[ARM]     [RUS]     [ENG]

ՓՈՔՐԻԿ ՇԵՓՈՐԱՀԱՐԸ ԿՐԿԻՆ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ

Չնայած տարիքին, 11-ամյա շեփորահար Արամ Գալստյանը մայրաքաղաքում բավականին ճանաչելի է դարձել: Վերջին մի քանի տարիների ընթացքում նա հասցրել է մասնակցել տարբեր` Գյումրիում անցկացվող ՙՎերածնունդ՚ երաժիշտ-կատարողների, Մոսկվայի ՙՄշակույթի զանգը՚ երաժիշտ-կատարողների, Երևանի ՙԱրտ մյուզիկ՚ միջազգային և հանրապետական փառատոներին:

Եվ ամեն անգամ նա վերադարձել է մրցանակներով: Ահա և հիմա մարտի վերջին առաջին անգամ մասնակցելով 2010 թվականից Երևանում անցկացվող ամենամյա ՙԱրտ մյուզիկ՚ մրցույթ-փառատոնին, նա վերադարձավ ոսկե մեդալով: Ինչո՞վ են պայմանավորված փոքրիկ շեփորահարի հաջողությունները: Այս գաղտնիքը փորձեցինք պարզել հենց Արամից` նրան զրույցի հրավիրելով ՙԱԱ՚-ի հյուրասրահ:

Արամը ծնվել է 2006 թվականին, Ստեփանակերտում: Երբ սովորում էր Շուշիի Դանիել Ղազարյանի անվան հանրակրթական-երաժշտական դպրոցում, նրա առաջին ուսուցիչն էր ԼՂՀ արվեստի վաստակավոր գործիչ Ալբերտ Սաֆարյանը: 2016-ից Արամը շարունակում է կատարելագործվել Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում` շնորհաշատ շեփորահար Դավիթ Հարությունյանի դասարանում: Այժմ նա 4-րդ դասարանում է:

-Արամ, նախ շնորհավորում եմ հերթական հաղթանակի առթիվ և ցանկանում նորանոր հաջողություններ: Կպատմե՞ս, ինչպես ստացվեց քո մասնակցությունն այդ մրցույթին, և ինչպե՞ս հասար նման հաջողության:

-Դե, իմ դասատուն իմացավ այդ մրցույթ-փառատոնի մասին, և մենք սկսեցինք պատրաստվել: Ուղարկեցինք հայտ, որտեղ նշեցինք` ինչ ենք նվագելու: Ամեն օր պարապում էինք:

-Ապա խոստովանիր` օրը քանի՞ ժամ:

-Օրը` երկու ժամ: Իսկ արձակուրդների ժամանակ ամեն օր, և օրը` 4-5 ժամ էինք պարապում:

-Իսկ ի՞նչ ես նվագել մրցույթի ժամանակ:

-Բաբաջանյանի ՙՆոկտյուրնը՚ և Հարությունյանի ՙՍկերցոն՚:

-Ինչպիսի՞ն էր մրցույթում տիրող մթնոլորտը: Ինչպե՞ս էին նվագում մյուս մասնակիցները: Հուզվու՞մ էիր:

-Գիտե՞ք, ընդհանրապես ես չեմ հուզվում մրցույթների ժամանակ: Բայց այս անգամ, երբ բարձրացա բեմ, չգիտեմ` ինչու, սկսեցի հուզվել: 

-Եվ ինչպե՞ս քեզ հավաքեցիր:

-Սկսեցի մտածել երաժշտության մասին: Պարզապես սկսեցի նվագել: Եվ ամեն ինչ մտավ բնականոն հունի մեջ:

-Իսկ հանձնաժողովի անդամները քեզ ի՞նչ ասացին` գովեցի՞ն, թե՞ ասացին, որ ավելի լավ կարող էիր նվագել:

-Անկեղծ ասած, ես փոքր-ինչ դժգոհ եմ հանձնաժողովի գնահատականից: Ես ստացա 58 բալ, ամենալավ ելույթն իմն էր, ինձանից հետո ամենաբարձր գնահատականը 48 բալ էր: Ես լավ նվագեցի, բայց երկու բալ չհերիքեց, որպեսզի արժանանամ գրան պրիի:

-Ոչինչ, ամեն ինչ դեռ առջևում է: Դեռ կհասցնես ստանալ մեծ մրցանակներ: Պատրաստվո՞ւմ ես հերթական մրցույթին մասնակցելու:

-Այո, պատրաստվում ենք մասնակցելու նոյեմբերին Մոսկվայում կայանալիք հանրահայտ ՙՇելկունչիկ՚ հեռուստատեսային միջազգային մրցույթ-փառատոնին: Երկու նոր մեծ ստեղծագործություններ պետք է սովորեմ, երկուսն էլ այս մրցույթի ծրագրից: Այո, չորս ստեղծագործություն պետք է նվագեմ: Եվ եթե ես լավագույնը լինեմ, եզրափակչում Բյոմեի ՙՀամերգը՚ կնվագեմ նվագախմբի հետ:

-Ես քեզ մեծ հաջողություն եմ ցանկանում: Իսկ մեծ հաջողության մարդ ինչպե՞ս է հասնում:

-Կարծում եմ, շատ պարապելով և երաժշտությունը շատ սիրելով: Գիտե՞ք, կար ժամանակ, երբ ես չէի հասկանում, որ պետք է շատ սիրես երաժշտությունը, պարզապես պարապում էի: Իսկ հիմա և այդ գործիքն եմ սկսել շատ սիրել, և այդ գործիքով հնչող երաժշտությունը: 

-Ինչքա՞ն շատ: Կուզենայի՞ր` երբ մեծանաս, հայտնի շեփորահար դառնալ:

-Դե, կուզենայի շեփորահար դառնալ: Բայց ես մի ուրիշ երազանք էլ ունեմ…

-Եվ ո՞րն է այդ երազանքը:

-Կուզենայի դառնալ զինվորական: Կա՜մ երաժիշտ, կա՜մ` զինվորական:

-Արամ, իսկ հանրակրթական դպրոցում ո՞ր առարկաներն ես սիրում:

-Շատ եմ սիրում մաթեմատիկան, նկարչությունը և գերմաներեն լեզուն, որն այս տարի սկսեցինք սովորել:

-Այնուամենայնիվ, երևի, երաժշտությունն ես շատ սիրում, որ պատրաստ ես ամեն օր 3-4 ժամ պարապել: Պատմիր, խնդրեմ, ուսուցչիդ մասին: Ինչպե՞ս են պարապմունքներն անցնում:

-Սկզբում, երբ գնացի այդ դպրոցը և սկսեցի իմ նոր ուսուցչի հետ պարապել, ինձ ազատ չէի զգում, ամաչում էի նրանից: Իսկ հիմա ընկերացել ենք, հարազատացել: Նա ինձ համար և՜ ընկեր է, և՜ ուսուցիչ: Ամեն ինչում ինձ օգնում է, էլ չեմ կաշկանդվում իր ներկայությունից, ազատ իրար հետ շփվում ենք:

-Իսկ տանը քեզ ո՞վ է օգնում դասերդ ավելի արդյունավետ կատարելու:

-Իմ սիրելի Կարինա տատիկը: Տանը նա է ինձ օգնում: Եթե պարապելիս ինչ-որ սխալ եմ անում, նա իսկույն շտկում է ինձ: Որպեսզի ինձ ավելի շատ օգնի, սկսեց ուսումնասիրել շեփորը, խորանալ այդ գործիքի վրա նվագելու վարպետության գաղտնիքների մեջ:

-Իսկ նվագած հեղինակներից ո՞ր մեկին ես ավելի շատ սիրում:

-Չեմ կարող ասել, բոլորին էլ սիրում եմ, որևիցե մեկին չեմ կարող առանձնացնել: Ես սիրում եմ նոր ստեղծագործություններ սովորել, ինչքան էլ բարդ լինի, հաճույք եմ ստանում:

-Քեզ նորանոր հաջողություններ և անչափ սեր դեպի երաժշտարվեստը:

-Շատ շնորհակալ եմ:

 

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ