Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԺԱՄԱՆԱԿՆ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ ՀԻՆ ՄԵԹՈԴՆԵՐԻՑ

Մեղվաբուծությունը գյուղատնտեսության կարևոր ճյուղերից է։

Այն աչքի է ընկնում ոչ միայն իր բարձր եկամտաբերությամբ. մեղուն, որպես գյուղատնտեսական մի շարք մշակաբույսերի հիմնական փոշոտող, բարձրացնում է պտղատու ծառերի, խոտաբույսերի, բանջարեղենի և այլ մշակաբույսերի բերքատվությունն ու սերմնակալումը։ ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ հունվարի 31-ին Ստեփանակերտում կազմակերպված` մեղվաբուծության գիտաժողովը նպատակ ուներ Արցախում խթանել հեռանկարային այս ճյուղը։ Միջոցառմանը ներկա էին գյուղոլորտի պատասխանատուներ, հարյուրից ավելի մեղվապահներ՝ հանրապետության տարբեր շրջաններից, հյուրեր, որոնց թվում  ռուսաստանաբնակ, ՙՊանսկիե սոտի՚ ընկերության հիմնադիր-տնօրեն Սուրեն Գրիգորյանը, ով  մեղվաբուծության ոլորտում կիրառում է նոր տեխնոլոգիաներ։ Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը։ Նա նշեց, որ սա Արցախում անցկացվող նմանատիպ երկրորդ միջոցառումն է, նախորդը տեղի է ունեցել անցյալ տարվա հոկտեմբերին։  Կազմակերպիչների առջև դրված գլխավոր խնդիրը մեղվաբուծության  նորամուծությունները մեղվաբույծներին հասանելի դարձնելն է։ Նախարարն իր երախտագիտությունը հայտնեց ՙՊանսկիե սոտի՚ ընկերության հիմնադիր-տնօրենին, ով կարողացել է ոչ միայն հաջողությունների հասնել արտերկրում, այլև պատրաստ է իր գիտելիքներն ու փորձը փոխանցել արցախյան մեղվաբույծներին։ 

Ա. Մխոյանի խոսքով՝ փոխվել են ժամանակները, և այսօր  ոլորտում նոր մեթոդներ ու սարքավորումներ են կիրառվում՝ միանգամայն հեշտացնելով  գործը։  Եվ ոչ միայն. նոր տեխնոլոգիաների կիրառումն, ըստ նախարարի, հնարավորություն է տալիս շուկայում հանդես գալ նորովի՝ ապրանքային բարձր վարկանիշով։ ՙՄենք չենք կարող չօգտվել գիտական, գիտատեխնիկական հնարավորություններից, ինչը հնարավորություն  կընձեռի մեզ ավելի հեշտ կազմակերպել մեր աշխատանքները և բարձրորակ արտադրանք մատուցել սպառողին,-ասաց Ա. Մխոյանը։- Հին տեխնոլոգիաներն այսօր թույլ չեն տալիս ոլորտում հասնել զարգացման բարձր մակարդակի, այնինչ, դրա համար Արցախում բավարար ռեսուրսներ կան՚։ Նախարարի հավաստմամբ՝ այսօրվա դրությամբ հանրապետությունում մոտ 350 տոննա մեղր է արտադրվում, որը չնայած բավարարում է տեղի պահանջարկը, բայց արտահանելու համար խնդիրներ է առաջացնում՝ արտաքին տեսքի, ձևի, սպառողի մոտ վստահության առումով։ Բացի այդ, գյուղնախարարի խոսքով՝ մեղվաբուծության մեջ միայն մեղրը չէ, որ կարելի է ներկայացնել միջազգային շուկայում. մեղվաբուծության արդյունքում ստանում են տարբեր պրոդուկտներ, որոնք օգտագործում են բժշկության մեջ։ Իսկ արցախյան մեղրը մեկ անգամ չէ դրսեկներին զարմացրել իր համով, որակով և մի շարք այլ առավելություններով։ 

Որպես գյուղոլորտի ղեկավար՝ Ա. Մխոյանն իր պատրաստակամությունը հայտնեց ՙՊանսկիե սոտի՚ ընկերության հետ համագործակցելու, ինչպես նաև  տեղի արտադրողներին աջակցելու համար։ ՙՄենք կանգնած ենք ձեր կողքին, իսկ  դուք պետք է կարողանաք ժամանակակից պահանջներին համապատասխան ապրանք արտադրել,-դիմելով մեղվապահներին, ասաց գյուղնախարարը։ - Միայն երդումներով չեք կարող սպառողի մոտ վստահություն ձեռք բերել։ Ձեր արտադրած մեղրն իրացնելու համար այսօր արդեն որակյալ արտադրանքը հավաստող փաստաթուղթ է նաև անհրաժեշտ՚։ 

ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Նորայր Մուսայելյանը մանրամասն ներկայացրեց մեղվանոցի անասնաբուժասանիտարական անձնագրի տրամադրման և լրացման կարգը։ Նրա հավաստմամբ՝ մեղվանոցների անձնագրավորումը կարևոր նշանակություն ունի պատրաստի արտադրանքն արտաքին շուկայում ներկայացնելու համար։ Գործընթացը մեղվաբույծներից մեծ ժամանակ և դրամական միջոցներ չի պահանջելու, այս ուղղությամբ միայն գրագետ մոտեցում պետք է ցուցաբերել։ 

Մեղրի, մեղվաբուծական մթերքների, ինչպես նաև հիվանդությունների անասնաբուժական նմուշառման մասին խոսեց հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննության լաբորատորիայի տնօրեն Ֆլորա Իսկանդարյանը։ 

Իր խոսքում Սուրեն Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Արցախի գյուղատնտեսության բնագավառի պատասխանատուներին, ում շնորհիվ հնարավոր է դարձել հավաքվել մեծ կազմով և քննարկել  ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ ՙՄեղվաբույծների համար կան ռազմավարական նշանակության խնդիրներ, որոնց մասին մենք միշտ մտածում ենք՝ անկախ այն բանից` փորձառո՞ւ է մեղվաբույծը, թե` ոչ։ Դրանք այնպիսի հասկացություններ են, ինչպիսիք են արդիականացումն ու արտադրանքի իրացումը։ Բոլոր դեպքերում ես միշտ առաջին տեղում դնում եմ արդիականացումը. առանց դրա, մեղվաբուծության ոլորտում առանց նոր մեթոդների, նոր տեխնոլոգիաների կիրառման մենք չենք կարող խոսել արտադրանքի ստացման, առավել ևս՝ իրացման մասին։ Մեր օրերում  մարդ ցանկանում է ձեռք բերել այն արտադրանքը, որն ունի ժամանակակից չափանիշներին համապատասխան տեսք և որակ: Այն սարքավորումներն ու տեխնոլոգիան, որ  բերել եմ այստեղ, աշխարհի շատ երկրներում վաղուց են օգտագործվում՚,-ասաց Ս. Գրիգորյանը: Ս. Գրիգորյանը ներկաներին առաջարկեց արտադրել իր առաջարկած տեխնոլոգիայով, խոստանալով գնել-արտահանել Արցախում արտադրված մեղրը։ Իսկ մեղվաբույծներից միայն մի բան է պահանջվում՝ արտադրանքը պետք է լինի որակյալ, ժամանակակից փաթեթավորմամբ, ինչը կգրավի սպառողին։

Ա. Մխոյանի կարծիքով՝ մեղվաբույծներն ընդհանրապես դժվարությամբ են հրաժարվում իրենց ավանդական, պապենական մեթոդներից։ Բայց լեփ-լեցուն դահլիճն այսօր կարծես հակառակն է փաստում. այն, որ նորարարության հանդեպ հետաքրքրությունն ու շահագրգռվածությունը մեծ է, և որ արցախցի մեղվաբույծները պատրաստակամ են աշխատել նորովի, ժամանակակից մեթոդներով ու նոր տեխնոլոգիաների կիրառմամբ։ 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ