[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՅԱՑԱՎ ՍԱՆԴԱ ՈՒՇՈՒ-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլի 7-ից 9-ը Ստեփանակերտի թիվ 6 դպրոցում  կայացավ Արցախի սանդա ուշուի պաշտոնական առաջնությունը, որը  սովորաբար  անց է կացվում տարին մեկ անգամ:  Այն ընթացավ երկու  փուլով. առաջին փուլը՝  մինչև 12 տարեկան մարզիկների  մասնակցությամբ,  երկրորդը՝ 12-ից բարձր:

  Առաջին փուլում  17 հոգի տարբեր քաշային և տարիքային խմբերում  զբաղեցրել են մրցանակային  առաջին տեղեր: Նույնքան մարզիկ առաջին տեղ է գրավել երկրորդ փուլում: 

Ինչպես տեղեկացանք  Ուշուի ֆեդերացիայի  գլխավոր մարզիչ,  ֆիզկուլտուրայի  մարզական կենտրոնի մանկապատանեկան մարզադպրոցի  սանդա ուշուի մարզիչ Դավիթ Գրիգորյանից,  միջոցառման նպատակն    ուժեղագույն  մարզիկներին՝ այս մարզաձևի վարպետներին հայտնաբերելն է,  ովքեր   պետք է մասնակցեն ապրիլի 21-ից  23-ը Երևանում  կայանալիք միջազգային առաջնությանը՝ նվիրված  Մեծ եղեռնի 102-րդ տարելիցին: 

Միջոցառմանը ներկա էին սպորտի  բնագավառի պատասխանատուներ,  սպորտի մասսայականացմամբ հետաքրքրված կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բացման խոսքում Դ. Գրիգորյանը կարևորեց նման միջոցառումները, նշելով, որ ֆեդերացիան  աշխատում է  ընդլայնել մարզաձևի տարածման աշխարհագրությունը, հնարավորինս շատ անդամներ ընդգրկելով  արցախյան տարբեր բնակավայրերից: Նա խոսեց  տարվա ընթացքում  ֆեդերացիայի արձանագրված հաջողություններից՝ ներկայացնելով  տարբեր միջազգային մրցույթներում և առաջնություններում բարձր մրցանակային տեղեր նվաճած մարզիկներին:

Միջոցառմանը  ցուցադրական գեղեցիկ կատարումներով հանդես եկան  ուշու թաոլու  և սանդա ուշու մարզաձևի՝  կրտսեր խմբի  մարզիկները:

Ֆեդերացիան շնորհակալագրերով պարգևատրեց  մարզաձևի զարգացման գործում ներդրում ունեցած մարզիչներին և մարզադպրոցի տնօրեններին, առանձնահատուկ շնորհակալություն  հայտնելով  Կարապետյանների ընտանիքին, ի դեմս՝ Կոմիտաս Կարապետյանի՝ Նորշեն ակումբին մշտապես աջակցելու համար:

Հիշեցնենք, որ ԼՂՀ Ուշուի Ֆեդերացիան  Ստեփանակերտում հիմնվեց 1998 թվականի դեկտեմբերի 21-ին,  Մեծ վարպետ, դոկտոր Կարո Քեբաբջյանի կողմից:  Ֆեդերացիայի նշանաբանն է՝  Առողջ մարմին, արթուն միտք, ազնիվ հոգի: Ֆեդերացիան իր գործունեության ընթացքում տարեցտարի ավելի ու ավելի է կատարելագործվել, մեծացնելով և՜ մասնակիցների շրջանակները, և՜ աշխարհագրությունը Արցախի տարածքում… Ելույթ ունեցողներն ընդգծեցին, որ  հաղթանակներն էլ ինքնանպատակ չեն։ Մրցություններից բացի, սպորտը նպաստել է ոչ միայն ֆիզիկական առողջությանը, այլև երկրի ազգային անվտանգությանը,  նաև մեր մարզիկներին նոր ընկերներ ձեռք բերելու հնարավորություն է տվել: 

Ֆեդերացիան տվել է աշխարհի կրկնակի չեմպիոն՝ քունգ ֆու ուշու մարզաձևում, ուշուի Եվրոպայի 3 չեմպիոն, Եվրոպայի քունգ ֆու ուշուի 4 չեմպիոն, ինչպես նաև բազմաթիվ հաղթողներ ու մեդալակիրներ Եվրոպայի, աշխարհի միջազգային և ՀՀ առաջնություններում:

Սպորտի այս մարզաձևի զարգացման, քարոզչության ու տարածման գործում մեծ ներդրում ունի ԱՀ ուշուի ֆեդերացիայի նախագահ Նարեկ Ամբարյանը, ով մշտապես ֆինանսավորում և աջակցում է բոլոր առաջնությունները: ՙՉնայած  Ամբարյանն այստեղ չէ, մենք  մարզիչների և մարզիկների անունից  հատուկ շնորհակալություն ենք հայտնում նրան՝ այսօրվա  կազմակերպչական ամբողջ ծախսը հոգալու և հովանավորելու համար: Շնորհակալություն ԼՂՀ ԿԳՍ նախարարությանը, Արցախի սպորտի վարչությանը և բոլոր նրանց, ովքեր մշտապես ուշադրության կենտրոնում են պահում ֆեդերացիայի խնդիրներն  ու ձեռքբերումները ՚,-ասաց Դ. Գրիգորյանը:

Սրբուհի ՎԱՆՅԱՆ