[ARM]     [RUS]     [ENG]

Ի ՆՊԱՍՏ ԵՐԿՐԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ՙԱպագա սերունդների հիմնադրամ՚-ի աջակցությամբ Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, Շուշիի կերպարվեստի թանգարանում տեղի է ունեցել ՙՊատանի բնագետ՚ հանրապետական երկրորդ բրեյն ռինգ ինտելեկտուալ խաղը: Տարեցտարի առավել հետաքրքրություն առաջացնող այս խաղին, ի տարբերություն անցյալ տարվան, մասնակցել են Արցախի գրեթե բոլոր շրջաններից տասը թիմեր՝ 4-ը Ստեփանակերտից, մեկական՝ Շուշիի, Հադրութի, Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի, Բերձորի շրջաններից: 

 Ուշագրավն այն էր, որ միջոցառումը ՙՇուշի քաղաքի թանգարաններ՚ ՊՈԱԿ-ի երկու ստորաբաժանումների՝ Երկրաբանության և Կերպարվեստի թանգարանների համատեղ աշխատանքի արդյունք էր: Պատանի բնախույզների հավաքին ներկա են գտնվել Նախագահ Բակո Սահակյանը,   պաշտոնատար այլ անձինք: ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանն իր խոսքում  ասաց. ՙՆախարարությունն ընդհանրապես շատ է կարևորում այն ծրագրերը, որոնք ուղղված են հայրենաճանաչողությանը։ Մեր սերունդը պիտի ճանաչի իր հայրենիքը բոլոր առումներով, որպեսզի հասկանա՝ որտեղ է ապրում, ինչ ժառանգության տեր է և ինչ առաքելություն ունի այս երկրի հանդեպ: Նման ծրագրերը հենց այդ նպատակին են ուղղված: Արդեն երկրորդ անգամ ենք իրականացնում: Երկրաբանությունը վերջին տարիներին է երկրում սկսել թափով զարգանալ: Եվ խիստ կարևոր է, որ այսօրվա մեր նոր սերունդը ճիշտ հասկանա և ճիշտ օգտագործի այն հարստությունը, որ պարունակում է մեր երկրի ընդերքը: ՙԱպագա սերունդների հիմնադրամի՚ առաքելությունը նույնն է՝ սերունդներին և՜ կրթել, և՜ նրանց համար նաև ժառանգություն թողնել։ Նախարարը համոզված է, որ միջոցառումը երեխաների մոտ կխթանի հետաքրքրությունը բնագիտության հանդեպ և, ինչու չէ՝ մասնագիտություն ընտրելու կողմնորոշիչ հանգամանք կհանդիսանա:

Միջոցառման պատվավոր հյուրն էր ԼՂՀ Նախագահի խորհրդական, ակադեմիկոս Գ. Գաբրիելյանցը: Մարդ, ում նախաձեռնությամբ, նվիրատվությամբ ու ֆինանսական աջակցությամբ կյանքի կոչվեց Շուշիի երկրագիտական թանգարանը, իսկ թանգարանին կից՝ պատանի բնագետի դպրոցը։ Ի՞նչ զգացմունքներ է ապրում բազմափորձ գիտնականը` տեսնելով այսքան երեխաների նման մասնակցությունը հարցին,  հակիրճ պատասխանեց. ՙՍա տոն է ինձ համար:  Անցյալ տարի միայն մայրաքաղաքի դպրոցականներն են մասնակցել խաղին, այս տարի` հանրապետության բոլոր շրջանների դպրոցականները։ Ես դա շատ եմ կարևորում. երեխաների շփումը իրար հետ, ծանոթությունը Շուշիի հետ։ Իսկ երեխաներին ցանկանում եմ լինել առավել հետաքրքրասեր, բարի ու կիրթ՚։ 

Նշենք, որ հանձնախմբի անդամները ՀՀ-ից տեղափոխված և ԼՂՀ երկրաբանական արշավախմբում ընդգրկված բարձրակարգ մասնագետներ են։  Եվ այսպես, առաջին մրցանակին արժանացավ Ստեփանակերտի թիվ 11 դպրոցի ՙՎարարակն՚ թիմը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Մարտակերտի ավագ դպրոցի ՙՋրաբերդ՚ թիմը, իսկ երրորդը՝ Շուշիի ՙՕլիմպը՚։ Սակայն խաղի մասնակից բոլոր թիմերն էլ ստացան հետաքրքիր հուշանվերներ, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունից՝ պատվոգրեր և, ամենակարևորը, բոլոր մասնակից երեխաները ստացան ուղեգրեր՝ ամառային ճամբարներում հանգստանալու համար։ 

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ