[ARM]     [RUS]     [ENG]

ՙԿՈՄԻՏԱՍԸ ՆԱԽ ԵՎ ԱՌԱՋ ԼՈՒՅՍ Է՚

Ապրիլի 26-ին Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում ելույթ ունեցավ Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար Հարություն Թոփիկյան): Ներկա էին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, երաժշտասերներ:

 Երգչախումբն ստեղծվել է մեր նորագույն պատմության դժվար տարիներին՝ 1996 թվականին՝ Հարություն Թոփիկյանի նախաձեռնությամբ և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի բարձր հովանու ներքո: Մաեստրոյ Թոփիկյանի խոստովանությամբ՝ երգչախմբի ստեղծման գաղափարը միջոց էր իրականացնելու իր մեծ իղձը՝ կոմիտասյան մեզ հասած ժառանգությունը կատարելու և տարածելու առաքելությունը: Երգչախումբը կարճ ժամանակահատվածում նվաճել է իր ուրույն տեղը հայ երաժշտական հանրության շրջանում, ներկայացնելով դասական և ժամանակակից կոմպոզիտորների խմբերգային բարձրաճաշակ կատարումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Երգչախմբի աջակցությունը շարունակվել է նաև  Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից, իսկ 2009թ. այն ստացել է պետական կարգավիճակ: Իր գործունեության ընթացքում երգչախումբը թողարկել է 10 ձայնասկավառակ: 2000թ. Գլենդելում (ԱՄՆ) ՙBEST TRADITIONAL ALBUM՚ մրցանակը շնորհվել է երգչախմբի կողմից ձայնագրված ՙԿոմիտաս վարդապետի երաժշտությունը՚ ձայնասկավառակին: 

2001թ., Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարությունների շրջանակներում, երգչախումբն իտալական աշխարհահռչակ ՙԼա Սկալա՚ ֆիլհարմոնիկ երգչախմբի և նվագախմբի հետ ներկայացել է համատեղ համերգով: Երգչախմբի նրբաճաշակ կատարողական արվեստը ճանապարհ է հարթել դեպի աշխարհի գրեթե բոլոր հայտնի երաժշտական կենտրոններ, երգչախմբային փառատոններ: Հատկանշենք` 2003թ. երգչախումբը հրավիրվել է մասնակցելու ՙՍանկտ Պետերբուրգյան դղյակներ՚ փառատոնին, որտեղ ներկայացրել է հայ հոգևոր և աշխարհիկ խմբերգեր: Փառատոնի շրջանակներում երգչախումբն արժանացել է Սանկտ Պետերբուրգի նոր օրհներգն առաջին անգամ կատարելու պատվին: 2008թ. մասնակցել է Երևան-Մոսկվա-Շուշի-Բեթղեհեմ հեռուստամարաթոնին, իսկ 2009թ.-ին արդեն երրորդ անգամ հրավիրվել մոսկովյան ՙՀարության փառատոնին՚:

2009թ. Կոմիտասի ծննդյան 140-ամյակի առթիվ երգչախումբը բազմաթիվ համերգներով հանդես է եկել ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում` ներկայացնելով Կոմիտասի ստեղծագործությունները և հանրությանը ճանաչելի դարձնելով մեծն կոմպոզիտորի մեզ հասած ժառանգությունը:

2010թ. երգչախումբն իր բարձր կատարողական արվեստով փայլում է Իտալիայի ՙԼորետտո՚ 50-րդ միջազգային փառատոնին, ինչը հեռուստասփռվում է աշխարհի 50 երկրներում:

Վերջին տարիներին երգչախումբը հանդես է գալիս նաև ջազային կատարումներով: Ստեփանակերտի երաժշտասեր հասարակությունը գերված էր 2015թ. աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի և Երևանի պետական կամերային երգչախմբի համատեղ տրված, աներևակայելի լուծումներով հագեցած, հայ հնագույն երաժշտությունը նրբաճաշակ կատարումներով ներկայացված համերգով: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում իրականացված ՙԼույս ի լուսո՚ նախագծի ներքո  երգչախումբը 2015թ. ընթացքում Տիգրան Համասյանի հետ հանդես է եկել մի շարք եվրոպական և Հայաստանի հարևան երկրներում (Վրաստան, Թուրքիա), ներկայացնելով հայ հնագույն երաժշտությունը՝ շարականներ և տաղեր` դաշնակահարի յուրօրինակ մեկնաբանությամբ:

Ստեփանակերտյան համերգը, իհարկե, սկսվեց Կոմիտասի բազմաբնույթ թեմաներից ծաղկաքաղ արված երգերից, որոնց մեջ իշխում էին կատակ-երգերը: Մաեստրո Թոփիկյանի մեկնաբանությամբ` Կոմիտասը նախ և առաջ լույս է, և այդ լույսը նա սփռում է իր երգերում: Երգչախմբի բարձրարվեստ կատարումներով հանդիսատեսին հասու դարձավ կոմիտասյան լույսը, որը տարածվեց և իշխեց մարդկանց սրտերում: Նաև դա էր, երևի, պատճառը, որ հանդիսատեսը բարձր ու երկարատև ծափահարություններով փորձում էր երկարաձգել համերգը: Ցավոք, այն կարճ տևեց, քան կարող էր. երգչախումբը նույն այդ օրն է եկել Ստեփանակերտ և շատ հոգնած էր, ինչպես տեղեկացրեց մաեստրոն` ի պատասխան բուռն ծափահարությունների: Ի վերջո, հանդիսատեսի ջանքերը տեղ հասան. մաեստրոյի առաջարկով դահլիճը միացավ երգչախմբին, և միասին կատարվեց Կոմիտասի ՙԱզգային օրհներգը՚:

Ինչպես հայտարարեց խմբավարը, համերգը պայմանականորեն բաղկացած էր երեք մասից` մեծն Կոմիտասի երգերից, երգչախմբի երգիչ, կոմպոզիտոր Վիլլի Վայների գործերից և ջազային կոմպոզիցիաներից:

Ներկայացնում ենք Հարություն Թոփիկյանի հետ ունեցած ճեպազրույցը.

-Կոմիտաս և ջազային երաժշտություն մի համերգի շրջանակներում: Համատեղելի՞ են, ո՞րն է նպատակը:

-Շատ կարևոր թեմա բարձրացրիք: Կոմիտասի երաժշտության, հատկապես կատակ-երգերի մեջ այնքան կենսունակ ջազային տրամադրություն կա, որը ձգում է ջազ-երաժիշտներին, երկրպագուներին: Դա նկատելի դարձավ այս վերջին տարիներին, երբ մեր երգացանկի մեջ տեղ գտան ջազային գործերը: Պետք է ասեմ, որ դա ճիշտ որոշում էր, քանզի դահլիճ բերեց երիտասարդներին, որոնք զգացին կոմիտասյան երգերի հմայքը: Ասեմ նաև, որ դեռևս 1905 թվականին Կոմիտասը, ով տեղեկացված էր երաժշտական աշխարհի անցուդարձին, պատվիրել և ճեմարան է բերել տվել սաքսոֆոն, որը դեռ նոր էր ստեղծվել ու շատ քիչ էր օգտագործվում:

-Ինչպե՞ս է ընկալվում Կոմիտասն այլ երկրներում:

-Աշխարհի բոլոր անկյուններում, որտեղ ելույթ ենք ունեցել, Կոմիտասը ընկալվել է որպես բացառիկ երևույթ, ով այդքան սեղմ հնարավորություններով ստեղծել է այդքան բազմերանգ գունավոր աշխարհ: Դա ի զորու է միայն հանճարին: Ասեմ, որ ՙԼոռու գութաներգը՚ իր մեղեդային մտածողությամբ համարվում է համաշխարհային գանձ: 

-Նախատեսվո՞ւմ է հետագա համագործակցություն Տիգրան Համասյանի հետ:

-Արդեն ծրագրված է. մյուս տարի կմեկնենք Ամստերդամ, որտեղ Համասյանի հետ մեկտեղ երկու համերգ կտանք: Ընդհանրապես, այդպես է ընդունված` համերգներն սկսվում են CD ձայնասկավառակի արտադրությունից հետո: Համոզված եմ` դեռ շատ հրավերներ կստանանք: 

Էմմա ԲԱԼԱՅԱՆ