[ARM]     [RUS]     [ENG]

ՕՎԿԻԱՆՈՍԻ ՄՅՈՒՍ ԱՓԻՑ ՄԻՆՉԵՎ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂ

ՙԿրթություն Հայաստան՚ ծրագիրը խոստանում է կամուրջ լինել

 Արյան կանչով ու պապի հետքերով Արցախ է եկել գրող Լեոնիդ Հուրունցի թոռնուհին՝ Լարիսա Հովհաննիսյանը: Պապը, ում, ի դեպ, ինքը չի տեսել, իր համար օրինակ է եղել. անկախ նրանից՝ որտեղ ես եւ ինչով ես զբաղվում` դու կարող ես եւ պետք է օգտակար լինես հայրենիքիդ:

Սերժ Թանկյանի հետ հանրահայտ ՙԱրի, իմ սոխակ՚-ի զուգերգն արցախցիներից շատերն են լսել: Բայց հաստատ քչերը գիտեն, որ այն ձայնագրվել է որպես Կարեն Հովհաննիսյանի ՙ1915՚ անվանմամբ ֆիլմի սաունդթրեք: Իսկ ավելի քչերն էլ գիտեն, որ Թանկյանի հետ երգողը Լարիսա Հովհաննիսյանն է՝ նշանավոր արցախցիներից մեկի՝ Լեոնիդ Հուրունցի թոռնուհին: ՙԵրգելն ինձ համար ավելի շատ հոբբի է: Այնպես ստացվեց, որ իմ երգից մի հատված ուղարկեցի Թանկյանին, ով հավանեց, եւ որոշեցինք ձայնագրել: Այդ երգը դարձավ իմ ամուսնու՝ Կարեն Հովհաննիսյանի ՙ1915՚ ֆիլմի գլխավոր երգերից մեկը: Իսկ մենք Թանկյանի հետ դարձանք լավ ընկերներ՚,- Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Սերժ Թանկյանի նկարով ազդագիրն էր ՙմեղավորը՚, որ նրա հետ զրույցը սկսվեց հենց երգի թեմայից: Հանդիպման բուն առիթը, սակայն, այլ էր: Լարիսան, ինչպես  նշեցինք, պապին չի տեսել, բայց խոստովանում է՝ հենց նա է եղել կյանքում իր իդեալը: Ամեն անգամ Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղ՝ պապի ծննդավայրը, գալիս է ջերմ  զգացումով: ՙԱյստեղ մի տեսակ շատ հարազատ է ինձ համար:  Օրերս նորից այնտեղ էի՝ մայրիկիս եւ ամուսնուս հետ: Դպրոցը պապիս անունն է կրում: Կոլեկտիվի հետ հանդիպեցինք: Շնորհակալ եմ, որ պապիս հիշատակն այդպես հարգում են՚,- հուզմունքը չի թաքցնում Լարիսա Հովհաննիսյանը:

Առաջին անգամ չի Արցախում: Այս անգամ միայն կարոտը չի բերել, այլեւ հայրենիքին օգտակար լինելու ցանկությունը: Լարիսան ՙԿրթություն Հայաստան՚ ծրագրի հիմնադիրն ու ղեկավարն է: Ծրագրի էությունը որոշված տարածքում գտնվող կրթօջախներում ուսուցիչների պահանջարկը ճշտելը եւ հավաքագրած մասնագետներին այդ բնակավայրերն ուղղորդելն է: Ներգրավված մասնագետները դպրոցում դասավանդելու համար ստացած աշխատավարձից բացի նաեւ հավելավճար են ստանում՝ ծրագրից: ՙՄենք պահանջում ենք, որ մեր ծրագրում ներգրավված մասնագետներն անպայման հենց տվյալ գյուղում ապրեն, այնտեղ տուն վարձեն: Տրանսպորտի հարցեր են ունենալու, դրա համար էլ որոշակի գումար մենք ավելացնում ենք իրենց աշխատավարձին, որ պետք է ստանան՝ որպես ուսուցիչ տվյալ ժամաքանակը դասավանդելով: Սակայն, հավատացնում եմ, գումարը մեր ծրագրում առաջնային դեր չունի. կան բազմաթիվ երիտասարդ մասնագետներ, ովքեր գիտակցում են այսօրվա սերնդին լիարժեք կրթություն տալու կարեւորությունը եւ պատրաստ են իրենց մասնագիտական կարիերայից երկու տարին այդ առաքելությանը նվիրել՚,- վստահեցնում է  Լարիսա Հովհաննիսյանը:

Ծրագիրը 2013 թվականից գործում է Հայաստանի Հանրապետությունում: 5 մարզերի 34 համայնքներում 75 ուսուցիչ, 5000 աշակերտ. ՙԿրթություն Հայաստան՚ ծրագրի արդյունքներն այս պահին նման ցուցանիշներով են բնութագրվում:  Կա նաեւ չչափվող արդյունք: Օրինակ այն, որ օվկիանոսի մյուս ափից երիտասարդ մասնագետը գալիս ու դասավանդում է սահմանամերձ գյուղում: Նման դեպքեր էլ կան: Սակայն հավաքագրված մասնագետների հիմնական մասը հենց ՀՀ-ից է: ՙԱյս պահին Սփյուռքից մեր մասնակիցներն ընդհանուրի մոտ 20 տոկոսն են կազմում՚,- մանրամասնում է Լարիսա Հովհաննիսյանը:

Հիմնական ուշադրությունը բնագիտական առարկաներին է բաժին հասնում. արտասահմանում կրթություն ստացած Լարիսան վստահ է՝ սա հենց այն ուղղությունն է, որի զարգացումը Հայաստանին եւ Արցախին մեկ այլ հարթություն կտեղափոխի՝ առաջընթացի հնարավորություններով: Արցախ ժամանել է ՀՀ-ում արդեն հաջողությամբ ընթացող ծրագիրն այստեղ եւս տարածելու համար: Ոչ թե հեռավոր ապագայում, այլ ընդամենը ամիսներ հետո: ՙՄեր թիմը Արցախ կգա, շնորհանդեսներ կկազմակերպենք կրթօջախներում, կներկայացնենք մեր ծրագիրը: Նախնական ծրագրերը կհստակեցնենք: Ամեն ինչ անելու ենք, որ 2018-ին ծրագիրն Արցախում եւս տարածվի,-մանրամասնում է Լարիսան:- Ընդ որում, պարտադիր չէ, որ դիմողը անպայման մանկավարժական կրթություն ունենա: Մեզ համար կարեւորն այն է, որ ինքը լավ մասնագետ լինի: Իսկ լավ մասնագետին նաեւ լավ ուսուցիչ դարձնելուն մեր վերապատրաստման կուրսերը կօգնեն՚: Դա պետք է նպաստի, որ Արցախից եւս մասնակիցներ ներգրավվեն: Դրա հետ նաեւ դրսից մասնագետներ ներգրավելու հեռանկար է դիտարկվում: Արցախում դասավանդել ցանկացող մասնագետների թվի պակաս չի լինի, վստահ է նախաձեռնության հեղինակը: ՙՍփյուռքահայ երիտասարդ մասնագետներ կան, ովքեր վստահեցնում են. եթե ծրագիրն Արցախում տարածվի՝ անպայման կմասնակցեն՚,- ասում է ՙԿրթություն Հայաստան՚ ծրագրի ղեկավարը: Ընդհանուր առմամբ, այս պահին ծրագրին մասնակցելու 450 հայտ ունեն, պետք է ընտրեն մոտ 50-ը: Թե հայտատուներից  քանիսը կգան Արցախում դասավանդելու՝ կփորձի հստակեցնել առաջիկա օրերին՝ կրթության ոլորտի պատասխանատուների հետ հանդիպումների ընթացքում: Այս պահին գիտի միայն, թե իր պապի անունը կրող Նոր Շենի դպրոցը ֆիզիկայի ուսուցչի կարիք ունի: ՙՉեմ ասում՝ ամենաառաջինը, քանի որ դեռ պետք է Արցախի առաջնահերթություններն ուսումնասիրենք, բայց առաջիններից մեկը Նոր Շենի դպրոցի ֆիզիկայի ուսուցչի հարցը կկարգավորենք՚,- խոստացել է Լեոնիդ Հուրունցի թոռնուհին:

ՙԿրթություն Հայաստան՚ ծրագիրն արդեն 4 տարեկան է: Նախաձեռնության հիմնադիրը նպատակ ունի ցանցը տարածել հայկական երկու հանրապետությունների ողջ տարածքում: Մանրամասները հասանելի են համացանցում՝  www.teachforarmenia.org հասցեում: Նախաձեռնության խորհրդի կազմում են նաեւ IDeA հիմնադրամի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը, ՙՍիմոնյան՚ կրթական հիմնադրամի հիմնադիրներից Սեմ Սիմոնյանը:

 

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ