[ARM]     [RUS]     [ENG]

ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՉ ՖՈՐՄԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Ոչ ֆորմալ  կրթության ծրագրի շրջանակներում մայիսի 4-ին Արցախի  մայր բուհում անցկացվեց  հերթական դասախոսությունը։  ԱրՊՀ հյուրն այս անգամ արմատներով Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղից,  տնտեսագիտության թեկնածու, միջազգային տնտեսական իրավունքի  մագիստրոս, երևանաբնակ Գևորգ Թորոսյանն էր։

 Ներկայացնելով բանախոսին,  ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանն ասաց, որ  նա նաև կրթություն է ստացել Բեռնում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է դեռևս ուսանողական  տարիներին՝ Բրյուսովի  անվան համալսարանում հիմնելով փոքր տպարան, հետագայում այն օգտագործելով  նաև որպես իր ուսման համար կապիտալ։ Ղեկավարել է  տարբեր ծրագրեր Բալկաններում, Ուկրաինայում, Թունիսում, Հարավային Աֆրիկայում, Պակիստանում, Կոլումբիայում, Կենտրոնական Ամերիկայի  երկրներում, ինչպես նաև՝ Վաշինգտոնում։

Գ. Թորոսյանը ներդրումների կառավարման, գործարար միջավայրի բարելավման ոլորտներում ավելի քան 20 տարվա փորձ ունի և կարող է օգտակար լինել հայրենիքում մասնավոր հատվածի զարգացման, արտահանման խրախուսման, մրցունակության բարձրացման նախաձեռնություններում։ Մ. Մինասյանը շնորհակալություն հայտնեց մեր համերկրացուն՝  հրավերն ընդունելու, իսկ ՙՀելսինկյան նախաձեռնություն¬92՚ արցախյան կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանին՝ ոչ ֆորմալ կրթության  ծրագիրն արդյունավետ դարձնելու համար։ 

Գ. Թորոսյանը հանդես եկավ  ՙԳլոբալ ազգային տարածաշրջանային հաբ՚ խորագիը կրող  դասախոսությամբ, որի ժամանակ ներկայացրեց Հայաստանի (Արցախի) արագընթաց զարգացման իր տեսլականը։ Նրա  խոսքով՝ հայերը գլոբալ ազգ են, սփռված են ամբողջ աշխարհով, ավելին՝ համարվում  են մոլորակի  ամենախելոք ազգերից մեկը, բայց երկիրը տնտեսական բավարար զարգացում չունի։

Գ. Թորոսյանը համոզված է, որ հենց այդ՝ աշխարհով սփռված լինելու հանգամանքը պետք է օգտագործել երկրի զարգացածության ապահովման օգտին։ Հայաստանի ու Արցախի ֆիզիկական ենթակառուցվածքները, ռեսուրսները, հնարավոր է՝ թույլ չեն տալիս լինել տարածաշրջանային այն նորարարական հաբը՝ կենտրոնը տնտեսական ծրագրերի համար, բայց ինտելեկտուալ առումով այստեղ ռեսուրսները շատ են։  Նա ներկայացրեց իր դիտարկմամբ այն 5 կարևոր կետերը, որոնց խթանմամբ կարելի է հասնել երկրի տնտեսության արագ զարգացմանը։

Գիտնականը նաև նշեց, որ առաջիկա 10 տարիներին զարգացում ապահովելու համար անհրաժեշտ է խորացնել  տնտեսական  հարաբերությունները  հարևան  Պարսկաստանի, Ռուսաստանի, Արաբական և  Սև ծովի ավազանի, Կենտրոնական Ասիայի, ԱՊՀ երկրների հետ։  Տնտեսագետը զուգահեռներ անցկացրեց աշխարհի  երկրների ու Հայաստանի տարբեր համակարգերի միջև, ցուցանիշներ ներկայացրեց դրանց զարգացածության աստիճանի վերաբերյալ։

Ի՞նչ անել մակրոտնտեսական կայունության հասնելու համար, ինչպիսի՞ն է մեր երկրի ինստիտուցիոնալ  դաշտը, սեփականության իրավունքի, տնտեսական  մրցակցության պաշտպանության  մակարդակը, գործարար (ներդրումային) միջավայրի  ի՞նչ բաղադրիչներ են գործում, ի՞նչ զարգացածություն ունեն  ենթակառուցվածքները և դրանց զարգացման ի՞նչ  հեռանկարներ են առկա՝ այս հարցերի շուրջ Գ. Թորոսյանը հետաքրքիր մոտեցումներ ներկայացրեց։ Նրա դիտարկմամբ, Հայաստանում և Արցախում  սեփականության իրավունքի պաշտպանության մակարդակը և, ընդհանրապես, կադաստրային համակարգը զարգացած է։ Խնդիրներ  կան քաղաքացիների չգրանցված գույքի պաշտպանության, օրենքների կիրառման առումով, դատական  համակարգում։ Տնտեսական մրցակցության պաշտպանության մակարդակի   բարձրացման համար ներկայացվեցին առաջնային ոլորտներն ու գործիքները։

Խոսելով գործարար միջավայրի բարելավման խոչընդոտներից՝ բանախոսն առանձնացրեց հարկային վարչարարության մեջ առկա խնդիրները, սակայն վերջին տարիների դինամիկան ցույց է տալիս, որ հարկային ոլորտում քիչ բարեփոխումներ չեն կատարվել։ Գ. Թորոսյանը նշեց, որ գործարար և ներդրումային ոլորտում կա տեսչական  բարեփոխումների կարիք, պետական գնումների համակարգը ևս   ենթակա  է վերանայման։ Որպես տնտեսական առաջընթացի խոչընդոտ՝ ներկայացվեցին նաև ձեռնարկատիրական նախաձեռնողականության բացակայությունը, բարձր բանկային և վարկային ռիսկերը։  

Սրբուհի  ՎԱՆՅԱՆ