Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՆՄԱՀ ՄԱՆԿԱԳԻՐՆ ՈՒ ԵՐԳԱՀԱՆԸ

Գուրգեն Գաբրիելյանի ծննդյան 90-ամյակի առթիվ

 Իր ապրած ժամանակաշրջանի ֆոնի վրա գրական հսկա հասակով հառնած ու ճանաչված բանաստեղծ, երգահան Գուրգեն Գաբրիելյանն ապագայի գեղագետ է։ Այս ճշմարիտ ու հաճելի համոզմունքը նրա ստեղծագործության արդիական հնչեղությունն է։

Մեր մոտավոր հաշվումները վկայում են, որ հետմահու Գ. Գաբրիելյանի ստեղծագործություններն ավելի հաճախակի են հոլովվում, քան նրա կենդանության օրոք։ Դրան զուգահեռ, եթե նրա ներկայությամբ առանձին երգիչներ են կատարել ՙՂարաբաղյան նվագներ՚ երգաշարը, ապա մեր օրերում հռչակավոր տասնյակ երգիչներ ՙՂարաբաղի հորովելը՚ դարձրել են իրենց կատարողական արվեստի բարձր չափանիշ։ 

Ինչ վերաբերում է դպրոցներում ՙԱյբուբենի տոներ՚¬ի կազմակերպմանը, կարող ենք հաստատել, որ դրանց հիմքում ծիածանված է մեծ մանկագրի ՙԱյբուբենը երգերի մեջ՚ շարքը։ Այսօր հայկական համարյա բոլոր երգի և պարի համույթների երգացանկերում զգալի տեղ են գրավում տաղանդաշատ բանաստեղծ¬երգահանի ՙԽնեցուն երգը՚, ՙՃըխըրակեն երգը՚, ՙՃըղացեն երգը՚, ՙԱրկանքեն երգը՚, ՙՈւրուրուցեն երգը՚, ՙՀընգերեն երգը՚ և այլ ազգագրական մեղեդիներ։

Գ. Գաբրիելյանի հիշատակին ընծայված անթառամ մի ծաղկեպսակ էր 2007-ին Հայաստանի հեռուստատեսության ՙԵրգ երգոցի՚ կազմակերպած համերգը Ստեփանակերտում` ամբողջությամբ նրա երգերի ընդգրկմամբ։ Անզուգական հերոսապատում կարելի է համարել արցախյան ազգային-ազատագրական պայքարի տարիներին Գաբո Ապոր հյուսած մարտական երգերի շարքը, որի մեջ մտնում են ՙԱրցախական շարական՚, ՙԳանձասար՚, ՙԻմ Ղարաբաղ՚, ՙԱմարաս՚, ՙԴադիվանք՚, ՙԱրցախի ֆիդայիններին՚, ՙԵռագույն դրոշ՚, ՙԱվո՚ և այլ գործեր։ Նման մեղեդիներ կարող էր ստեղծել միայն Գ. Գաբրիելյանը, որի համար ստեղծագործական կաթնաղբյուր էր ժողովրդական երգարվեստը։ Նշենք նաև, որ վերը թվարկված բոլոր մեղեդիների բնագրերը կատարյալ պոեզիայի նմուշներ են։

Գ. Գաբրիելյանն իր մանկական երգերի դասական փունջը ներկայացրեց միանգամից։ Դա նրա երախայրիքն էր՝ ՙՃուտիկներ՚ խորագրով, 1960¬ին երևանյան հրատարակությամբ: Նրա հաջողությունը բնական էր, որովհետև հոգևոր իր ծարավն առել էր Ն. Շնորհալու, Խ. Աբովյանի, Ղ. Աղայանի, Հ. Թումանյանի, Ա. Խնկոյանի մանկագրության զորացնող աղբյուրից` գրականության ասպարեզ մտնելով որպես մանկավարժ։ Առաջին գրքով նա վստահորեն կանգնեց հայտնի մանկագիրներ Վ. Տալյանի, Ս. Մուրադյանի, Պ. Խաչատրյանի, Յու. Սահակյանի շարքում, լարելով իր շռնդալից քնարը, Թարթառի ու Խաչենի շառաչով, Մռովի ու Քիրսի անսասանությամբ, Ամարասի ու Գանձասարի օրհնանքներով։ Տաղանդավոր գրչեղբայրները ողջունեցին նրա մուտքը՝ հիանալով արծարծած թեմաների արդիականությամբ ու պատկերների թարմությամբ։ Ընկերացած պապին, տատին, եղբորը, քրոջը, ծառերին, ծաղիկներին, Գաբո Ապերը էջ առ էջ հյուսեց մեկը մյուսին չկրկնող, սրտառուչ ու թևավորող գրքերը` մանուկ ընթերցողներին տանելով դեպի հեքիաթային աշխարհ, դեպի իրական կյանքի լուսառատ բարձունքներ։ Դպրոցական գրադարաններում, աշակերտների գրասեղաններին, ուսուցիչների գրադարակներում իրենց պատվավոր տեղը գրավեցին Գ. Գաբրիելյանի ՙՄեր գյուղի առավոտը՚, ՙԱյբուբենը երգերի մեջ՚, ՙԵս հո փոքրիկ չեմ՚, ՙԿեսօր՚, ՙԾտերի կրկեսը՚, ՙԾաղիկն ու մեղուն՚, ՙԳույների երգը՚, ՙԱնմեղ ժպիտներ՚ և այլ ժողովածուներ։ Յուրաքանչյուր գիրք խոհի, իմաստության, երեխաների հուզաշխարհի երանգները փայլեցնող բազմերանգ խոսքափունջ էր՝ առանց հոգնեցնող քարոզի, պաթետիկ ճիչերի, լեռնային աղբյուրի պես ջինջ, վարդաբույր, հրապուրիչ։

Գաբո Ապորը ողջունեցին նաև մեծանուն գործիչները. 1973-ին Մոսկվայում լույս տեսավ նրա ՙԼեռնային կակաչ՚ ընտրանին՝ Պուշկինի լեզվով, 100 հազար տպաքանակով։ Հռչակավոր մանկագիր Սամուել Մարշակը Գ. Գաբրիելյանին հղած նամակում նշեց. ՙԹանկագին Գուրգեն Արտեմովիչ, Դուք հրաշալի գիտեք երեխաների հոգին ու նրանց հետ խոսելու կարողություն ունեք՚։ Երևանից Ս. Խանզադյանը տաղանդավոր բանաստեղծին գնահատեց անմոռաց մի նամակով, որտեղ ընդգծված է. ՙՔո կերպարներն ուժեղ, արի փոքրիկներ են, վաղվա մեր կյանքի սյուները։ Դու տեսնում ես մարդկային հոգու գեղեցիկը, լուսավորը, պիտանին։ Դու մեր մանկական պոեզիային կենդանի կյանքի հյութեր ես ներարկում։  Դու ազնիվ բարոյականության ուսուցիչ ես և հրաշալի պոեզիայով օգնում ես մանուկ ու պատանի ընթերցողներին՝  ճանաչելու¬սիրելու կյանքը, կյանք արարելու՚։ 

Գ. Գաբրիելյանի ստեղծագործական ուղին վերընթաց էր։ Նրա երկերի սեփական համալիրը միշտ հարստանում էր նորահայտ անակնկալներով։ Նա կարողանում էր Աստծո ընծայականով, կյանքի իմացությամբ գտնել խոսքի այնպիսի շերտեր, որ ուրիշները չէին նկատում։ 

Գնալով Գաբո Ապերը բանաստեղծական արվեստի նոր բարձունքներ նվաճեց։ Ընթերցողներին պարգևեց ՙՋրվեժի երգը՚, ՙԵկեք հաշվել սովորենք՚, ՙԸնտիր երկեր՚, ՙՁյան գույները՚,  ՙԱկունքներ՚, ՙԵրգող ծառը՚, ՙՏարին բոլոր գույներով նոր՚, ՙՄանկատաղեր՚, ՙԱքլորականչ՚ և այլ գրքեր։

ՙԵրգող ծառը՚ ժողովածուի համար Գ. Գաբրիելյանն արժանացավ Հայաստանի գրողների միության Ստ. Զորյանի անվան մրցանակի։ Նախօրեին ՀԳՄ նախագահ, արձակագիր Վ. Պետրոսյանը հեռագրել էր. ՙԹանկագին Գուրգեն Արտեմովիչ, ուրախ եմ Ձեզ հաղորդելու, որ Հայաստանի գրողների միության ամենամյա մրցանակների ժյուրին Ձեզ շնորհել է Ստ. Զորյանի անվան մրցանակ՝ ՙԵրգող ծառը՚ գրքի համար։ Մենք բոլորս Ձեզ ճանաչում ենք որպես մանկական հիանալի բանաստեղծի, որը հայտնի է ինչպես Հայաստանում, այնպես էլ այլուր... Սպասում եմ Ձեր նոր, ազնիվ, պայծառ, տաղանդավոր գործերին՚։

Գ. Գաբրիելյանը, հավատարիմ մանկագրի իր բարձր կոչմանը, միշտ որոնումների մեջ էր, և կարևորն այն էր, որ նա գտնում էր իր որոնածը։ Մոտ 50 գրքերի հեղինակը տարեցտարի ավելի էր հմտանում իր մանուկ հերոսների հոգեբանական նուրբ ու անբիծ շերտերը դիտելու, նրանց հետ զրուցելու, դիտակետից աշխարհն ընկալելու, նրանց անունից խոսելու մեջ։ Նրա քնարական հերոսները տարբեր տարիքի դպրոցականներ են, որոնք ակտիվորեն մասնակցում են նկարագրվող դեպքերին, իրենց զգում են հայրենի օջախի, լեռնաշխարհի, նրա անկրկնելի բնության տերերը, սակայն ոչ թե բնության գեղեցկություններով հմայված, անհոգ անձնավորություններ, այլ երկրի հայրենասեր տերեր ու պաշտպաններ։

Գաբո Ապերը հումորի մեծ վարպետ էր։ Հումորի հմուտ օգտագործման շնորհիվ նրա խոսքը հնչում էր նոր երանգներով, դաստիարակչական ուժով, ճանաչողական ծփանքներով։

Սովորաբար լավ երգը համեմատում են ժայռերի խորքից բխող լեռնային աղբյուրի հետ, որ ամառային ամենատապ օրերին կոտրում է մարդու ծարավը և երանության պահեր ընծայում։ Մեղանչած չենք լինի, եթե նշենք, որ երգի պարգևած հաճույքը բազմաշերտ է։ Երգը և՜ հագեցնում է մարդկային հոգու ծարավը, և՜ իր թևերին առած, ունկնդրին տանում է ցանկալի ափեր՝ հարազատի, ընկերոջ, սիրո կարոտով, և՜ հասցնում հայրենի պատմության խորքերը, լիցքավորում ափսոսանքի և ոգորումի զգացումներով, և՜ շոյում սրտերը՝ խիզախելու ներկա ընթացքի մեջ` հանուն լուսավոր ապագայի։ Այդպիսին է եղել և՜ մեր ժողովրդական, և՜ գուսանական, և՜ երգահանների հյուսած երգը։ Նման հեռաթև երգերի հեղինակ է Գ. Գաբրիելյանը, թարմ ու կենսալից են նրա և՜ բանաստեղծությունները, և՜ ժողովրդական երգերը։ 

Գ. Գաբրիելյանն Արցախում ծնված, Արցախում սնված, Արցախի բարեմասնությունները հոգու մեջ առած հայ բանաստեղծ է։ Նա 1998¬ին Երևանում հրատարակեց ՙԻմ առածանին՚ գիրքը, մեկ տարի անց՝ ՙԱշնան հանդես՚ ժողովածուն։ Գրաքննադատները նշեցին, որ տաղանդավոր մանկագիրը աշնանային գույների շռայլությամբ հարստացրել է ժամանակակից հայ մանկագրությունը, իսկ երբ 1992¬ին տպագրվեց ՙՈւրախ հայերեն՚ գիրքը, այն համարվեց հավերժական մի նվեր հայոց դպրոցահասակ մանուկներին։ Նա կարողացավ նաև դարերին հանձնել արցախյան կերակրատեսակների չափածո հիանալի ճաշացուցակը։ 

Գ. Գաբրիելյանի կյանքն ու գործը անձնուրաց հայրենասեր¬քաղաքացու ոչ միայն օրինակելի երևույթ են, այլև հայրենիքին նվիրվելու սրբազան պատգամ։ Նա Արցախը մայր Հայաստանին վերամիավորելու և՜ գաղափարախոսն էր, և՜ դրոշակակիր զինվորը։ 

Բազմաթիվ պետական պարգևների արժանացած բանաստեղծ¬երգահանը 90 տարեկան է։ Նա բացակայում է միայն ֆիզիկապես։ Նրա լուսառաք հոգին թևածում է ազատ և անկախ թևածող Արցախ աշխարհի երկնակամարում` ՙՂարաբաղի հորովելը՚ շուրթերին։ Նա բարձունքներից նայում է նոր սերունդներին ու հիանում, երբ լսում է նրանց խոսքը՝ իր պատգամով. ՙԻրիքնյակը տյուս ա եկալ, Տանըս յըրա լյուսա ա եկալ՚։

Իսկ մենք՝ Գ. Գաբրիելյանի հավերժածուփ երգերի երկրպագուներս, հիշելով անմահ պոետին, որպես երախտիքի ու հարգանքի տուրք, նրա բառերով բարձրաձայնենք.

Շատ շեն կենաս, մեր Ղարաբաղ,

Մեր ճիրաքյեն շող ու շափաղ,

Մեր տոն ու տեղ, հող ու հոտաղ,

Հինչու օնինքյ, լոխ քեզ մատաղ։ 

 

Սոկրատ ԽԱՆՅԱՆ 

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր