Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՅԺ ԿԱՐԵՎՈՐ ԾՐԱԳԻՐԸ՝ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ինչպես արդեն տեղեկացրել  ենք, Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների համագործակցության  շրջանակներում հունվարի 19-21-ը Արցախում էր գտնվում Երևանի քաղաքապետարանի  ներկայացուցչական պատվիրակությունը` քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:

Պատվիրակության անդամները Ստեփանակերտի քաղաքապետարանի պատասխանատուների ուղեկցությամբ այցելել են մի շարք կրթամշակութային, առողջապահական օբյեկտներ: Հունվարի 20-ին Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Արմեն Հակոբյանի և մշակույթի բաժնի պետ Կարինե Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է  Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոն, Կոմիտասի անվան երաժշտական նորակառույց դպրոց և Մուրացանի անվան քաղաքային գրադարան:Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը, ինչպես խոստովանեց Ա. Սուքիասյանը, իր համար հարազատ օջախ է, քանի որ բանակի այլընտրանքային ծառայությունն անց է կացրել այդ մեծ համբավ ունեցող մշակութային օջախում: Նա ցավով ընդունեց թատրոնի պատմական շենքի  ներկա վիճակը, հետաքրքրվեց ստեղծագործական անձնակազմի խնդիրներով` խոստանալով աջակցել մի շարք հարցերում:

Նորակառույց երաժշտական դպրոցն իր ճարտարապետական լուծումներով հաճելիորեն զարմացրեց Երևանի փոխքաղաքապետին: Նա շրջեց դասարաններով, համերգային բավականին հարմարավետ դահլիճով, հետաքրքրվեց խնդիրներով, դպրոցին  նվիրեց Կոմիտասի մասին նորահրատարակ յուրահատուկ գիրք` նկարազարդված աշխարհում տեղ գտած նրա բոլոր դիմանկարներով, հուշարձաններով և, իհարկե, ներառված կենսագրականով:

Մուրացանի անվան գրադարանը լավ տպավորություն թողեց Ա. Սուքիասյանի վրա։ Այնուհանդերձ նա  նկատեց, որ գրադարանն ունի արդիականացման, ընթերցասրահի ընդլայնման խնդիրներ: Գրադարանի տնօրինությունը խնդրեց օգնել նոր հրատարակված գրքերի ձեռքբերման հարցում, ինչը մեծ պատրաստակամությամբ ընդունվեց:

Իրազեկենք, որ նշված բոլոր հաստատություններին Երևանի քաղաքապետարանի անունից նվիրաբերվեց համակարգիչ, ինչի պակասն այդ հիմնարկներն ունեին: Իրենց հերթին  հաստատությունների տնօրինությունները Երևանի փոխքաղաքապետին նվիրեցին գրքեր  թատրոնի փառավոր տարիների, հայտնի դեմքերի մասին։

Այցելության նպատակների, ստացած տպավորությունների մասին ճեպազրույց ունեցանք  Արամ Սուքիասյանի հետ:

-Երևանի քաղաքապետարանի այս այցելությունը կարծես թե տարբերվում է մյուսներից, թվում է` հեռանկարային ծրագիր է հետապնդվում:

-Այս այցելությունն իսկապես տարբերվում է. այն շատ ավելի գործնական է, հստակեցում պահանջող:  Նպատակ ունենք ճշտգրտել առավել անհրաժեշտ, առավել կարևոր այն եզրերը, որտեղ հնարավոր է մեր օժանդակությունը, կազմել համագործակցության իրական ծրագրեր ինչպես համատեղ իրականացման, այնպես էլ համապատասխան հյուրախաղերի, համերգների կազմակերպման առումով:

-Ձեր տպավորությունները, եզրահանգումները…

-Սկսեմ գրադարանից: Հաճելի է, որ գրադարանը բարվոք վիճակում է։ Մենք պատրաստակամություն ենք հայտնել աջակցել գրադարանին նոր գրականություն ձեռք բերելու գործում: Համոզված եմ, որ համագործակցությունը կտա իր բարի պտուղները, մասնավորապես, նկատի ունենալով երևանյան գրադարանների փորձառությունը արդիականացման, նոր տեխնոլոգիաների ներդրման հարցում: Պետք է մշակել նման ծրագիր և այն աստիճանաբար կյանքի կոչել, որին, անկասկած, կաջակցի Երևանի քաղաքապետարանը:

Ինչ վերաբերում է Վ. Փափազյանի անվան թատրոնին, ապա   ես խորը ափսոսանք ապրեցի: Հատկապես երբ իմացա, որ վերանորոգման ծրագիր դեռևս չկա: Որքան ես էի տեղեկացված, ձեռնամուխ էին եղել վերականգման ծրագրին: Այդ թատերական և ճարտարապետական կոթող հանդիսացող շենքը, կարծես թե, առայժմ վերականգման հույսեր չի ներշնչում, իսկ շատ բարձր մակարդակի բեմադրություններ, որքան էլ որ ձգտեն ունենալ, անհնարին են, քանզի   պայմանները, բեմահարթակը պետք է համապատասխանեն  դասական թատրոնի  սկզբունքներին։ Ուրախ եմ, որ տեսա երիտասարդ սերնդին, որը մեծ հավատով աշխատում է և նոր ներկայացումներ է բեմադրում: Համագործակցության ծրագրի շրջանակներում տեսնում ենք հյուրախաղերի կազմակերպման, որոշակի կադրերի հարցում աջակցություն, որոնք կնպաստեն էլ ավելի բարձրացնելու առկա  որակները:

Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը իր նոր հիասքանչ շենքով և փայլուն պայմաններով շատ տպավորիչ է: Կարծում եմ` աջակցությունը կլինի կադրերի փոխանակման, վարպետության դասերի անցկացման միջոցով: Կփորձենք նաև երաժշտական գործիքների մասով օգտակար լինել: Կարծում եմ` շատ կարևոր է տաղանդավոր երեխաների միմյանց ճանաչելու հանգամանքը, որը կկազմակերպենք փառատոների միջոցով: Այստեղ բացվում են փոխայցելությունների հետաքրքիր հեռանկարներ. Երևան քաղաքն ունի հրաշալի երիտասարդական, մանկապատանեկան փառատոներ, մրցույթ-փառատոներ, որոնց կանոնների համաձայն՝ այլ մարզեր չեն կարող մասնակցել, բայց Երևանի քաղաքապետարանի հրավերով այդ երեխաները կարող են մասնակցել հյուրի կարգավիճակով:

Արամ Սուքիասյանի հավաստմամբ` մշակութային ծրագրերը կազմում են մի փոքր մաս այն մեծ ծրագրի, որը նախաձեռնում է իրականացնել Երևանի քաղաքապետարանը, սակայն հույժ կարևոր և շատ դեպքերում մեծ գումարներ չպահանջող, ինչը դյուրին է դարձնում դրանց իրագործումը:

 

Էմմա ԲԱԼԱՅԱՆ