ԵՐԵԽԱՆԵՐԸ ՍԻՐՈՒՄ ԵՆ ՀՐԱՇՔԻ ԳԱՂԱՓԱՐԸ

Մայիսի 13-ին մայրաքաղաքի Ստ. Շահումյանի անվան օղակաձև պուրակում ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր մտահղացումով կազմակերպված ՙՀսկան, որը երազում էր ջութակ նվագել՚ մանկական գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակներն են Նարինե Աբգարյանը, Արմեն Վաթյանը, Լևոն Աբրահամյանը:

 Ստեփանակերտի մշակույթի տան թատերական խմբի երեխաների ուժերով ներկայացվեց բարի հսկայի մասին հեքիաթը, որը շատ ոգևորեց փոքրիկ հանդիսատեսին,  ծնողներին: Միաժամանակ գրքի նկարիչ Լևոն  Աբրահամյանն անցկացրեց վարպետության դասեր. սեղանին դրված էին գունավոր պլաստիլինի կտորներ, որոնց օգտագործմամբ երեխաները ձգտում էին կերտել հեքիաթի կերպարները: Պատանի նկարիչներն էլ մատիտով ու ներկերով էին ստեղծագործում: Մյուս սեղանին վաճառքի համար դրված էին գրքույկներ: Ստեղծված հեքիաքային մթնոլորտը փոքրիկներին և ծնողներին մագնիսի պես ձգում էր դեպի վաճառվող գրքերը: Բոլորն էլ ուզում էին, որ գրքի առաջին էջում գրվեին նվիրական խոսքեր, և գրքի հրատարակիչ Արմեն Կարապետյանը յուրաքանչյուրի համար գտնում էր ջերմ խոսքեր, մակագրում և մեծ սիրով գիրքը հանձնում փոքրիկներին:

Ի դեպ, գիրքը վաճառվում էր 1000 դրամով, որը 3 անգամ էժան է իր շուկայական գնից: Ա. Կարապետյանն ասաց, որ հրատարակչությունը կարող էր գիրքը նվիրել  երեխաներին, բայց այդպես այն  չի արժևորվում: ՙՊետք է ձևավորել գրքի հանդեպ հարգալից մշակույթ: Եթե վճարում ես, ուրեմն գնահատում ես՚,- շեշտեց հրատարակիչը:

Պետք է ասել, որ գիրքը գրվել է համանուն մուլտիպլիկացիոն ֆիլմի սյուժեի հիման վրա, որը 1986թ. ՙՀայֆիլմի՚ համար գրել էր սցենարիստ Արմեն Վաթյանը: Նարինե Աբգարյանին շատ է գրավել մեծահոգի ու բարի հսկան, որը գերվել է ջութակի հնչյուններով, և նա փոքր-ինչ ձևափոխել է ու տպագրել ռուսերեն: Այն ՙՊապմամբուկ.ռու՚ պորտալի կողմից  ճանաչվել է որպես 2014թ. լավագույն մանկական գիրք: 

ՙ3+՚ հրատարակչությունը` համագործակցելով Նարինե Աբգարյանի հետ, որոշեց գիրքը հրատարակել հայերեն: Թարգմանությունը կատարեց գրականագետ Հասմիկ Հակոբյանը: Նկարիչ և համահեղինակ Լևոն Աբրահամյանն էլ նախապես քանդակել է պլաստիլինով հերոսներին, անիմացիայի ենթարկել, որից հետո նկարազարդել գիրքը:

Ինչպես հեղինակն է ասում, երեխաները հավատում են հրաշքների, գրքի հերոսը` նույնպես:  Այդ հրաշքի գաղափարը կձգի փոքրիկներին: Գրքի շնորհանդեսի օրը համոզվեցինք, որ երեխաները սիրում են հրաշքի գաղափարը և բարի հսկաներին: 

Էմմա ԲԱԼԱՅԱՆ