[ARM]     [RUS]     [ENG]

ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ԿՆՊԱՍՏԻ ՇՈՒՇԻԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԳԻՏԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆԸ

Մայիսյան եռատոնին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում Արցախի մայր բուհում մայիսի 8-ին տեղի ունեցած գիտաժողովի թեման վերաբերում էր զուտ Շուշի քաղաքին՝ հին ժամանակներից մինչև բերդաքաղաքի ազատագրում, մինչև մեր օրերը և կրում էր ՙՇուշին` պատմության քառուղիներում՚ խորագիրը։ 

 Ինչպես բացման խոսքում նշեց ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, թեմային առնչվող քսան զեկուցում էր նախատեսված, որոնցով հանդես կգան պատմաբաններ ինչպես Արցախից, այնպես էլ Հայաստանից։ Գիտաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ Երևանի պետական, Հայ-ռուսական և Գորիսի պետական համալսարաններից, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտից, և, իհարկե, Արցախում գործող բուհերից։ Գիտաժողովին ներկա էր մեր հանրապետության խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը։

ԱԺ նախագահի գլխավորությամբ գիտաժողովի մասնակիցները նախ հարգեցին Արցախյան պատերազմում զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը և ծաղիկներ դրեցին նրանց հուշակոթողին։ Այնուհետև մասնակցեցին Շուշիի ազատագրման 25-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը, որտեղ ներկայացված էին ԱրՊՀ կերպարվեստի բաժնի ուսանողների գործերը։

Գիտաժողովի լիագումար նիստին ողջույնի խոսք ասաց Ա. Ղուլյանը: Նրա խոսքով՝ միանգամայն բնական է, որ Արցախի պետական համալսարանն է դարձել այն հարթակը, որտեղ տարբեր ձևաչափերով միջոցառումներ են անցկացվում` նվիրված Եռատոնին։ Քառորդ դար առաջ մեր ունեցած ձեռքբերումները, ինչպես ասաց Ա. Ղուլյանը, անկախության տարիների ընթացքում ամրապնդվել են ու դարձել հայի ինքնության անբաժանելի մասը՝ անկախ այն բանից, թե աշխարհի որ անկյունում է նա ապրում։ Մայիսյան եռատոնն ամբողջացնող երեք հաղթանակների ընդհանուր գիծը հայի անպարտ ոգին ու կամքն է, որոնք ներդաշնակորեն փոխանցվել են սերնդեսերունդ։ Այդ խորհուրդը լրիվ ծավալով բացահայտվեց Շուշիի ռազմագործողությամբ, որն, առանց չափազանցության, աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդին միավորել էր մեկ ընդհանուր նպատակի՝ հնամենի բերդաքաղաքը կրկին հայեցի տեսնելու գաղափարի շուրջ։

- 25 տարի առաջ դժվար էր անգամ պատկերացնել, որ մայր բուհի կամարների ներքո կարող ենք հիմնավոր փաստարկներով խոսել Շուշիի իսկական պատմության մասին, նրա չաղավաղված անցյալի, հայեցի ներկայի ու խոստումնալից ապագայի մասին,-ասաց Աշոտ Ղուլյանը։ -Դժվար էր, բայց` ոչ անհնարին։ Այդ հնարավորությունը մենք կերտեցինք մեր իսկ ձեռքերով, մեր համառ ու նպատակաուղղված պայքարով։ Ցավոք, այդ ճանապարհին ունեցանք նաև անդառնալի կորուստներ. փառք ու պատիվ բոլոր նրանց, ում անունները ոսկե տառերով են գրվել մեր նորօրյա տարեգրության հաղթական էջերում։ Ուրախությամբ պետք է փաստենք, որ, ի թիվս այլ ձեռքբերումների, Շուշիի ազատագրումը նոր հնարավորություններ բացեց մեր գիտական շրջանակների համար՝ նոր ու խոր ուսումնասիրություններ իրականացնելու, բացահայտելու Շուշին պատմագրության, մշակութաբանության,  ռազմական արվեստի և մի շարք այլ ասպարեզներում։ Էլ ո՞ւմ, եթե ոչ հայկական գիտական ընտրանուն է վիճակված բացել այն շերտերը, որ նախորդ տասնամյակներին երբեմն միտումնավոր քողարկվել են պատմական ճշմարտությունն ամեն կերպ թաքցնելու նպատակով։ 

ԱԺ նախագահի համոզմամբ՝ գիտաժողովը ևս իր ներդրումը կունենա բերդաքաղաքին վերաբերող գիտական նյութերի շտեմարանը հարստացնելու գործում։ 

Ելույթի ավարտին Ա. Ղուլյանը շնորհավորեց բոլորին` Մայիսյան հիշարժան տոների առթիվ և մաղթեց, որ հայ ազգի միասնականությունն ավելի ամրապնդվի, և հայի անպարտ ոգին միշտ սնուցվի Շուշիի հաղթանակի նման օրինակներով։

ՙՇուշիի տեղն ու դերը հայոց քաղաքակրթական համակարգում՚ թեմայով  զեկուցմամբ հանդես եկավ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բալայանը։ Նա հատկապես կանգ առավ Շուշի քաղաքի այն առանձնահատկությունների վրա, որոնք ազդեցություն են ունեցել հայ մարդու կեցվածքի, հայ մարդու քաղաքական, տնտեսական, մշակութային համակարգերի ձևավորման վրա։ Զեկուցողը մի շարք աղբյուրների հիման վրա ներկայացրեց, թե ի սկզբանե ինչ է եղել Շուշի բնակավայրը, ինչ է տվել ընդհանրապես այն հայությանը։   

Լիագումար նիստն ավարտվեց Շուշիի ազատագրման մասին վավերագրական ֆիլմի ցուցադրմամբ։  

Գիտաժողովն իր աշխատանքները շարունակեց առանձին մասնախմբերում։

    

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ