[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ՝ ՙԱՐՎԵՍՏԸ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ՚

Ապրիլի 27-ին Շուշիում մեկնարկեց ՙԱրվեստը հանուն խաղաղության՚ խորագրով միջազգային նոր նախագիծը, որի մասնակիցներն են իտալացի դաշնակահար, դիրիժոր, Արցախում պատանի երաժիշտների ՙՏնջրե՚ միջազգային փառատոնի մասնակից և պաշտոնական նվագակցող (2013, 2015թթ.), ինչպես նաև նախագծի գեղարվեստական ղեկավար Լուկա Ֆերինին (Իտալիա), ջութակահար Չրտոմիր Շիշկովիչը և կլառնետահար Յոժե Կոտարը (Սլովենիա), թավջութակահար Սևակ Ավանեսյանը (Բելգիա)։ Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցավ  նախարար Նարինե Աղաբալյանի հանդիպումը հյուրերի հետ լրագրողների մասնակցությամբ։ 

 Հյուրերին բարի գալուստի ու ողջույնի խոսք ասաց նախարար Ն. Աղաբալյանը՝ ընդգծելով նոր նախագծի կարևորությունը Արցախում  մշակույթի զարգացման և խաղաղության հաստատման գործում։ Նա ասաց, որ  ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանը խախտեց 1994-ին կնքված զինադադարի մասին համաձայնագիրը, Արցախը հայտնվեց պատերազմական իրավիճակում, և տղամարդիկ, այդ թվում նաև արվեստագետներ, նկարիչներ, երաժիշտներ, ստիպված էին թողնել աշխատանքը, գնալ պաշտպանելու իրենց օջախները, հայրենիքը։ Ազգը ստիպված է մշտապես պայքարել ապրելու, գոյատևելու և միաժամանակ ստեղծելու իրավունքների համար։ Նախարարը երախտագիտություն հայտնեց Լուկա Ֆերինիին մշակութային այս ծրագրի նախաձեռնության համար, վստահություն հայտնեց, որ, ի դեմս Շիշկովիչի և Կոտարի, Արցախը նոր բարեկամներ է ձեռք բերելու։ Իսկ Սևակ Ավանեսյանի հետ նախարարի ծանոթությունը սկսվել է մեկ տարի առաջ, երբ նա  ընկերների հետ պատրաստակամություն է հայտնել իր նպաստը բերելու Արցախում խաղաղության հաստատմանը, արվեստի զարգացմանը, և գուցե ոչ սովորական հնչի, որ հենց այն օրհասական օրերին հայտնի թավջութակահարը Արցախի երեխաների համար ձեռք է բերել երաժշտական գործիքներ. այսինքն, հայը երբեք չի կորցնում հույսը վաղվա օրվա հանդեպ և համոզված է, որ մատաղ սերունդը շարունակելու է զարգացնել իր ստեղծագործական կարողությունները։ 

Արցախի բարեկամ, դաշնակահար Լուկա Ֆերինին իր խոսքում պատմեց, թե ինչպես է հղացվել գաղափարը, ինչպես է քննարկման դրվել իր հին ու նոր ընկերների հետ։ Նա նշեց, որ արվեստի մարդիկ խաղաղության քարոզիչներ են, և այս նախագիծը լավ սկիզբ է, հատկապես այս օրերին, որ Արցախում տեղի են ունենում մշակութային փառատոներ։ Խաղաղության ծրագրի իրագործմանը մասնակից են նաև ունկնդիրները, որոնց ժպիտներն ու ծափերը ոգեշնչում են արվեստագետներին։ Արվեստը միջոց է խաղաղության հաստատման համար, և ոչինչ չի կարող խանգարել իրագործելու ծրագիրը, որ այն  շարունակական կլինի։ 

Թավջութակահար Սևակ Ավանեսյանն ասաց, որ ինքը շատ գրքեր է կարդացել, տեսաֆիլմեր է դիտել և Արցախը իրեն հարազատ է դարձել (նաև կինն է արցախցի),  բայց առաջին անգամն է այստեղ։ Ի դեպ, Ավանեսյանների ընտանիքի անդամներ մասնակցել են Արցախի ազգային ազատագրական պայքարին։ Երկար ապրելով Եվրոպայում՝ երաժիշտը մտածեց, որ ժամանակն է գալ և իր նպաստը բերել Արցախի մշակութային կյանքին։ Իսկ մեկ տարի առաջ, երբ Արցախում հանկարծակի պատերազմ սկսվեց, նա իր ընկերներով, ծանոթ-անծանոթ հայերով պատրաստ էր գալ մասնակցել հայրենիքի պաշտպանությանը, բայց նրանց ասացին, որ պատերազմի դեմ կարող են օգտագործել լավագույն զենքը՝ երաժշտությունը. Բելգիայում կազմակերպվեցին համերգներ, որից ստացված հասույթը տրամադրվեց  ապրիլյան պատերազմից տուժած ընտանիքներին։ Ս. Ավանեսյանը հավաստիացրեց, որ հետագայում ինքը կշարունակի իր նպաստը բերել Արցախում մշակույթի զարգացմանը։ 

Նույն օրը Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում տեղի ունեցավ համերգ Լուկա Ֆերինիի (դաշնամուր), Չրտոմիր Շիշկովիչի (ջութակ), Յոժե Կոտարի (կլառնետ)), Սևակ Ավանեսյանի (թավջութակ) մասնակցությամբ։ 

Ծրագրում ընդգրկված էին Օտտորինո Ռեսպիգիի, Լյուդվիգ Վան Բեթհովենի, Սեբաստիան Բախի, Բրամսի, Նինո Ռոտայի, Զլատան Վաուդայի, Դարիուս Միյոյի և այլ երգահանների ստեղծագործություններից։ 

Նախագծի շրջանակներում (այն կտևի  մինչև ապրիլի 30-ը) Ստեփանակերտում կայանալիք  համերգին կմիանան նաև արցախցի երիտասարդ երաժիշտները, իսկ Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում կանցակցվեն ջութակի և կլառնետի  վարպետության դասեր։ 

 

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ