[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ՊԱՐՏՔՆ Է

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունում արդեն ավանդույթ է դարձել ապրիլի 18-ին՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա կապակցությամբ, կազմակերպել հանդիսավոր միջոցառումներ, հնագիտական պեղումների և պատմական հուշարձանների պահպանման և վերականգնման վերաբերյալ կատարված աշխատանքների մասին հաշվետվություններ։

Նույն օրը զբոսաշրջության վարչությունում կայացած հանդիսավոր միջոցառմանը ներկա էին էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը, փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը, կառույցի պատասխանատուները, արշավախմբերի ղեկավարները։Օրվա առթիվ ԼՂՀ էկոնոմիկայի նախարարը պարգևատրեց մի խումբ աշխատակիցների։ Դիզափայտի Կատարո վանքի վերականգնման  գործում մեծ ներդրում ունենալու համար ՙԵրախտագիտություն՚ մեդալով պարգևատրվեց ՌԴ քաղաքացի, ծննդով Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղից բարերար Նարվիկ Առաքելյանը, ՙՏիգրանակերտ՚ պետական պատմամշակութային արգելոցի հուշարձանի պահապան Հարություն Բաղրյանը՝  ԼՂՀ վարչապետի հուշամեդալով։ Իսկ Հադրութի բնակիչ Վահան Բադասյանը Դիզափայտի Կատարո  վանքի վերականգնման գործում մեծ ներդրում ունենալու համար պարգևատրվեց ԱՀ էկոնոմիկայի նախարարության ոսկե մեդալով։ Բարեխիղճ աշխատանքի համար պատվոգրերի արժանացան Իգոր Թևոսյանը, Գնել Համբարձումյանը, Նարինե Վանյանը, Ահարոն Արզումանյանը։ 

Կարևոր համարելով հուշարձանների պահպանության գործը՝ Ա. Խաչատրյանն ասաց, որ մեր հնագույն հուշարձանները, խաչքարերն ու եկեղեցիները այն հիմնարար ապացույցներից են, որ հայ ազգը եղել է, կա ու կլինի: Իսկ պատմամշակութային արժեքների պահպանումը յուրաքանչյուր հայի պարտքն է դրանք սերնդեսերունդ փոխանցելու, աշխարհին  ներկայացնելու համար: 

Այնուհետև միջոցառման  մասնակիցները ծանոթացան 2016 թվականին Արցախում իրականացված հնագիտական պեղումների մասին հաշվետվություններին: 

Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանը ներկայացրեց ՙՔարինտակ՚ քարանձավի հնագիտական պեղումները, կատարված աշխատանքների հիմնական դրույթները։ Աշխատանքներն սկսվել են 2011թ., երբ Շուշիի և հարակից շրջաններում տարբեր հետախուզական պեղումներ էին ընթանում։ Վեց տարվա աշխատանքների հիմնական նպատակն էր առանձնացնել այս  քարանձավը, որտեղ կան հարուստ  տվյալներ մարդու ապրելակերպի վերաբերյալ։ Քարինտակի քարանձավի առաջին փորձնական պեղումը ցույց տվեց, որ այդտեղ կան քարե դարի և ավելի ուշ ժամանակաշրջանների նստվածքներ։ Գործնական պեղումներն սկսվել են 2014թ., երբ արշավախմբին միացավ ԱՄՆ¬ի փորձառու մասնագետներից մեկը։ 2014¬2015թթ. կատարված 4 այցելությունների ընթացքում արշավախումբը հավաքեց նախնական նմուշներ, որոնք թույլ տվեցին վստահ շարունակել աշխատանքը։ 9¬հոգանոց արշավախմբում մեծամասամբ երիտասարդներ են ընդգրկված, բայց, ինչպես խոստովանում է Լ. Եպիսկոպոսյանը, նրանք շատ փորձառու մասնագետներ են։ Միջազգային այս արշավախմբում կան Լեհաստանի Պոզնանի և Կրակովի համալսարաններից մասնագետներ (հնէամարդաբան, գենետիկ)։ 

Արշավախմբի ղեկավարը սլայդներով  ներկայացրեց պեղավայրերը, կատարված աշխատանքների ծավալները։ Պեղավայրը գտնվում է Քարինտակ գյուղի դիմահայաց սարի գագաթին, որը ժողովրդի շրջանում հայտնի է Ալեքսանա Ղուզե անունով։ Փորձելով անվանումը հայկականացնել, մասնագետները քարանձավն անվանեցին ՙՔարինտակ՚։ Քարանձավն ունի որոշ առանձնահատկություններ, այն ենթարկված է էռոզիաների, և առկա փլուզումներն ստիպում են ավելի զգուշավոր աշխատել։ Հենց առաջին տարվա ընթացքում հստակեցվել է հատակագիծը, որը թույլ է տվել պատկերացում ստանալ քարանձավի կառուցվածքի, թաքնված խոռոչների մասին։ Պեղավայրի կլիմայական պայմանները շատ կայուն են և թույլ են տալիս ապահովել կենսաբանական նյութերի պահպանումը։ Նախորդ տարի մասնագետների հայտնաբերած ոսկրանյութի ԴՆԹ-ն պահպանված էր։ Այն ուսումնասիրման փուլում է։ Լ. Եպիսկոպոսյանն անդրադարձավ ներկայիս  պեղումներին ներկայացվելիք պահանջներին։ Այս տարվա հունիսին նախատեսվում է գեոֆիզիկական նպատակասլաց աշխատանքի իրականացում, որպեսզի առավել ընդհանրական պատկերացում լինի առկա շերտերի վերաբերյալ։ ՙԵթե ֆինանսական և մնացած ռեսուրսները թույլ տան, մենք կունենանք նաև հստակ նկարագրություն ժամանակագրական առումով, ինչպես դա արվել է Ազոխի քարանձավում։ Հայտնաբերված նմուշները, կենդանիների ոսկրանյութերը պատրաստվում ենք ենթարկել գենետիկական ուսումնասիրության՚,¬նշեց արշավախմբի ղեկավարը և շնորհակալություն հայտնեց աշխատանքի համար նպաստավոր պայմաններ ստեղծողներին ու աջակիցներին։ 

2016թ. Տիգրանակերտի հնագիտական պեղումներին անդրադարձավ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը։ Շնորհավորելով ներկաներին օրվա առթիվ՝ նա դրվատելի համարեց, որ Արցախում մեծ ուշադրության է արժանանում պատմամշակութային հուշարձանների պահպանությունը։ Տիգրանակերտ հնավայրը հետազոտվում է արդեն 13 տարի։ Սահմանափակ հնարավորությունները դանդաղեցնում են աշխատանքների ընթացքը։ Հ. Պետրոսյանի պարզաբանմամբ՝ 2016-ին պեղավայրի համար ֆինանսավորում չէր նախատեսվել, բայց շնորհիվ վարչապետ Արայիկ Հարությունյանի և մյուս բարերարների հնարավոր եղավ շարունակել պեղումները։ Նրա կարծիքով՝ այսօր Արցախի մշակույթի հետազոտման ամենամեծ խնդիրը ֆինանսավորումն է։ Տիգրանակերտի արշավախումբը ձևավորվել է  տարիների ընթացքում։ Կազմում ընդգրկված են հնագետներ, ճարտարապետներ, եղել են նաև հնաբուսաբան, շերտագրաբան և քարերի մշակման մասնագետներ։ Անցյալ տարի պեղումներն իրականացվել են 4 հիմնական հատվածներում՝ ամրացված թաղամասի պարսպապատի, նույն թաղամասի հարավ¬արևելյան դարավանդային տարածքներում, վաղ քրիստոնեական հրապարակում և արևելյան դամբարանադաշտում։ Արշավախմբի ղեկավարը ներկայացրեց կատարված բոլոր աշխատանքները։ 2016թ. առաջ են ընթացել ընդամենը 16 գծամետր։ Տիգրանակերտի տարածքն ամենավաղ շրջանի կրաշաղախի կիրառման կենտրոնն էր։ Նյութն օգտագործել են պատերի և ժայռերի ամրացված անկյունները փակելու, պարսպի փուչ մասերը լցնելու համար, որպեսզի ջուրը չթափանցի։ Հ. Պետրոսյանի պարզաբանմամբ՝ Տիգրանակերտի պարսպի համար օգտագործված հում աղյուսն էկոլոգիապես ավելի մաքուր ու հարմար նյութ է։ Նա սլայդներով ներկայացրեց քաղաքի աղյուսաշեն կառույցները, հայտնաբերված խեցեղենը, մյուս գտածոները։ Ամեն տարի այստեղ հայտնաբերվում են միջնադարյան ջնարակապատ խեցեղենի 1500-3000 բեկորներ։ Ըստ Հ. Պետրոսյանի, աշխարհի ոչ մի հնավայր նմանատիպ հարուստ հավաքածու չունի, որովհետև Տիգրանակերտի տարածքը շատ ինտենսիվ մշակութային գոտի է։

ՙՊատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն՚ ՊՈԱԿ¬ի  փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանը հանդիպման վերջում ներկայացրեց Նոր Կարմիրավանի և Շուշիի Վերին մզկիթի հարակից տարածքի հնագիտական պեղումների աշխատանքների ընթացակարգը։ 

Հաշվետվությունների ընթացքում կայացան բուռն քննարկումներ պեղավայրերի անվանումների և հնագիտական այլ աշխատանքների վերաբերյալ։  

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ