[ARM]     [RUS]     [ENG]

ՓԱՌԱՏՈՆ, ՈՐԸ ԿԴԱՌՆԱ ԱՎԱՆԴԱԿԱՆ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վերջին երկու-երեք ամսվա ընթացքում Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի կողմից կազմակերպվել է ՙԳրացիա՚ պարային փառատոն` նվիրված քաղաքում հայտնի պարուսույց, լուսահոգի Ելենա Սարգսյանի հիշատակին:

Նախապատրաստական աշխատանքները, ասում է պալատի տնօրեն Նաիրա Նաջարյանը, տարվել են դեռևս 2016թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, իսկ բուն միջոցառումը պետք է տեղի ունենար դեկտեմբեր ամսին: Սակայն ինչ-ինչ պատճառներով միջոցառումը հետաձգվեց:

Ըստ կանոնակարգի` փառատոնն անց էր կացվում հանրապետությունում գործող արվեստի դպրոցներում, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոններում, սպորտդպրոցներում գործող պարային խմբերի համար երեք` ՙԺողովրդական պար՚, ՙԴասական պար՚, ՙԺամանակակից պար՚ անվանակարգերում: Եվ ինչն էր ուրախալի, նկատում է տիկին Նաջարյանը, որ փառատոնին մասնակցելու ցանկություն են հայտնել շրջաններում գործող նման հաստատությունների պարախմբերը: Ճիշտ է, բոլոր շրջանները չէ, որ կարողացել են մասնակցել, ափսոսանք է հայտնում նա, բայց երևույթն ինքնին ողջունելի է, և հույս կա, որ հաջորդ անգամ օրինակը վարակիչ կլինի, և բոլոր շրջանները կձգտեն ներգրավվել: Ընդհանուր առմամբ, տեղեկացնում է տնօրենը, փառատոնին մասնակցել են 219 փոքրիկ և պատանի պարողներ: Ուրեմն, փառատոնը բավականին մեծ արձագանք է գտել այդ հաստատությունների ղեկավարության և պարուսույցների շրջանում: Եվ կարելի է ասել, որ նման միջոցառումների պահանջարկը մեծ է: Այս փաստը պալատի ողջ անձնակազմին, որ ջանք ու եռանդ չի խնայել պատշաճ մակարդակով փառատոնն անցկացնելու համար, շատ ոգևորեց, խոստովանում է Ն. Նաջարյանը:

Փառատոնի բացման արարողությունը տեղի ունեցավ մարտի 14-ին: ՙԺողովրդական պար՚ անվանակարգում մասնակցելու համար հայտ ներկայացրած պարախմբերը ելույթ ունեցան մարտի 24-ին, իսկ ՙԴասական պար՚ և ՙԺամանակակից պար՚ անվանակարգերում հայտ ներկայացրածները` մարտի 31-ին: Փառատոնի փակման արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 6-ին: Արարողության ժամանակ ելույթներ են ունեցել նշված անվանակարգերում` ՙԼավագույն կոմպոզիցիա՚, ՙԼավագույն բեմադրություն՚, ՙԼավագույն հագուստ՚, ՙԼավագույն կատարում՚ ենթաանվանակարգերում լավագույնը ճանաչված խմբերը, որոնց էլ տրվեցին համապատասխան դիպլոմներ: 

Ի՞նչ ակնկալիքներով է կազմակերպվել փառատոնը: Այս և այլ հարցերի շուրջ է մեր հարցազրույցը տնօրեն Նաիրա ՆԱՋԱՐՅԱՆԻ հետ:

-Ինչպե՞ս ծնվեց նման փառատոն անցկացնելու գաղափարը:

-1993-ից աշխատել եմ Ելենա Սերգեևնայի հետ Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում: Ես այն ժամանակ երաժշտական բաժնի վարիչն էի: Ինձ միշտ զարմացնում էին նրա մեծ աշխատասիրությունն ու անդադրում որոնումները: Նրա անշահախնդրությունն ու ազնվությունը զարմացնում էին. երբեք տարբերություն չէր դնում` ապահով, պաշտոնատար մարդո՞ւ, թե՞ աղքատ ընտանիքից էր երեխան: Նրա համար միայն մի հանգամանք էր կարևոր` երեխայի օժտվածությունը: Նրա անհեթեթ մահը ոչ մի կերպ չէր տեղավորվում մարդու ուղեղում: Մահվանից հետո նրա մասին շատ էր խոսվում, արվեստի դպրոցում բավականին հաճախ էին կազմակերպվում միջոցառումներ նրա հիշատակին: Իսկ վերջին տարիներին նրա մասին գրեթե չի խոսվում, նրա անունը կարծես մոռացվել է: Ես հասկանում եմ` կյանքը բարդ է, բոլորն էլ խնդիրներ ունեն: Բայց նման մարդկանց մենք իրավունք չունենք մոռանալու: Այս փառատոնը պետք է տեղի ունենար անցած տարվա ապրիլին: Քառօրյա պատերազմը խաթարեց պլանները: Հասկանալի էր, որ փառատոնը պետք է անցկացնել հավուր պատշաճի: Երկու անգամ սցենարը գրեցի: Առաջինը ենթադրում էր բոլոր մասնակից խմբերի ներկայությունը, որոնց համար պիտի պատմեինք տիկին Ելենայի կյանքի, ստեղծագործական ուղու մասին: Բայց շրջաններից խմբերը տրանսպորտային ծախսերը չկարողանալով հայթայթել, հրաժարվեցին ներկայանալ բացմանը: Ես հասկացա, որ բացման արարողության ժամանակ այլ հանդիսատես պետք է լինի` նրա գործընկերները, աշակերտները, հարազատները, բարեկամները, հարևանները, այսինքն այն մարդիկ, ովքեր ճանաչում էին նրան: Եվ այս մարդկանց համար այլ սցենար պետք է գրվեր: Շատ դժվար գրեցի, ես վախենում էի ինչ-որ կարևոր բան բաց թողնել: Երկար տևեց աշխատանքը: Բայց, կարծում եմ, ի վերջո ստացվեց: Այո, վերոնշյալ երեք անվանակարգերով եզրափակվեցինք: Ինչու՞: Որովհետև նա աշխատում էր հենց այդ երեք ժանրերում:

-Մեծ հաշվով բավականին հաջող անցավ փառատոնը: Իսկ թերություններ եղե՞լ են...

-ՙԴասական պար՚ անվանակարգում բավականին տխուր էր իրավիճակը: Ընդամենը 4 հայտ էր ներկայացվել: Շատ ցավալի և զարմանալի փաստ էր. չէ՞ որ նա մեծ նշանակություն էր տալիս հենց դասական պարին: Շատ էին սպորտային կամ ժամանակակից պարերը: Ողջունելի էր, որ շրջաններում գործող պարախմբերը կարողացան մասնակցել: Շատերի համար փառատոնն իսկական տոնախմբության էր վերածվել: Թեկուզ փառատոնի ձևաչափով էր կազմակերպված, մենք որոշել ենք, այնուամենայնիվ, երեխաներին ինչ-որ կերպ խրախուսել: Այս հանգամանքից ելնելով` յուրաքանչյուր անվանակարգի յուրաքանչուր տարիքային խմբում առանձնացրել ենք ՙԼավագույն հագուստ՚, ՙԼավագույն բեմադրություն՚, ՙԼավագույն կոմպոզիցիա՚ և ՙԼավագույն կատարում՚ ենթաանվակարգեր: Իմ նպատակը հետևյալն էր. այսօրվա սերունդն իմանա` ով էր պարուսույց Ելենա Սարգսյանը, իմանա, որ հենց նա է Արցախում հիմնադրել դասական պարարվեստի ուսուցման գործը: Բոլոր խմբերի պարուսույցների համար պատրաստում ենք պահպանված այն տեսահոլովակների պատճենները, որտեղ Ելենա Սերգեևնան դասավանդում, վարպետաց դասեր էր անցկացնում: Թող դիտեն, սովորեն և իմանան, որ Ստեփանակերտում ապրում էր մի զարմանալի կին, ով ջանք ու եռանդ չէր խնայել` հայրենիքում արվեստի այդ ճյուղը հիմնելու և զարգացնելու համար: 

- Փառատոնն արդյո՞ք շարունակություն կունենա:

-Գիտեք, երբ փառատոնն ավարտվեց, ինձ մոտենում էին մարդիկ և տալիս նույն հարցը: Այո, փառատոնը կդառնա ավանդական: Կարծում եմ, մեկուկես կամ երկու տարուց հետո նորից կկազմակերպենք, բայց արդեն ոչ թե որպես փառատոն, այլ մրցույթ: Իսկ եթե մրցույթ ենք կազմակերպում, այսինքն ավելի լուրջ և պատասխանատու միջոցառում, ուրեմն կանոնակարգը պետք է լինի ավելի մտածված, մշակված, հստակեցված: Եվ բոլոր այն թերությունները, որոնք առկա էին փառատոնի ժամանակ (պարերի չափազանց երկար տևողությունը, անվանակարգերին անհամապատասխանությունը), պետք է ձգտենք վերացնել: Եվ եթե դա մրցույթի ձևաչափով է լինելու, մենք մեր ընտրած հանձնաժողովի միջոցով անպայման ընտրական փուլ կանցկացնենք: 

 

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ