[ARM]     [RUS]     [ENG]

ՇՈՒՇԻՈՒՄ ՄԵՆՔ ՍՈՎՈՐԵԼ ԵՆՔ ՀԱՂԹԵԼ

Մայիսի 5-ին ՙԳրիգոր Նարեկացի՚ պետհավատարմագրված համալսարանի պոեզիայի և գիտական նիստերի դահլիճում տեղի ունեցավ գրական ցերեկույթ` նվիրված Մայիսյան եռատոնին։

 Հավաքվածներին շնորհավորեց և մաղթանքներ հղեց  համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Ամալյա Գրիգորյանը, ընդգծելով, որ տոնն իր մեջ ամփոփում է հայ ժողովրդի ձեռքբերումները՝ Շուշիի ազատագրումը, կանոնավոր բանակի ստեղծումը, Մեծ Հայրենականի հաղթանակը: Արցախում ապրող գրողները, բնականաբար, չէին կարող չանդրադառնալ մեր ժողովրդի համար դարակազմիկ նշանակության իրադարձություններին, քանզի նրանցից յուրաքանչյուրն իր ներդրումն է բերել հաղթանակները կռելու գործին` նրանք ստեղծել ու ստեղծում են հայ ժողովրդի հերոսական տարեգրության գեղարվեստական պատկերը։ 

Մեկ-երկու բանաստեղծության ընթերցանությամբ հանդես են եկել Նվարդ Ավագյանը, Հրանտ Ալեքսանյանը, Ռոբերտ Եսայանը, Դավիթ Միքայելյանը, Զինաիդա Բալայանը, Արիս Գրիգորյանը, Ռուզան Գասպարյանը, երիտասարդ ստեղծագործողներից՝ Տաթև Սողոմոնյանը, Սոնա Համբարձումյանը։ 

Մեր ճեպազրույցները: 

Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ 

ԱՀ ԳՄ նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

-Ո՞րն է օրվա խորհուրդը։

-Օրվա խորհուրդը պիտի փնտրել հենց երեք երևույթների մեջ՝ Շուշիի ազատագրում, որը բեկումնային եղավ հայոց պատմության, ինչպես նաև ազգային ազատագրական պայքարի մեջ, ազգային բանակի ստեղծում, առանց որի չէին լինի Շուշիի ազատագրումը, մեր անկախությունը։ Մյուսը՝ Հայրենական մեծ պատերազմն է, որն իր մեջ ամփոփում և խորհրդանշում է նաև հայի հաղթանակը։ Հայ ժողովուրդն ամեն ինչ արեց Շուշիի հաղթանակն ապահովելու համար։ Նշված  հաղթանակների հիմքում դրված են մարդու ազատասիրությունը, անկախության, մարդու մարդ լինելու ձգտման գաղափարը։ 

Դարակազմիկ վերջին շրջանի իրադարձություններն ամեն օր հուշում են, որ հայ ժողովուրդն իր գոյատևելու ձևը պետք է տեսնի պայքարի մեջ։ Մանավանդ որ շրջապատված ես, մեղմ ասած` ոչ բարեկամներով։ 

Երկիրը լքողների թիվն ավելանում է, և հայ երեխաներ են ծնվում արտերկրում։ Սա ահավոր երևույթ է։

Ինչո՞վ է արդարացվում Մեծ Հայրենականի, Շուշիի հաղթանակը, եթե մենք պարտվենք, և ինչքան պիտի դարերի մեջ ունենանք եղերերգուներ, ինչքան պիտի Ապրիլյան եղեռնը դիմավորենք նոր զոհերով, ինչքան պիտի արյուն տանք...

Ուշադրություն դարձրեք, երբ Էրդողանը կարծես թե քաղաքակիրթ աշխարհի կողմից ՙշրջափակման՚ մեջ էր, դիմեց Եվրոպայում ապրող  հայրենակիցներին, ասելով` բոլոր լավ տները վերցրեք, բոլոր քաղաքները վերցրեք, լավ աշխատանքը վերցրեք՝ ապագան ձերն է լինելու։ Ուշադրություն դարձրե՞լ եք, նա չի ասում՝ տուն կառուցեք, քաղաքներ կերտեցեք, ասում է՝ տիրացեք։ Մենք պարտավոր ենք ունենալ հզոր բանակ, հզոր տնտեսություն, մեր անձը պիտի մոռանանք, ոչ թե դղյակներ կառուցենք, որտեղ Աստված մի արասցե՝ վաղը մեր թշնամին նստի։ Դպրոց ունենք՝ թուրքի մի ընտանիքի չափ երեխա չունի։ Իհարկե, մենք նահատակվել գիտենք, բայց սա բավարար չէ։ Պիտի սթափվենք, որ երկիրը չկորցնենք։ 

Այսօր մենք եռատոն ենք նշում, սրանից պայծառ տոն մենք չունենք։ Տոնում են մարդիկ, ովքեր զոհ են տվել այս հաղթանակի համար, և նրանց ուրախության մեջ մենք պիտի կարողանանք տեսնել այն խորը ցավը, այն սեղմած-թաքցրած կսկիծը, որ նրանք չեն արտահայտում։ Մենք պարտավոր ենք ուժեղ լինել. խոսքը ոչինչ է, եթե չկա գործ։ Ապրլյան քառօրյա պատերազմի ժամանակ հրաշք եղավ. 18-20 տարեկաններն իրենց մարմնով պաշտպանեցին հայրենիքը։ Սա է օրվա խորհուրդը։ Մեր ոտքի տակի հողը պիտի պահենք, որ վաղը գաղթական չդառնանք։ 

-Հարաբերական խաղաղության այս ժամանակներում ինչպե՞ս է ծնվում բանաստեղծ Վարդան Հակոբյանի տողը։

-Հարաբերական խաղաղություն չկա, պարզապես պատերազմ է, էն էլ՝ նամարդ պատերազմ, թուրքի նենգադավ պատերազմ։ Մեր հակառակորդի բնույթը սա է. նրա հետ ոչ բանակցել կլինի, ոչ պայմանագիր կապել. սահմանում զոհեր են լինում։ 

Բանաստեղծական տողն ինձ զգաստացնում է, տողը, որ գալիս է երկրի ընդերքից, անցնում հոգուս միջով... Իմ երկու թոռնիկները, մեր երեխաները սահման են պահում, իսկ քաղաքակիրթ աշխարհը ...խաղում է՝ չհասկանալով, որ 20 տարի հետո 1915-ի Արևմտյան Հայաստանում կատարվածը լինելու է Եվրոպայում։ 

-Այսօր բանաստեղծ Վարդան Հակոբյանին ի՞նչն է ոգեշնչում։

-Ինձ ոգևորում է ... հույսը։ Շատ եմ ուզում, որ այն խաբուսիկ չլինի։ Ինձ ոգևորում է հայկական, արցախյան բանակը, մեր տղաների ոգին, հզորությունը։ Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ մեզ հնարավոր չէ հաղթել։ Բայց կույր չլինենք, չմեծամտանանք, չգոհանանք։ Թույլ չտանք հակառակորդը ոտքն առաջ դնի։

Իմ տողը ոգեշնչում է իմ հայրենիքը, իմ Հայաստանը, իմ Արցախը, իմ հողը, որտեղից գալիս են իմ ներշնչումները։ 

Հողի ներշնչումը հիմնավոր է, արմատական է։ Հայոց հողն իր մեջ աստվածային ուժեր ունի, որ մեզ չեն լքի։

Ամուր կանգնենք լեռան մոտ, որ ամուր լինենք։

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ 

ԱՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ, բանաստեղծ

-Օրվա խորհուրդը։

-Եռատոնը կոնկրետ ինձ համար գաղափար է։ Գաղափար, որի մեջ և՜ Մեծ Հայրենականն է, և՜ Շուշին է, և՜ մեր բանակն է։ Թվում է՝ Մեծ Հայրենականը մի քիչ հեռու է Շուշիի հաղթանակից ու մեր բանակից, բայց մի ընդհանրության մեջ, երբ ուշադիր նայում-զննում ես, տեսնում ես, որ մեկը մյուսին շաղկապված է. Մեծ Հայրենականում իմ պապը զարկվել է՝ փրկելով մարդկությանը ֆաշիզմից, Արցախյան ազգային-ազատագրական պատերազմում զարկվել է պապիս թոռը՝ իմ եղբայրը՝ փրկելու մեր արժանապատվությունը։ Ազատագրելով Շուշին` ես վերադարձել եմ, և յուրաքանչյուր հայ է վերադարձել Շուշի։ Եվ ամենակարևորը՝ Շուշիում մենք սովորել ենք հաղթել։ Եվ մենք այսօր հպարտորեն կարող ենք ասել, որ դատապարտված ենք... միայն ու միայն հաղթելու. ուրիշ ճանապարհ չկա։ 

-Գրողի առաքելությունը...պատերազմի տարիներին և հետո։

-Պատերազմի տարիներին գրիչը կարծես չէր բանում, բանաստեղծություն չէր արարում։ Դպրոցական տարիներին շատ ենք լսել՝ երբ խոսում են թնդանոթները, մուսաները լռում են։ Ես որպես բանաստեղծ, որպես այս երկրի քաղաքացի, կարող եմ ասել, որ իմ գրիչը լռեց պատերազմի տարիներին։ Աշխատում էր լրագրողի գրիչը։ Դժվար էր այդքան արյան մեջ, այդքան կորուստների ու զոհերի կողքին ... բանաստեղծել։ Հրադադարից հետո գրիչը փոխեց...իր մտածողությունը, իր գործելու տարածքները, և գրվեցին առաջին բանաստեղծությունը, հետո երկրորդը, հետո երրորդը և դարձան գիրք։

Գրողի առաքելությունը...Գուցե այն տարիներին կարևոր էր լրագրողի իմ կարծիքը, որը ոգևորում էր խրամատում կանգնած զինվորներին։ Խրամատը կարծես թե բանաստեղծության համար չէ։ Գուցե սխալ եմ մտածում, բայց այն տարիներին իմ համոզմունքը դա էր։ Հիմա բանաստեղծությունը կարծես թե մտնում է...խրամատ։ Երբ հեռվից ես նայում իրադարձություններին, ամեն ինչ շատ ավելի լավ ես տեսնում։ Իսկ պատերազմի մեջ մենք շա՛տ-շատ բաներ չէինք տեսնում։ Խրամատը նույնպես բանաստեղծության տարածք է, և սա լավ է։

-Այսօրվա ձեր ոգեշնչումները։

-Երկիրը։ 18 տարեկան զինվորը, որ փրկեց իմ արժանապատվությունը, հայի մեր արժանապատվությունը։ 

Հինգ երեխա ծննդաբերող կինը։ Այսօր ծննդատանը ծնվող փոքրիկը։ 

Թոնրահաց թխող մեր կանայք։ Պատերազմի տարիներին Մաճկալաշեն գյուղում կանանց ջոկատ կար, որ զբաղվում էր հաց թխելու բավականին դժվար ու սուրբ գործով, և ամեն օր խրամատ էր հասնում 300-400 հաց։ Եվ դա մեր զինվորի ուժն էր։

Ես հպարտ եմ, որ Արցախում եմ ապրում։ 

Ես հպարտ եմ, որ Արցախը իմն է, և ամեն օր ավելի է իմը դառնում։

Սրանք են ինձ ոգեշնչում։

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ