[ARM]     [RUS]     [ENG]

ՙԵՍ ԵԿԵԼ ԵՄ ԱՐՑԱԽ` ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ՚

Նա Արցախ եկավ, երբ 2004 թվականին ԼՂՀ կառավարության որոշմամբ և ՀԲԸՄ աջակցությամբ ստեղծվեց Արցախի կամերային նվագախումբը և խմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր նշանակվեց ինքը՝ Հայաստանում հայտնի դիրիժոր Գևորգ Մուրադյանը:

Անցած 13 տարիների ընթացքում նա իրեն դրսևորեց  որպես բարձր պրոֆեսիոնալ մասնագետ, խստապահանջ ղեկավար, սրտացավ մարդ: Նրա ղեկավարած խմբի նվիրված աշխատանքի արդյունքը  բազմաթիվ բարձրաճաշակ համերգներն են, որոնք դարձան Ստեփանակերտի մշակութային կյանքի անբաժան մասը: Մայրաքաղաքի երաժշտասեր հանրությունը հնարավորություն ստացավ ունկնդրել նվագախմբի կենդանի կատարմամբ արևմտաեվրոպական, ռուս, ամերիկյան, հայ կոմպոզիտորների լավագույն ստեղծագործությունները, ասել է թե` աշխարհի դասական և ժամանակակից երաժշտադարանի գլուխգործոցները: Բուռն համերգային գործունեության հետ մեկտեղ Երևանից հրավիրված նվագախմբի երաժիշտները, աշխատելով տարբեր երաժշտական հաստատություններում, կարողացան ջութակի դասավանդման գործը բարձրացնել նոր մակարդակի: Դրա շնորհիվ է, որ այսօր խմբում հիմնականում նվագում են այդ դպրոցն անցած և Երևանի կոնսերվատորիայում կատարելագործված արցախցի երաժիշտները: Արցախի մշակութային ոլորտի զարգացման գործում ունեցած նրա մեծ ներդրումը հանրապետության ղեկավարությունը բարձր գնահատեց. 2009-ին Գ. Մուրադյանն արժանացավ ԼՂՀ վաստակավոր արտիստի կոչման:

Այս տարի, ինչպես տեղեկացրել ենք մեր թերթի էջերում, բոլորեց Արցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Գևորգ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ 70 տարին: Մեր երկրի մշակութային ոլորտի զարգացման գործում խոշոր ներդրում ունենալու համար և 70-ամյա հոբելյանի կապակցությամբ մաեստրո Մուրադյանն այս անգամ արժանացավ ԼՂՀ ժողովրդական արտիստի կոչման: Նրա ծննդյան առթիվ մարտի 1-ին Մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում կազմակերպված հոբելյանական համերգին հնչեցին բազմաթիվ շնորհավորանքներ և գեղեցիկ կատարումներ: Մարտի 23-ին հոբելյանական համերգ տեղի ունեցավ նաև Երևանում:  Մաեստրո Մուրադյանին հրավիրեցինք մեր հյուրասրահ` հարցազրույցի, որի ընթացքում խոսեցինք նրան հուզող հարցերի, Արցախում աշխատած տարիների և խմբի գործունեության մասին:

-Մաեստրո, թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել 70-ամյա հոբելյանի կապակցությամբ և մաղթել քաջառողջություն ու երկար տարիների բեղմնավոր աշխատանք Արցախում: 2004-ը Ձեզ համար շրջադարձայի՞ն տարի էր: 

-Շնորհակալություն շնորհավորանքի համար: Ավելի ճիշտ՝ կասեի, որ դա եղավ մի խթանիչ պահ` նոր փուլ ապրելու: Եվ, կարծում եմ, կյանքի գեղեցկությունը հենց դրանում է` գնալ դեպի նորը, դեպի դժվարը:

- Կարելի՞ է ասել, որ Ձեր հարուստ կենսագրականում բացվեց մի նոր էջ, սկսվեց մի նոր փուլ` լի դժվար լուծվող խնդիրներով: Արցախը, ինչպես բոլորս գիտենք, խորհրդային իշխանության երկար տարիների  ընթացքում կտրված էր մայր Հայաստանից, և ազգայինը, որակյալը դժվար էր հարթում իր ճանապարհը: Մասնավորապես, ջութակի դասավանդման գործն էր բավականին ցածր մակարդակի վրա: Ինչպե՞ս էիք լուծում խնդիրները, հարթում ճանապարհը:

-Այո, ես ունեի իմ առաքելությունը, հաշվի առնելով իմ պրոֆեսիոնալ կարողությունները, մարդկային հատկանիշները, իմ ըմբոստ լինելը: Ունենալով ահռելի փորձ Հայաստանում, ինձ համար դժվար չէր հաղթահարել այստեղ առաջացող դժվարությունները: Ինձ համար գործն է եղել գլխավորը: Եթե գործն անում ես սիրով, նվիրվածությամբ, հաջողությունները քեզ  կրնկակոխ են հետևում:

-Մաեստրո, երբևէ ինչ-որ դժվար պահի Ձեր մտքով անցե՞լ է` թողնել այս գործը և  վերադառնալ Երևան, ասենք, ավելի լավ աշխատանքի անցնելու նպատակով:

-Ոչ: Ավելի լավ աշխատանք ես միշտ էլ կարող էի գտնել: Տարբեր երկրներից, օրինակ, Ամերիկայից բազմաթիվ հրավերներ ունեի: Բայց հրաժարվեցի: Բա մեր երկի՞րը: Դեռ 60-ականներին որպես հայ անձնավորություն ես հասկացա, որ մենք շատ հարցեր ունենք լուծելու: 1965 թվականը  սկիզբն էր ամեն ինչի: Մեծ հանդգնություն էր տեղի ունենում: Ես անցել եմ այդ ամենով: 1990-ականներին, երբ Շարժումն իր գագաթնակետին էր հասել և մեծ թվով զոհեր ունեցանք, մի միտք էր ինձ անընդհատ հետապնդում՝  ես պիտի լինեմ Ղարաբաղում: Եվ երբ Աշոտ Ղազարյանից ստացա առաջարկը, անմիջապես վառվեց այն միտքը, որ ահա Աստված տվեց այդ պահը: Ես եկա, ու եկա  մեծ սիրով: Ո՞ւր գնամ, ինչո՞ւ գնամ: Կարծրատիպը լավ ջարդեցի: Ով  Հայաստանից գալիս է այստեղ, մարդիկ մտածում են՝ ուրեմն ինչ-որ մեկից նեղացած, դժգոհ մարդ է: Իսկ ես այսպիսի անցյալ ունեմ. Հանրային ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբ, Երևանի սիմֆոնիկ նվագախումբ, ֆիլհարմոնիկի երգչախումբ: Իմ ներդրումը Հայաստանի մշակույթի զարգացման գործում անհամեմատ ավելի շատ է, քան այստեղ: Բայց ես այնտեղ չեմ վազել կոչումների հետևից: Այ, այսօր, որ ժողովրդականի կոչում ստացա, ես զգացի, որ դա իմն է: Ես քաղաքի որ փողոցով էլ քայլում եմ, մարդիկ ինչպիսի՛ հարգանքով, բերկրանքով են բարևում, շփվում ինձ հետ: Եկել եմ Արցախ` իմ ժողովրդին ծառայելու: Ապրում եմ Արցախով: Հետ գնա՞լ: Ո՞ւր գնամ: Հետ գնալ չկա: Կարող եմ նվագախումբն արտերկիր տանել համերգաշարի՝ Արցախի դրոշի ներքո ու վերադառնալ: Ես աշխարհով մեկ համերգներով շրջած մարդ եմ, շատ բան տեսած: Ինձ պետք չէ արտերկիրը: Հայրենիքում իմ գործն անում եմ ու կանեմ:

-Այս 13 տարիների ընթացքում հասա՞ք Ձեր նպատակին, կարողացա՞ք իրականացնել Ձեր առաքելությունը լիարժեք, թե՞ դեռ անելիքները շատ են:

-Լիարժեք բառը չեմ ընդունում տվյալ պահին: Լիարժեք` նշանակում է կատարելություն: Մի երևույթ, որ անվերջանալի է: Այո, երբ այստեղ եկա, ունեի նպատակ: Ինձ  հետ 12  երաժիշտ բերեցի: Այսօր երեքն են մնացել: Դա ի՞նչ է նշանակում: Ես նրանց բերեցի, որպեսզի ներգրավվեն այս գործունեության մեջ: Ես նրանց օգուտը, լավ իմաստով եմ ասում, քաղեցի: Չեմ շահագործել: Նրանք իրենց ներդրումն ունեցան  ու հեռացան: Այսօր նվագախմբում են արցախցի այնպիսի ջութակահարներ, ինչպիսիք են Երևանի կոնսերվատորիայի ուսանողներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ Դավիդ Հակոբյանը, Դիանա Մեսրոպյանը, նույն կոնսերվատորիան ավարտած մյուս երաժիշտները: Նույն եղանակով կարելի է փողային հազվագյուտ գործիքների` հոբոյի, գալարափողի, տուբայի, ֆագոտի ներմուծման և դասավանդման գործը հունի մեջ գցել: Այդ գործիքները տիրապետող զինակոչիկ երաժիշտներին, որոնք կարող են նվագել զինվորական նվագախմբում, կարելի է հնարավորություն տալ կես օր մեր նվագախմբում նվագել, իսկ օրվա երկրորդ կեսը՝ դասավանդել երաժշտական քոլեջում: Դա պիտի արվի: Քանի որ այդ ճանապարհն է հնարավորություն տալիս, որ Արցախում այդ հազվագյուտ փողային գործիքների, ինչպես և կոնտրաբասի դասավանդման գործը տեղի ունենա: Փառք Աստծո, Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը՝ ի դեմս նախարար Նարինե Աղաբալյանի, այս հարցում բավականին ճկուն քաղաքականություն է վարում, ինչի շնորհիվ, կարծում եմ, մի քանի տարում կարելի է պատրաստել անհրաժեշտ մասնագետներ:

-Կարելի է ասել, որ սկզբում Ձեր նպատակն այն էր, որ աստիճանաբար տեղի մասնագետներ դաստիարակել, զարգացնել և նվագախմբում ներգրավել: Եվ դա Ձեզ հաջողվել է, եթե հաշվի առնենք այն, որ այսօր նվագախմբի անդամների մեծ մասն արցախցի երաժիշտներ են, իսկ նվագախմբին կից գործում է պատանի ջութակահարների անսամբլ: Վերջին մի քանի տարիներին շատ է խոսվում կամերայինը սիմֆոնիկ նվագախմբի վերածելու մասին: Այդ միտքը հնչեց և հոբելյանական համերգին ոչ միայն Ձեր, այլև տարբեր բանախոսների ելույթներում` որպես նվագախմբի հետագա հաջողությունների լավագույն մաղթանք: Որպես Ձեր նպատակի շարունակություն, արդյո՞ք, կամերայինը սիմֆոնիկի վերածելու խնդիրը քայլ առ քայլ իրականացվում է:

-Այո, քայլ առ քայլ մոտենում ենք խնդրի լուծմանը: Տեսեք, Ամանորին նվիրված համերգին երկրորդ տարին է, որ կատարում ենք Հայդնի Մանկական սիմֆոնիան, որտեղ հնչում էին շեփորը, սրինգը, հարվածայինները: Հիմա վերցրել ենք Լեոպոլդ Մոցարտի Մանկական սիմֆոնիան, որտեղ հնչում են գրեթե նույն փողային գործիքները: Կամաց-կամաց գործը պետք է գնա: Իհարկե, դժվար, ավելին ասեմ, դաժան աշխատանք է, բայց պետք է արվի: Մի կիրակի ունեմ հանգստանալու: Բայց անընդհատ մտածում եմ` էս չարեցինք, էն չհասցրինք: Անհամբեր սպասում եմ, երբ առավոտյան երկուշաբթի գամ,  կյանքի կոչեմ այն, ինչ մտածել եմ: Ի՞նչ փուլում է: Դեռ սաղմնային վիճակում է: Բայց պտուղը հասունանում է կամաց-կամաց: Որոշ հարցերի լուծման հետ կապված ունեմ պայմանավորվածություն նախարարության հետ: Անշուշտ, առանց պետության օժանդակության անհնարին է լուծել նման մասշտաբի հարց: Եթե ճիշտ ռելսերի վրա դրվի, այո, մի քանի տարին բավական է, որպեսզի սիմֆոնիկի համար հիմք ստեղծվի:

-Ի՞նչ եք կարծում, ֆինանասական կողմը կապահովվի՜ պետության, հովանավորի կողմից: Օժանդակելու պատրաստակամությունը կա՞, Դուք տեսնու՞մ եք:

-Ամբողջ պարադոքսը նրանում է, որ աշխատանքը ողջ երկրում կենտրոնամետ է կատարվում: Այնինչ, անհրաժեշտ է, որ կենտրոնախույզ լինի: Ես հո Դոն Քիշոտը չեմ: Տարիք առած մասնագետներն ինչո՞ւ չեն կարող գալ Ստեփանակերտ աշխատելու: Չէ որ նրանք ապահովվում են բավարար աշխատավարձով (պետական, հովանավորչական), կացության հարցն է լուծվում: Կոչ եմ անում` եկեք այստեղ աշխատելու, մասնագետներ պատրաստելու: Անշուշտ, եթե Երևանից լավ մասնագետներ ես բերում, պետք է գործընթացը ֆինանսավորվի: Այլ կերպ   հնարավոր չէ։ Ինչպե՞ս դա կարող է տեղի ունենալ:

-Հարցն այլ լույսի տակ հնչեցնեմ: Իսկապե՞ս գտնում եք, որ սիմֆոնիկ նվագախմբի ստեղծումն անհրաժեշտություն է:

-Նման հարց 13 տարի առաջ են տվել` իսկապե՞ս կամերային նվագախումբ պետք է լինի Արցախում: Իհարկե, պետք է: Նախ` կամերային նվագախմբի համերգներով կոմպենսացնում եմ դասական ալիքը: Եվ երկրրոդ. հաշվի առնելով այն, որ այստեղ օպերային թատրոն, բալետ չկա, համերգներով հագեցած առօրյա չկա, գտնում եմ, որ սիմֆոնիկ նվագախումբը բավականաչափ հակակշիռ կդառնա համատարած էժանագին մասսայական կուլտուրային: Բոլոր հեռուստաալիքները հեղեղված են էժանագին սերիալներով: Ինչու՞, հարց եմ տալիս բոլոր այդ հեռուստաընկերությունների տնօրեններին: Ինչպիսի՛ հարուստ պոեզիա, դասական, ժողովրդական երաժշտարվեստ ունենք: Ինչո՞ւ մեր ազգի ոգու  գոհարները չեն հնչում այդ ալիքներով: Ստացվում է, տեր չենք կանգնում մեր հոգևոր հարստությանը: Եկեք ճանաչենք և՜ մեր ժողովրդի, և՜ աշխարհի հոգևոր մշակույթը, ու անենք դա նաև Արցախի սիմֆոնիկ նվագախմբի կատարումների միջոցով:

-Ձեր բոլոր հավատարիմ ունկնդիրների անունից քաջ-առողջություն ենք մաղթում և հավատում, որ շուտով բեմում  կտեսնենք մեր սիրելի մաեստրո Գևորգ Մուրադյանին` Արցախի սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարելիս:

-Շնորհակալություն: Ես էլ եմ հավատում:

 

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ