[ARM]     [RUS]     [ENG]

ՎԱՐԴԱՏՈՆ` ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾՆ ՆԱՐԵԿԱՑՈՒՆ

ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանում ավանդույթ է ձևավորվել ամեն տարվա մայիսին կազմակերպել Վարդատոն` նվիրված խոշորագույն բանաստեղծ, աստվածաբան Գրիգոր Նարեկացուն։ Ինչպես գիտեք, 2015-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Տիեզերական  եկեղեցու Վարդապետի տիտղոս է շնորհել միջնադարյան մեծագույն բանաստեղծին, որը մեծ հպարտություն է հայության համար։

Արժևորելով նրա սրբակենցաղ կյանքն ու գործունեությունը, Պապն իր խոսքում ասել է. ՙՆա իր կյանքով և  իր վարդապետությամբ քարոզել է գեղեցկության աստվածաբանությունը։ Նրա տևական ժողովրդականությունը կապված է իր գլուխգործոցի`  ՙՄատյան ողբերգության՚ հետ, որն Ավետարանից հետո հայ ժողովրդի հավատացյալների մոտ ամենատարածված գրությունն է՚։ Միջոցառմանը  ներկայացել էին ուսանողներ մայրաքաղաքի այլ բուհերից։ Ներկա էր նաև Արցախի  հոգևոր թեմի առաջնորդ Պարգև  արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

Բացման խոսքում ԼՂՀ ԳՄ  նախագահ Վարդան Հակոբյանը Նարեկացուն որակեց որպես համաշխարհային գրականության անմահ անուններից մեկը, բացառիկ, հզոր, անվերծանելի երևույթ, որն իր հոգևոր հարստության մեջ դեռ չի հասել համապատասխան ճանաչման  ու գնահատանքի, որի անունը պետք է դրվի համաշխարհային մեծերի՝ Հոմերոսի, Դանթեի, Շեքսպիրի կողքին։ Նարեկացու բանաստեղծական դրաման համաշխարհային  գրականությանը  նոր երանգ  բերեց միջնադարում, և առաջինն ինքը ներկայացրեց մարդու ողբերգությունը, որին հետագայում անդրադարձան համաշխարհային մեծերը։ Նարեկացու համար քրիստոնեությունն այն հզոր ուժն էր, որ վերադարձնում էր ժողովրդին՝ մարդու մեջ  բազմապատկելով աստվածային ուժը։ Նարեկացին հայ ժողովրդի այցեքարտն է աշխարհին։ 

Պարգև  արքեպիսկոպոս  Մարտիրոսյանը շտրիխներով  ներկայացրեց  Նարեկի հրաշագործությունը, թե ինչպես երկու բարեպաշտ ուղղափառ երիտասարդներ ՙՄատյանը՚ կարդալով բուժվում են և Մոսկվայում հիմնում Նարեկացու ակումբ։ Դարերի մեջ մեծանում է Նարեկացու պահանջվածությունը. ՙՄատյանը՚ թարգմանվում է 10 լեզուներով, ինչպես բանաստեղծը մարգարեացել է իր ապագայի մասին, ասելով, թե ՙտարբեր լեզուներով կհնչի իմ աղոթքը՚։ Զարմանալի են բանաստեղծի հոգու, մտքի թռիչքը, գիտելիքների  խորությունը։ Ելույթի վերջում Սրբազանը  մաղթեց Նարեկացու բարեխոսությունն իր անունը կրող հաստատության վրա։ 

ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Ժաննա Բեգլարյանն իր խոսքում նշեց, որ չկա մի հայ ստեղծագործող, որ ոգեշնչված, ներշնչված չլինի Նարեկացիով, որ ժողովուրդը հորինել է ավանդապատումներ Նարեկացու մասին՝ նրան վերագրելով աստվածային հատկանիշներ։ Նրա խոսքով` ՙՄատյանը՚ պետք է կարդալ ամեն օր, ինչպես Աստվածաշունչը։

ՙՆարեկացի՚ համալսարանի իրավագիտության  ամբիոնի վարիչ,  բանաստեղծուհի Սոնա Համբարձումյանը կարևորեց Նարեկացու դերը հայ բանաստեղծական մտքի զարգացման  գործում, նրա հանճարեղությունն ու բացառիկությունը, նշելով որ ՙՄատյանը՚ խոսում է յուրաքանչյուրի մտքի ու սրտի հետ։

ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանն  իր ելույթում անդրադարձավ ՙՏաղերին՚ ու բանաստեղծի փիլիսոփայությանը։ Իսկ ՙՆարեկացի՚ համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Ամալյա Գրիգորյանը ներկայացրեց մեծ բանաստեղծի կենսագրությունը և բանաստեղծական մտքի նորույթները, որոնք ոչ միայն ձևով, այլև բովանդակությամբ հակասում էին գրականության մեջ ընդունված դոգմատիկ կանոններին, սխոլաստիզմին։

Նարեկացու ՙՏաղերից՚ ասմունքեցին ՙՆարեկացի՚ համալսարանի ուսանողներ Մարի Հարությունյանը և Յանա Դանիելյանը, իսկ նույն համալսարանի շրջանավարտ Աննա Իզմայիլյանը երգեց Նարեկացու շարականներից և Գուրգեն Գաբրիելյանի ՙՂարաբաղի հորովելը՚։ Տեսաֆիլմեր ցուցադրվեցին ՙՄատյան ողբերգությունից՚ և հատված Հռոմի պապի  պատարագից:

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ