[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱԴՐԲԵՋԱՆԸ` ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ՚ ՑՈՒՑԱՀԱԴԵՍ ՊԱՏՄԱԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Վերջին տարիներին Արցախն ամբողջ աշխարհի հետ մեկտեղ մայիսի 18-ին նշում է Թանգարանների միջազգային օրը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԻԿՕՄ-ի նախաձեռնությամբ հռչակված այդ օրը նպատակ էր հետապնդում նպաստել թանգարանների այցելուների թվի աճին, քանի որ, վիճակագրական տվյալներով, այն տարեցտարի պակասում է:

Մի խոսքով՝ բարձրացնել թանգարանների դերը հասարակական կյանքում: Այդ օրը թանգարաններն անվճար սպասարկում են այցելուներին, կազմակերպում հետաքրքիր միջոցառումներ:

Միջոցառումները, ցուցահանդեսներն ամեն տարի անցնում են նոր խորագրի ներքո, որը հռչակվում է վերը նշված կազմակերպությունների կողմից: Այս տարի դրանք կանցնեն ՙՑավոտ պատմություններ` դժվարպատմելի թանգարաններում՚ խորագրի ներքո: Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը կազմակերպել է օրվա խորհրդին համահունչ ցուցահանդես ՙԱդրբեջանը` քաղաքակրթությունից դուրս՚ թեմայով:

Թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Մելանյա Բալայանի տեղեկատվությամբ՝ ցուցահանդեսը գործում է մայիսի 15-ից: Պաշտոնական բացումը կայացավ մայիսի 18-ին: ՙԱյս տարվա հռչակված խորագիրը հուշեց մեր ցավոտ հարցերը. տարածքային, մշակութային և, անշուշտ, մարդկային կորուստները, որոնք ունեցանք ցեղասպան գործողությունների արդյունքում՝ իրագործած  քաղաքակրթությունից դուրս գտնվող հարևանների կողմից՚,-հատկանշեց տնօրենը: Ցուցահանդեսում զետեղված են մեր կորցրած տարածքներում երբեմնի գործող մեծ մշակութային կենտրոնների լուսանկարները՝ իրենց ծաղկուն ժամանակներում և ներկայում: Չնայած ցուցահանդեսը կոչվում է ՙԱդրբեջանը` քաղաքակրթությունից դուրս՚, սակայն զետեղված են նաև ժամանակին կարևոր մշակութային դեր ունեցող և մեծ արժեք ներկայացնող Արևմտյան Հայաստանի կոթողները, որոնք այսօր նույնպես գտնվում են աղետալի վիճակում: Ադրբեջան կոչվող թուրքական այդ պետությունը, որն ստեղծվել է 1918թ., ձևավորվելով մեծապես հայկական տարածքների վրա, ի սկզբանե նպատակ էր հետապնդում ոչնչացնել հայկական հետքը բռնագրավված տարածքներում: Այդ քաղաքականությունը շարունակվում է մինչ օրս:

Ըստ Մելանյա Բալայանի, բռնագրավված այդ տարածքներում այնքան շատ են հայկական հուշարձանները, որ տասնամյակներ շարունակ իրագործվող ոչնչացման, մասամբ էլ` յուրացման թուրք¬ազերիների    քաղաքականությունը չի տալիս սպասված արդյունքները. հուշարձաններն այնքան շատ են և այնպիսի տեղերում, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան մնում է, կամ էլ գետնի տակից ի հայտ են գալիս  նոր գտածոներ, որոնք ապացուցում են, որ տարածքները հայկական են: Հուշարձանների ոչնչացման քաղաքականությունն ինքնին խոսում է այն մասին, որ տվյալ պետությունը հեռու է քաղաքակրթությունից, ունակ չէ արժևորելու մշակութային կոթողները, առաջնորդվում է ստոր դրդումներով:

Ցուցադրված լուսանկարներից պարզ է դառնում, որ հուշարձանների ոչնչացման կամ յուրացման ձեռագիրը նույնն է՝ Թուրքիայի և Ադրբեջանի տարածքներում մնացած հայկական մշակութային կոթողների վիճակն աղետալի է: Այսինքն՝ այցելուները համոզվում են, որ այդ երկու պետությունների վարած քաղաքականությունը, նրանց մտածելակերպը, հոգեկերտվածքը զարգացում չեն ապրում, այսինքն՝ մնում են վայրի ցեղերի մակարդակին:

Ինչպես արդեն նշվեց, ցուցադրված էին Արևմտյան Հայաստանի կարևոր մշակութային օջախների մի մասը, Նախիջևանի տարածքի ճարտարապետական  շատ հետաքրքիր լուծումներով կառուցված եկեղեցիների, Ջուղայի խաչքարերի մի մասը, Հյուսիսային Արցախի տարածքում երբեմնի գոյություն ունեցող գյուղերը, դեռևս 19-րդ դարից մնացած գյուղական հնաոճ տների, եկեղեցիների, խաչքարերի նմուշները, Ուտիքի, Բաքվի, Գանձակի հայկական կառույցները, եկեղեցիները, որոնց վրա եղած արձանագրությունները մասամբ ջնջված են, գմբեթը ձևափոխված, և արդեն անճաշակ շենքերը այլ նպատակների համար օգտագործված:

Մելանյա Բալայանը խորին երախտագիտությամբ է խոսում թանգարանի ցուցահանդեսների կազմակերպման գործում մեծ օժանդակություն ցուցադրած Հայկական ճարտարապետական հուշարձաններն ուսումնասիրող կազմակերպության նախագահ Սամվել Կարապետյանի մասին, ով, կարելի է ասել, հերոսական ջանքեր է գործադրել տարբեր ժամանակաշրջաններում, այլ երկրներում գտնվող հայկական հուշարձանների չափագրման, լուսանկարման, պատմական տվյալների հավաքագրման գործում: Նա շնորհակալ է նաև այն զբոսաշրջիկներին, որոնք, հասկանալով ու պատկերացնելով իրողությունը, որպես Ադրբեջան ժամանած զբոսաշրջիկ, լուսանկարում են արդեն ավերված կամ կիսաավերված հուշարձանները և նվիրաբերում Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանին: Տնօրենի տեղեկատվությամբ՝ ավերված հուշարձանների մի մասն էլ լուսանկարված է արբանյակներից:

Մելանյա Բալայանի տեղեկատվությամբ՝ ցուցահանդեսը դեռ երկար կգործի, քանի որ զբոսաշրջային ակտիվ ժամանակաշրջանն առջևում է:

Էմմա ԲԱԼԱՅԱՆ