքերին, մինչդեռ մենք մեր մեծերին մեծարել չգիտենք։ Յուրաքանչյուր գրող ուրույն է գնահատում պատմական իրադարձությունները՝ կրելով իր ժամանակի կնիքը, ապագա սերունդներին փոխանցելով անցյալի գաղափարական ճշմարտությունները։ Պատմավեպերը կարդում են քիչ թվով մարդիկ, բայց եթե ասենք՝ Հայկ Խաչատրյանին չեն ընթերցում, ճիշտ չէր լինի։ Միայն այն փաստը, որ Հայկ Խաչատրյանի թեմայով թեզեր են գրվում, թեկնածուականներ են պաշտպանվում, ինքնին խոսում է հեղինակի օգտին։ Ինչպես նաև շատ գրականագետներ են անդրադարձ կատարել պատմավիպասանին։ Բանախոսը շեշտեց այն միտքը, որ չափանիշ չէ, թե այսօր որքանով են ընթերցում վեպերը, և Հայկ Խաչատրյանի թողած ժառանգությունը պիտի կարողանալ գնահատել և ներկայացնել այսօրվա և վաղվա սերնդին։ Այս փոքր երկիրը հզոր մեծություն է տվել, բայց այսօր նրա թողած գրական ժառանգության մի մասը մնում է անտիպ։ Կ.Գաբրիելյանն առաջարկեց խաչատրյանական ընթերցումներ, լսումներ կազմակերպել թեկուզ ոչ մեծաքանակ լսարանով, իսկ 100-ամյակին ընդառաջ կոչ արեց իրավասու կառույցներին թեկուզ 12 հատորով հրատարակել գրողի գործերը։ 

Բանաստեղծուհի Սիրվարդ Մարգարյանն ասաց, որ ինքը եղել է այն երջանիկ մարդկանցից, ով դեռևս ուսանողական տարիներից այցելել է գրողին, շփվել նրա հետ։ Համեստության տիպար էր, մեծություն, փոքր մի սենյակում նստած, գրքերով շրջապատված, նրա խոսքերով ասած՝ ՙօրը քանի անգամ իջնում էր պատմության խորքերը՚։ Յուրաքանչյուր արցախցու այցելություն նրա համար տոն էր, զրուցում էր, հարցնում Արցախից։ Նա մեծ ղարաբաղցի էր, և նրա շրթունքը ճաքում էր Արցախի կարոտից։ Գրողը ապրել է շատ համեստ և ասկետիկ կյանքով, թողել է մեծ ժառանգություն, որից 90-ամյակի առթիվ կարելի էր որոշ գործեր հրատարակել։ Ս. Մարգարյանն առաջարկեց ծրագիր մշակել և առաջիկա հոբելյաններին ընդառաջ անցկացնել խաչատրյանական օրեր։ 

ՙՍտեփանակերտ՚  թերթի խմբագիր Սոֆյա Սարգսյանն ասաց, որ իր աշխարհճանաչողությունն սկսվել է Հայկ Խաչատրյանից, որ նրա գիտելիքները հանրագիտարանային են, որ ազգը պետք է հպարտանա, որ նման մեծություն ունի, և առաջարկեց գրողի հայրենի գյուղում ստեղծել տուն-թանգարան։ 

Բանաստեղծ Արիս Գրիգորյանն արտահայտեց այն միտքը, որ հավանաբար համեստության պատճառով է նրա գրքերի մի մասը մնացել անտիպ, քանի որ նա անընդհատ աշխատել է, ստեղծել, ժամանակ չի ունեցել պահանջելու, ծեծելու հրատարակչության դռները։  Եվ եթե այսօր մեծարում ենք Հայկ Խաչատրյանին, դա ավելի շատ պետք է մեզ, քան անվանի գրողին։ Բանախոսը ևս ընդգծեց այն միտքը, որ նրա անտիպ գործերը պետք է տպագրվեն սերունդների համար։ 

Գրողի համագյուղացի Սամվել Շմավոնյանը հետաքրքիր հուշեր պատմեց իրենց հանդիպումներից, որ սկսվել էին իր ուսանողական տարիներից։ Գրողին այցելողները  հոգևոր սնունդ էին ստանում։ Մեծ երեխա էր՝ պարզ, հասարակ, համեստ։ Այդ մեծ մարդու թաղումը ևս անշուք անցավ։ Ոնց որ դժվար ապրել էր, մի տեսակ մինչև վերջ էլ այդ դժվարությունները ուղեկցեցին նրան։ Մեծ գրողի հետագա հոբելյանները պետք է նշեն ոչ թե հասարակական կազմակերպությունները, այլ՝ պետականորեն և հավուր պատշաճի։ 

Հետաքրքրությամբ դիտվեց ցուցադրված տեսաֆիլմը, որտեղ մեծ վիպասանին  գնահատում են գրողներ, պատմաբաններ, լրագրողներ՝ Արտեմ Սարգսյանը, Լիպարիտ Սարգսյանը, Վանիկ Սանթրյանը, Հովհաննես Այվազյանը և ուրիշներ։ 

Հայկ Խաչատրյանը գրական մեծ ժառանգություն է թողել, նրա  ստեղծագործությունները չեն հնանում, չեն կորցնում իրենց արդիականությունը, և միջոցառումը հիշատակի տուրք էր և գնահատման արտահայտություն անվանի պատմավիպասանին։ 

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ