[ARM]     [RUS]     [ENG]

ՌՈՒՍԱԿԱՆ ԽՈՍՔԻ ՕՐԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ

ԱՀ  կրթության, գիտության և սպորտի նախարարության`  ՚Ռուսական խոսքի օրերՙ ծրագրի շրջանակում, ապրիլի 18-21-ը Արցախում անցկացվում են  ռուսաց լեզվի տոնակատարություններ:

Մեկնարկը տրվեց Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան հ. 3 միջնակարգ դպրոցում: Ներկա էին պետական այրեր, ԱՀ առաջին տիկինը, հյուրեր մայր Հայաստանից, ներկայացուցիչներ մայրաքաղաքի և Արցախի շրջանների դպրոցներից:

ՙՌուսական խոսքի օրերը՚ բացեց ԱՀ ԿԳՍՆ պետական տեսուչ, ռուսաց լեզվի գլխավոր մասնագետ, ծրագրի նախաձեռնող և համակարգող Ռուբեն Օսիպովը:

ՙՀայերն անչափ սիրում, գնահատում են իրենց երկիրը, լեզուն, բայց դա խոչընդոտ չէ աշխարհի առաջ բաց լինելու համար: Արցախն այն երկիրն է, որն  ամուր թելերով կապված է  Ռուսաստանի, նրա մշակույթի և լեզվի հետ՚,-ասաց նա`   ընդգծելով Արցախի դպրոցականների գիտելիքները ռուսաց լեզվի և գրականության, ռուս ժողովրդի պատմության ու մշակույթի վերաբերյալ,  դրանում կարևորելով ուսուցիչների դերը: Ըստ նրա` ավանդական դարձած այդ միջոցառումները ևս  խորհրդանշում են  հայ և ռուս ժողովուրդների ամուր բարեկամությունը:

Միջոցառման շրջանակում թիվ 3 դպրոցի ուսուցիչների և աշակերտների համատեղ ուժերով  ներկայացվեց ՙՄեզ պատգամել են պահպանել այս աշխարհը՚ վերտառությամբ գրական-երաժշտական կոմպոզիցիա պատերազմի և խաղաղության թեմայով: Արցախցին տեսել  է երեք պատերազմներ` Մեծ Հայրենական, 1991-94թթ. ազգային-ազատագրական պայքար և 2016թ. ապրիլյան պատերազմ: Բեմում ներկայացվածն այդ դժնդակ օրերի շունչն էր փոխանցում լսարանին: Ուսուցիչների երգչախումբը` Հայրենական մեծ պատերազմի տարիների հանրահայտ  երգերի կատարումներով, դպրոցականները` Արցախյան գոյամարտի մասին իրենց մտածումներով` համեմված ասմունքով, երգով, էկրանից ուղեկցվող պատերազմական տեսարաններով,  հերոսների նկարներով, դահլիճում ստեղծել էին հուզական մթնոլորտ: Ներկաները վերապրեցին այդ օրերի զգացումները: 

Հայրենիքն ամենասուրբն է արցախցիների համար, հանուն որի սերունդները չեն խնայել իրենց կյանքը: Արցախցին լավ գիտի խաղաղության գինը, որի համար նա թանկ է վճարել` հազարավոր ջահել կյանքեր: Ներկաները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեցին հայրենիքի համար  ընկածների հիշատակը:

Միջոցառման ընթացքում արժևորվեց իրական խաղաղության անհրաժեշտությունը: Ապրել, ապրել.  այս են տենչում արցախցի մանուկն ու մեծը: 

Բարձր մակարդակի միջոցառում ցուցադրելու համար նրա մասնակիցներին, ինչպես նաև Հայաստանում  նորերս  անցկացված ռուսաց լեզվի առարկայական օլիմպիադայում դպրոցի աշակերտների փայլուն հանդես գալու համար հ. 3 դպրոցի մանկավարժական կոլեկտիվին իր շնորհակալությունը հայտնեց ԱՀ ԿԳՍ նախարար Սլավա Ասրյանը: Նա ընդգծեց, որ ամեն տարի այս դպրոցի սաները արձանագրում են մեծ հաջողություններ ռուսաց լեզվից, ինչը առարկայի դասավանդման բարձր մակարդակի և նման միջոցառումների արդյունք է: 

Օրվա երկրորդ կեսին ՙՌուսական խոսքի օրերը՚ շարունակվեցին Ճարտարի հ. 5 միջնակարգ դպրոցում: ՙՀիշի’ր՚ վերտառությամբ միջոցառումը նվիրված էր ապրիլյան քառօրա պատերազմի անմեղ զոհ, դպրոցի աշակերտ Վաղարշակ Գրիգորյանի հիշատակին: Ներկա էին զինվորական գնդի ներկայացուցիչներ,  հայտնի հեռուստալրագրող, հրապարակախոս, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ցվետանա Պասկալևան, որը նաև ՙՌուսական խոսքի օրերի՚ պատվավոր հյուրն էր: 

Հյուրերին դիմավորեցին զինվորական նվագախմբով, հնչեց Արցախի օրհներգը:  Միջոցառումն անցկացվեց դպրոցի բակում`  Վ. Գրիգորյանի հիշատակին  կառուցված  հուշախաչքարի մոտ,: Ներկաները ծաղիկներ    խոնարհեցին կոթողին:

 Աշակերտները ռուսերենով իրենց սերն ու նվիրվածությունը հայտնեցին հայրենիքին. շատ զրկանքներ, ցավեր է տարել նա, բայց ոչինչ և ոչ ոք չի կոտրել նրան: Երեխաները հպարտության իրենց զգացումն արտահայտեցին իրենց ժողովրդի հանդեպ, քանզի  հայ մարտիկը մարդասպան չէ, այլ` զինվոր,  զինվորը  իր ժողովրդի,  հայրենիքի: Այդպես ասում են Արցախի բոլոր ծայրերում բոլոր երեխաները, բայց երբ դա ասում է սահմանից ընդամենը 7-8 կմ հեռավորության վրա գտնվող զինվորական ավանի երեխան, որը սոսկ չի  արտասանում   ՙպատերազմ՚ հրեշավոր  բառը,  այլ եղել է պատերազմի ականատեսը, թշնամու թիրախը,   ապրիլյան քառօրյայում իր մաշկի վրա  կրել է  նրա բոլոր դառնությունը.  կորցրել է եղբորը, համադասարանցուն,   ընկերոջը, ապագա ուղերձ է  ամբողջ աշխարհին` ՙՈչ` պատերազմին՚:: 

Ռուբեն Օսիպովն իր ելույթում հիշեց ապրիլյան պատերազմից մեկ ամիս առաջ այս դպրոցում կատարած տեսչական ստուգումները. տեսել են գիտելիքների ձգտող աշակերտների, որոնց մեջ էր նաև խելացի Վաղարշակը,  իրենց գործը նվիրումով կատարող ուսուցչուհիների, որոնք հիմնականում սպաների կանայք են: 

ԿԳՍՆ տեսուչ, հայոց լեզվի գլխավոր մասնագետ Գայանե Գրիգորյանը նույնպես  իր հիացմունքն արտահայտեց զինվորական գնդի և դպրոցի սերտ համագործակցությունից: Ճակատագրի դառը կամոք, թշնամին թիրախավորեց հենց այս դպրոցը… Անասելի ողբերգություն ապրեցինք բոլորս: Եվ այս անգամ էլ հայի անկոտրում ոգին հաղթեց: Ի նշան այդ ոգու և հայի հարատևության`  Գ. Գրիգորյանն արտասանեց  հայ մեծ բանաստեղծի` դեռևս անցայլ դարի սկզբին գրված, բայց այսօր էլ այնքան արդիական հնչող բանաստեղծությունը.   ՙՄի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին՚: 

Իսկ միջոցառման հյուր, ԵՊՀ ռուսաց լեզվի ամբիոնի դոցենտ  Կարինե Մինասյանն իր տպավորությունները հակիրճ այսպես ներկայացրեց. ՙԻ՛նչ գեղեցիկ երեխաներ ունենք մենք և ինչ հուսալի պաշտպաններ, որովհետև երբ կանգնում ես այս մարդկանց և հայրենիքի պաշտպանների կողքին, հասկանում ես, որ ոչնչից պետք չէ վախենալ, և դրա համար` ձեզ շնորհակալություն՚: 

 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ