[ARM]     [RUS]     [ENG]

2016-Ը` ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՌՈՒՄՈՎ ՀԱԳԵՑԱԾ ԵՎ ԶՈՒՍՊ

Հունվարի 23-ին Շուշիում, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության շենքում, տեղի ունեցավ նախարար Նարինե Աղաբալյանի  մամուլի ասուլիսը,  որտեղ նա հանդես եկավ  ոչ միայն  անցած տարվա կատարած աշխատանքների մասին հաշվետվությամբ, այլև ուրվագծեց  2017-ի հոգևոր-մշակութային կյանքի պատկերը  բոլոր ուղղություններով՝ մշակութային միջոցառումներ, մշակութային ժառանգության ուսումնասիրում, պահպանում և հանրահռչակում, մշակութային  ինքնության պահպանում և վերարտադրություն, շրջաններում մշակութային կյանքի ակտիվացում, մշակութային երկխոսություն և համագործակցություն, երիտասարդությանը վերաբերող խնդիրներ և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության  ոլորտ, ժամանակակից արվեստ,  ազգային և դասական երաժշտարվեստ ու  պարարվեստ, մշակութային կրթություն, Արցախ-Սփյուռք  կապերի ամրապնդում... 

 Նախարարը 2016-ը մշակութային առումով  բնութագրեց  որպես հագեցած, բայց զուսպ տարի, ինչը  պայմանավորված է ապրիլյան քառօրյա պատերազմով և դրա հետևանքով ստեղծված իրավիճակով ու տրամադրությամբ։   

Նշվեց, որ փորձ է արվել ՙմուսաներով լռեցնել թնդանոթների ձայները՚, բայց, ունենալով    այսպիսի հարևան, ստիպված ենք ՙչոր պահել վառոդը և թնդանոթները` պատրաստ՚։ Եվ, իհարկե, երբ 2016-ի ապրիլին նորից վտանգվեց  Արցախի ճակատագիրը, բազմահազար հայորդիների  հետ մարտական հերթապահության մեկնեցին նաև արվեստագետները և, բնականաբար, դա չէր կարող  չանդրադառնալ ստեղծագործական ծրագրերի վրա, ուստիև հետաձգվեցին որոշ  նախագծեր,  ընդհանրապես  վերանայվեցին ծրագրերը։ Բայց և այնպես, ապրիլյան պատերազմի  կարևորագույն դասերից մեկը, գուցե նաև դրական, այն է, որ  ավելի ուժեղ ու  ամուր դարձավ մեր կամքը հայրենիքը  պաշտպանելու և մեր նպատակներն ու քայլերն իրագործելու առումով։ Դա վերաբերում է ինչպես մյուս, այնպես էլ մշակութային ոլորտին։ Ապա Ն. Աղաբալյանը կոնկրետ  թվերով ու փաստերով ամփոփեց 2016¬ին  նախարարության  կողմից  իրականացրած աշխատանքները մշակույթի և երիտասարդության հարցերի ոլորտում։ 

Մամլո ասուլիսում հնչեցին մտահոգություններ Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի, մեր հոգևոր անվտանգության,  սահմանադրական  բարեփոխումների, հնացած երաժշտական գործիքների ու սարքավորումների, պատմական հուշարձանների քարոզչության  և այլ խնդիրների վերաբերյալ։  

Նախարարն իրազեկեց, որ  նախարարությանը պետբյուջեից մշակութային միջոցառումների համար հատկացրել է 138 միլիոն դրամ, որից 36 միլիոնը`  երիտասարդական ծրագրերին: 

Մամլո ասուլիսի  մանրամասները՝ թերթի առաջիկա համարում։

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ