[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՐՑԱԽՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԿԱՄԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԾ ԴԵՐ ԵՆ ԽԱՂՈՒՄ ՍՊՈՐՏՈՒՄ՚

Նույն օրը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանն այցելեց Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոց:

Տեղեկացնենք, որ  երկու հայկական հանրապետությունների մայրաքաղաքների համագործակցության ծրագրի շրջանակներում վաղուց հաստատվել են գործնական կապեր, ինչի արդյունքում Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի սաները մասնակցում են Երևանի ու ՀՀ առաջնություններին, որտեղ ձեռք են բերում մեծ փորձ: Վերջին տարիներին էլ լավագույն մարզիկները ՀՀ հավաքական կազմում մասնակցում են Եվրոպայի և աշխարհի առաջնություններին` ունենալով շոշափելի հաջողություններ:

Յուրի Մամիկոնյանի կարծիքով` մարզադպրոցների արած գործը շատ ավելին է, քան չեմպիոններ դաստիարակելը: Մարզիկները` անցնելով մարզադպրոցների քուրայով, կոփվում, դառնում են հասարակության համար պիտանի մարդիկ: Նրանք սովորում են ապրել միասնական գաղափարով, լինել կոլեկտիվի անդամ, իսկ պարտության դեպքում պատվով հեռանալ: ՙՎստահեցնում եմ ձեզ, որ մարզադպրոցների սաների 90-95%-ը դառնում են կարգին մարդիկ՚,-ասաց Յու. Մամիկոնյանը: Նա մեծ հարգանքով նշեց արցախցի մարզիկներին բնորոշ կամային առանձնահատկությունները: 

Անշուշտ, այստեղ էլ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը դատարկաձեռն չի եկել: Մարզադպրոցի տնօրեն Էմիլս Հովհաննիսյանի տեղեկատվությամբ` դպրոցին նվիրաբերվել են համակարգիչ, բազում գնդակներ և այլ սպորտային գույք:

Ըստ Յուրի Մամիկոնյանի` մշակվում է ծրագիր, համաձայն որի համագործակցությունը Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի հետ էլ ավելի  կընդլայնվի:

Էմմա ԲԱԼԱՅԱՆ