Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԵԹԵ ԳՐՈՂՆ ԻՆՔՆԱՏԻՊ ՁԵՌԱԳԻՐ, ԱՊՐԵՑՆՈՂ ՁԱՅՆ ՈՒՆԻ

Արձակագիր Մարտիրոս Ոբնը սեփական  ձեռագիր ունեցող, յուրօրինակ ոճի  տեր հեղինակ է, ով կարողանում է ներաշխարհ բացող բառը  գտնել և հաղորդակցվել  Անտեսանելիի  ոգուն։  

Նա  արվեստագետի պրպտուն հայացքով կարողանում է հետ  նայել  և տեսնել սկիզբը, այն պահը, երբ լռությունը կար,  բայց բառը դեռևս չկար, և ինքը սկսում է խոսել Անհայտի  լուսանցքից հանված նշաններով։ 

Պատմվածքը  Մարտիրոս Ոբնի  համար բառ  չէ, այլ  խորան, ուր կատարվում է մի ամբողջ ՙծիսակարգ՚։ Գործողությունը կյանքի դրամատիկական շերտի բացահայտումն է, որ հանգում է ոգորումների շիկացած կետին և կոչվում է  ճակատագիր։ Փողոցը կերպավորվում է հերոսների  բացահայտվող հոգեբանությամբ։ Ամեն պատմվածքի համար գտնելով  յուրօրինակ սկիզբ կամ, ինչպես ասում են՝  անակնկալ մուտք, Մարտիրոս Ոբնը  ինքնին շարժում է ընթերցողի հետաքրքրասիրությունը և տանում նրան դեպի  գործողության  գրավիչ  խորքերը։ ՙՊատմվածքում դեպքերն, իմ  կարծիքով,  բնական են զարգանում, և ընթերցողը մոռանում է նույնիսկ հեղինակ¬պատմողի ներկայությունը՚,¬  խոստովանում է  Մարտիրոս Ոբնը ՙԻնձ հասկանալու փորձ՚ հոդվածում։ Ստեղծագործության բառապաշարը ինքը չի՜ ընտրում, այն  բխում է  ասելիքի ոգուց, ստեղծելով  նաև միջավայրի  կոլորիտը։ Բառը  ելք է, որ  տանում է դեպի գործողության  դրամատիզմը։

ՙՄի հատկանիշ ևս,- Մարտիրոս Ոբնի առնչությամբ գրում է բանաստեղծ, գրականագետ Վարդան Հակոբյանը,¬որ առանձնացնում է, նրա արձակին որակ հաղորդում. դա այն  է, որ իր բնավորության մեջ (նաև՝ գրական)  նա համադրում է ծննդավայր Քաջարանի ու Արցախի  լավագույն  գծերը՝ ամենահայկական առումով՚։

Մարտիրոս  Ոբնը  կարողանում է  ներթափանցել իրերի  խորքը և  շնչավորել լռության  ասելիքն ու միտքը՝  հասնելով  յուրօրինակ ընդհանրացման։ Դիտողական  հայացքով ընտրում է ամենակարևոր պահը, որ հոգեվիճակ է  և առանձնահատուկ երանգ է մտցնում հաղորդակցության շղթայի մեջ։ Դիալոգների շղթայի  մեջ բացահայտում է հերոսների  հոգեաշխարհի նուրբ տարրեր, իսկ  բնապատկերի միջոցով  լրացնում ու խթանում գործողության  ընթացքը։ Ահա մի  հատված ՙՓաղիժ՚  պատմվածքից.

ՙ- Ինչ է, ուզում ես  գլխիվայր կախե՞լ։

- Էսպես դինջ է,  փորձից գիտեմ։ 

- Վայ թե մեռնի։

¬ Ապրել ուզի՝ չի մեռնի։ 

Անտառապահին գլխիվայր կախելուց հետո միայն Խանը  իրեն հանգիստ զգաց։ 

- Դե, շարժվեցինք,¬ ասաց ու իր թաց շորերի բոխչան թևատակն առավ։¬ Էդ ինչի՞  համար է,¬ զարմացավ, որ Վրեժն էլ դագանակը վերցրեց։ 

- Ոտս զզվելի ցավում է։

- Կուզին բեռն էր պակասում,¬ Խանը դժգոհեց։ 

Դրսում խոնավ  սառնություն էր։ Վաղորդյան մուժը դեռ  նոր-նոր,  աննկատ  սկսել էր ետ քաշվել դեպի լեռները՝  ծերպերում պահ կենալու։ 

Երկուսով  էլ գոհ  էին, որ մառախուղը չէր շտապում անտառը լքել, մանավանդ որ մի տասը քայլի վրա աչք էր շաղվում այդ կաթե  անսահմանության մեջ՚։

Բառերի և նախադասությունների միջև լռությունը ապրումն ամբողջացնող կարևոր հանգրվան է։ Կարևոր հատկանիշ է նաև Մարտիրոս Ոբնի ՙզգացումի ինտելեկտուալությունը՚ (Վ.Հակոբյան), որը ՙիրականով  գերիրականին հասնելու՚ միջոց է։ Տողի  մեջ ասվածը հաղորդակցվում է տողից  դուրս ասվածի ոգուն։ Մարկեսի խոսքով՝  ՙպատմվածքը, այսբերգի  նման, պետք է  հենվի իր այն մասի վրա, որը չի երևում, այսինքն՝ վերլուծության վրա,  մտորումների վրա,  շարադրանքին անմիջականորեն չմասնակցող  հավաքված նյութի վրա՚։ Մարտիրոս Ոբնի պատմվածքը   ընթերցողի մեջ շարունակում է բացվել նաև իր երկրորդ շնչառությամբ։ 

Հեղինակը տարբեր թեմաների խորքից ասելիքի նորանոր  տեսարաններ է հանում և միացնում բովանդակային շղթային։ ՙՏեսարան՚ բառը պատահաբար չգործածեցի. այն Մարտիրոս Ոբնի  ստեղծագործությունների ՙպատուհանն՚ է, որ բացվում է դեպի  աշխարհը, այսինքն՝ դեպի ընթերցողը։ Հեղինակի գեղարվեստական մտածողությունն իրարահաջորդ տեսարաններով է զարգանում։ Թատերարվեստի և կինոարվեստի արտահայտության միջոցներն ու հնարանքները Մ. Ոբնի մտահղացումներում ինքնին գործում են և իրենց եռքով մասնակցում ստեղծագործական գործընթացին։ Դա է պատճառը, որ նրա պատմվածքներն ընթերցելիս մեկ¬մեկ  թվում է, թե  կինոնկար  ես դիտում կամ թատերական  ներկայացում։ Այսինքն՝ ընթերցողի երևակայության տեսադաշտում այդքան տեսանելի ու կենդանի է մարտիրոսոբնական  պատկերը։ Սա, իմ կարծիքով, Մ. Ոբնի ստեղծագործությունների կարևոր առանձնահատկություններից մեկն է։ 

Լեզուն գրողի ոչ միայն ոգին է, այլև ստեղծագործական մտահղացումները իրագործող քուրան։ Արձակագիր Մաքսիմ Հովհաննիսյանի կարծիքով՝ ՙՄարտիրոս Ոբնի պատմվածքների գլխավոր արժանիքը նրանում է, որ հեղինակը  կարողանում է հոգեբանական  հետաքրքիր, անսպասելի զննումներ կատարել, բացահայտել հերոսների ներաշխարհի անատոմիան... Անկաշկանդ օգտվում է  բարբառի ոճերից, ինչը և ստեղծում է բնաշխարհի կոլորիտը՚։ Մարտիրոս Ոբնի  յուրաքանչյուր պատմվածքի լեզուն հոգեբանական խորքի նկարագիր է, մարդկային տենչի նպատակակետին հասնելու անտես մի վերելակ: Հեղինակը կարողացել է շոշափել նաև իրականության այնպիսի շերտեր, որոնք ՙղարաբաղյան  արձակում հազվադեպ կամ համարյա չեն արտացոլվել՚ (Մ. Հովհաննիսյան):

Մ. Ոբնը հասկացել է, որ յուրաքանչյուր թեմա կամ  իրականության շերտ ունի ոգի, որն արթնացնել կարող է միայն  կենդանի լեզուն: Ահա ևս մի  հատված ՙՓաղիժ՚ պատմվածքից. ՙՓամփշտակալը արձակեց, հանեց նաև նրա սվիտերն ու  վերնաշապիկը, ժամացույցը, որից հետո ուշագնացի ձեռքերը մեջքին ոլորած կապոտեց, իսկ շալվարը հանելուց հետո ոտքերն էլ` ծնկներից  ծալած, կապեց  ձեռքերին: Այդպես կասես հատակինը մարդ չէր, այլ մի մեծ բոխչա՚:

Գրողի վերջնական նպատակակետը ՙսուր բախումներով հագեցած սյուժե, էկզիստենցիալ իրավիճակ, իրադարձությունների կտրուկ շրջադարձեր՚ ստեղծելը չէ, այլ կյանքի  հատակին ընկած մարդուն դեպի վեհանձնության թրթռուն շողը մղելը, փորձություններով անցած մարդու հավատի ու ոգու մաքրությունն է, որի մեջ է հենց փրկությունը: ՙԿենդանի եմ` դողդոջ շշնջաց, բայց սարսափը ծվարել էր մոտիկ ինչ-որ մի տեղ: Դրա համար էլ նա ավելի քան գորովանքով մտածեց, որ ապրելն իսկապես հրաշալի է:  Եվ  ապրելու  անափ տենչից կրկին սկսեց առաջ մղել իր ուժատ  մարմինը, չնայած հիմա, կասես, ինչ-որ մեկն ավելի հաճախ ու թափով էր տարուբերում երկաթե դագաղը...՚ (ՙՍալամանդրը՚):

Լինելով գրականության նվիրյալ և բնությունից օժտված հեղինակ, Մարտիրոս Ոբնը առանձնահատուկ վերաբերմունք ունի կյանքի և գրական երևույթների նկատմամբ: ՙՈչ մի շեղում՛ ընտրած ճանապարհից՚, - սա է նրա ուղեցույցը: Նա գիտի, որ արվեստը խաղ չէ, այլ` ճակատագիր: Գրողի  ճանապարհը անմնացորդ նվիրում է ու տքնաջան աշխատանքի արտահայտություն: Մարտիրոս Ոբնը համոզված է նաև մի բանում. ՙՈրքան մեծ է  գրական  իրականության հավաստիությունը, այնքան բարձրարվեստ է ստեղծագործությունը, և հակառակը` գործն ինչքան մոտ է գտնվում ռեալ իրականությանը, այնքան պարզունակ է, թերի՚: Հավատարիմ լինելով գրական այս սկզբունքին` հեղինակն սկսում է մտածել, որ, այդուհանդերձ, գալիս է մի ժամանակ, երբ գրական  իրականությունը  իր գրավչությամբ ու ազդեցությամբ սկսում է գերիշխել...

Ընթերցողը գրական ստեղծագործության միջոցով առնչվում է  նաև արարչագործության սուրբ պահերին: Կլանելով տողերի թախիծն ու  գորովը,  լուսավորվում է հոգևոր կյանքի  անսահմանությամբ: Գրականագետ Հասմիկ Հակոբյանի կարծիքով`  թախիծը Մարտիրոս Ոբնի արձակում ՙոչ թե գեղարվեստական հնարանք է, այլ չկայացած կյանքի դրամատիզմ՚: Էրոտիկ պատկերներն արհեստական ծնունդ չեն հեղինակի արձակում, այլ թերի կյանքն ամբողջացնելու, չկայացած կյանքը  իմաստավորելու փորձ: Նշեմ նաև, որ էրոտիկ պատկերների թրթռուն ֆոնին վառ ընդգծվում է կյանքի ու մահվան հակադրությունը: 

Մի հատված ՙՆիրվանա՚ պատմվածքից.

ՙՀագինը նախշավոր ատլասե խալաթ էր` երկարափեշ, ցածի կոճակներն արձակած:

Տղամարդը ափերով խալաթի տակից զգում էր ծանոթ, հյութեղ ու ձիգ մարմինը: Շարժվելիս կնոջ ազդրերը քսվում էին իր ոտքին, ինչպես ճյուղը` պատուհանի ապակուն, ու կրակը ժամանակից շուտ  բորբոքվում էր՚:

Գրականագետ Սոկրատ Խանյանի կարծիքով` Մարտիրոս Ոբնը ՙմարդու հոգևոր ներքին աշխարհը ցուցադրելու անժխտելի կարողություն ունի: Նրա ստեղծագործական ձեռքբերումներում համարյա սխեմա չկա: Նա նախատիպը գեղարվեստական ճշմարտության է հասցնում պատումի անկաշկանդ հնարանքներով՚:

Արձակագիր Մարտիրոս Ոբնը ինքնատիպ ձեռագիր ունի, ապրեցնող ձայն, որ միավորում է լինելիության բևեռները, ընթերցողին հասցնում այնտեղ, ուր արարվում են գեղեցկությունն ու կյանքը:

 

Ռոբերտ ԵՍԱՅԱՆ