[ARM]     [RUS]     [ENG]

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔ՝ ՙՏԱՏԻՍ ՍՆԴՈՒԿԸ՚

Թանգարանների միջազգային օրվան նվիրված ՙՏատիս սնդուկը՚ թեմայով ցուցահանդես¬վաճառքը, որը նախատեսված էր անցկացնել մայիսի 18-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան պուրակում, խոնավ ու անձրևոտ եղանակի պատճառով տեղափոխվել էր քաղաքի պատմաերկրագիտական թանգարանի բակը։

Նույն այդ եղանակը, սակայն, չխանգարեց, որ ցուցահանդեսի շուրջ աժիոտաժ ստեղծվի։  Նման թեմայով միջոցառում անց է կացվում երկրորդ անգամ, և մարդկանց հետաքրքրությունը ցուցադրության հանդեպ մեծ էր։ Մեծ էր նաև հավաքածուի հեղինակների ոգևորվածությունը, և նրանք չէին զլանում մեկնաբանություններ, բացատրություններ տալ այցելուներին։

Ցուցահանդեսի նպատակը մեկն էր՝ վերհանել և քարոզել ազգային արժեքները, պահպանել այն, ինչ մնացել է մասնավոր հավաքածուներում։ Կարելի էր տեսնել, թե մարդիկ ինչ շահագրգռվածությամբ են մասնակցում ցուցահանդեսին։ Իսկ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը նման միջոցառումների առիթով նախապես համագործակցում է համայնքների, համապատասխան մշակութային օջախների հետ, անհրաժեշտության դեպքում աջակցում մասնակցության ապահովմանը, ցույց տալիս մեթոդական օգնություն։

Ինչպես տեղեկացրեց նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների բաժնի պետ Երազիկ Դանիելյանը, ցուցահանդես¬վաճառքին մասնակցել են հանրապետության բոլոր շրջանները` բացառությամբ Քաշաթաղի շրջանի։ ՙԹանգարանային գիշերվա՚ շրջանակներում բաժինը 2 անվանակարգով կազմակերպել է ցուցահանդեսներ՝ ՙՏատիս սնդուկը՚ և ՙԻմ նախնիները՚ (լուսանկարների)։ 

Չնայած միջոցառումը երկրորդ անգամ էր անցկացվում, ցուցադրությունը բավականին հարստացել էր, ավելի շատ համայնքներ էր ընդգրկվել՝ 38։ Ըստ Ե.Դանիելյանի` ցուցադրության տրված նմուշներում կային հազվագյուտները, որոնք նախարարությունը կաշխատի ձեռք բերել` հարստացնելու համար թանգարանների ֆոնդը։ Մասնավոր անձինք ևս հետաքրքրված էին ցուցահանդես¬վաճառքով։

Հետաքրքիր աշխատանքներ էին ներկայացրել Ասկերանի շրջանի Նախիջևանիկի, Ջրաղացների համայնքները. կարպետներ, գորգեր, հելունագործ սփռոցներ, սրբիչներ, թաշկինակներ, բլուզ, գործած խուրջին, հին դրամներով ճակտոց, տրեխներ և այլն։ Ասեղնագործությունից, շյուղագործությունից հետաքրքիր աշխատանքներ էին ներկայացրել Մարտունու շրջանից շրջկենտրոնի, Սպիտակաշենի, Բերդաշենի, Ճարտարի, Մուշկապատի, Գիշու, Խնուշինակի համայնքները։ Ամենահին նմուշը 100 տարվա պատմություն ունի, նորերը՝  մինչև 1952 թվականը։ 

Հարուստ ու բազմազան ցուցադրություն էր բերել Շահումյանի շրջանը. հին աշխատանքի գործիքներ, խեցեղեն, կարպետներ, գորգեր, ձեռագործ աշխատանքներ։ Բուրդ գզելու և հաց թխելու գործընթացներն էին ցուցադրում ազգային տարազով աղջիկները։ 

Մարիամ Փիլաֆյան, Շահումյանի շրջան, գյուղ Եղեգնուտ, միջնակարգ դպրոցի դասվար և տեխնոլոգիայի ուսուցչուհի.- 12 տարի է, ինչ ապրում և աշխատում եմ Եղեգնուտում, 6 երեխայի մայր եմ, փոքրս՝ 2, մեծը՝ 19 տարեկան, 4 տղա, 2 աղջիկ։ Վեց տարի է, ինչ զբաղվում եմ ազգային տոների, ավանդույթների վերականգնմամբ, նաև ազգագրությամբ։ Վերականգնում եմ ծիսական տիկնիկները։ Փորձում եմ մատաղ սերնդի մոտ հետաքրքրություն առաջացնել դեպի ազգային ավանդույթները և նրան ավելի մոտեցենել իր ազգային արմատներին։ Այս առումով կազմակերպում եմ ծիսական տոներ։ Թբիլիսիում մասնակցել եմ հարիսայի փառատոնին` ներկայացնելով արցախյան ճաշատեսակներից կուրկուտը։

Մեր այն հարցին, թե որտեղից է նրա հետաքրքրությունը ծիսական տոների նկատմամբ, Մարիամը պատասխանեց. ծնողները 1947թ. հայրենադարձներից են։ Որ նրա մայրիկը շատ ավանդապաշտ ու պահպանողական կին է եղել, որ իրենց ընտանիքում ինչ¬որ չափով պահպանվել էին հին հայկական ավանդույթները։ Նա առաջինը փորձեց վերականգնել Զատիկը, որն այժմ նշվում է լայն մասշտաբով։ 

 

 

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ