ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՆԿԱԳՐԻՆ
Երախտիքի ու հարգանքի տուրք էր հունիսի 12-ին ծաղիկներ դնելը Գուրգեն Գաբրիելյանի հուշաքարին, որը տեղադրված է այն շենքին, ուր երկար տարիներ ապրել ու ստեղծագործել է ականավոր մանկագիրը։ Հավաքվել էին գրողներ, արվեստի գործիչներ, հարազատներ, գրողի այրին։
Հավաքին բացման խոսք ասաց ՙՀայրենիք՚ թերթի խմբագր, բանաստեղծ Դավիթ Միքայելյանը, կարևորելով բանաստեղծի վաստակն ու թողած ժառանգությունը։ Նա ընդգծեց, որ հավաքվածներից շատերն աշակերտել են նրան, որ իրեն բախտ է վիճակվել աշխատել ճանաչված մանկագրի հետ, որը մեծ հետք է թողել ստեղծագործող սերնդի վրա։
Երախտիքի և հարգանքի ջերմ խոսքերով հանդես են գալիս.
Կիմ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ.- Գուրգեն Գաբրիելյանը ոչ միայն մանկագիր է, այլև գեղագետ, հասարակական գործիչ, գրականագետ, թատերագետ։ Նա եղել է Ղարաբաղյան շարժման նվիրյալներից, և եթե ամբողջական գնահատենք բանաստեղծի վաստակը, դա մի հսկայական կենսագրություն է, նվիրվածություն ժողովրդին ու հայրենիքին։ Այսօրվա և հետագա սերունդները կսովորեն նրա ապրած կյանքից ու թողած ժառանգությունից, և հետագա տասնամյակները կամբողջանան Գուրգեն Գաբրիելյանի կերպարով։
Ռոբերտ ԵՍԱՅԱՆ.- Տարիներն անցել են, բայց Գաբրիելյանի բանաստեղծությունները, որոնք մեր հոգեաշխարհի մի մասն են կազմում, ապրում են կյանքի հետ, հատկապես արցախյան բարբառով գրված նրա երգերը։ ՙՀորովելը՚ մշտապես մեզ հետ է իր ինքնատիպ ներաշխարհով։ Գաբրիելյանի պոեզիան կյանքային ազդակներ ունի, հետևապես հրաշալի զրուցակից է բոլոր ժամանակների ընթերցողի համար։ Նրա պոեզիային հատուկ է աշխույժ մտածողությունը, հախուռն տարերքը, և մանուկների աշխարհում կատարած նրա գյուտերին մենք մշտապես անդրադառնալու ենք։
Ժաննա ԲԵԳԼԱՐՅԱՆ.- Ով մի անգամ լսել է նրա կատարմամբ իր իսկ երգերը, շփվել է նրա հետ, անհնար է, որ մոռանա։ Գաբրիելյանը դասականացված հեղինակ է, նրան սիրում են և՜ մանուկները, և՜ մեծերը։ Որպես մեծություն նա պատրաստակամ էր երիտասարդների հանդեպ, շատերին է բարի ճանապարհի խոսք ասել։ Որպես լուսավոր անհատականություն նա մնալու է հայ գրականության մեջ։
Անժելա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ.- Գուրգեն Գաբրիելյանն այն երջանիկ մեծություններից է, ում կյանքը կանգ չի առնում այնտեղ, ուր վրա է հասնում մահը։ Նա շարունակում է ապրել սերունդների գիտակցության մեջ։ Այն, որ նրա հետմահու կյանքը ևս այնքան արգասաբեր է, որքան կենդանության օրոք, անժխտելի փաստ է։ ՙԱյբուբենը երգերի մեջ՚ գրքույկի և անմահ ՙՀորովել՚ երգի տեսքով նա կերտեց իր հուշարձանը։ Որպես մանկավարժ՝ ՙԱյբուբենը երգերի մեջ՚ գիրքը ես կգնահատեի ոչ միայն որպես մանկատաղերի ժողովածու, այլ՝ դասագիրք, որը մատաղ սերնդին ուղղորդում է դեպի հայոց գիրը։ Յուրաքանչյուր տառը՝ մի աշխարհ՝ ճանաչեցնող, սովորեցնող, դաստիարակող։ Իսկ ՙՀորովելը՚ սովորական գեղջուկի երգ չէ, այնտեղ հայի, մեր տուն ¬ երկրի պատմությունն է, հայի տառապանքի կարծրացած և ապրեցնող ոգին, հավատի անմար շտեմարանը, որ մեզ տանում է դեպի հայոց պայծառ ապագան։ ՙԷս նեղ օրեն լեն օր կըկյա՚ տողը որպես հույսի շող միշտ շողալու է հայոց երկնակամարում։
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ