Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՄԱՐԴԸ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ Է ԱՄԵՆ ԻՆՉՈՒՄ

Գրական-գեղարվեստական երեկո` նվիրված անվանի կոմպոզիտոր Ալեքսեյ ՀԵՔԻՄՅԱՆԻՆ

 Ալեքսեյ Հեքիմյան. հայ անվանի երգահան` բավականին հարուստ ու հետաքրքիր կենսագրությամբ:  Մարդ, ում կյանքում տեղ են գտել խուզարկուի գայթակղիչ գործունեությունն ու երգահանի երաժշտա-դրամատիկական ոգորումները, ինչն առաջին հայացքից անհավանական թվացող երևույթ է: Հենց այսպես է իր կյանքն ապրել ոստիկանության գեներալ-մայոր, Մոսկվայի մարզի քրեական հետախուզության պետի տեղակալ, խորհրդային երգահան, Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսեյ Հեքիմյանը՝ ցերեկը բացահայտելով ծանր հանցագործություններ, իսկ գիշերը անցկացնելով երաժշտության հեքիաթային և նուրբ աշխարհում, ստեղծելով անկրկնելի գոհարներ, որոնցից յուրաքանչյուրն առանձին ուշադրության է արժանացել: Երևի ՙՏաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում՚ արտահայտությունը հենց մեծ մարդու, հայի և արվեստագետի մասին է նաև ասված:  

Մարտունու մշակույթի և երիտասարդության պալատում օրերս տեղի ունեցավ  գրական-գեղարվեստական երեկո՝ նվիրված Ալեքսեյ Հեքիմյանի ծննդյան 90-ամյակին: Այն կազմակերպվել է Վլադիմիր Շիրինյանի կողմից: Միջոցառմանը ներկա էին Մարտունու արվեստասեր քաղաքացիներ, մարդիկ, ովքեր սիրում և գնահատում են մեծ արվեստագետի գործերը:

Ալեքսեյ Հեքիմյանի մասին պատմող միջոցառումը վարում էր նրա հեղինակը, ով համակողմանի ներկայացրեց մեր մեծ հայրենակցի կյանքն ու գործունեությունը, իսկ ընթացքում կոմպոզիտորի երգերը հնչեցին պալատին կից գործող ՙՔնար՚ ժողգործիքային համույթի, մեներգիչների և Մարտունու հ.1 դպրոցի սաներ Գոռ Ավագյանի ու Լիլիթ Մուսայելյանի կողմից:

Ալեքսեյ Գուրգենի Հեքիմյանը ծնվել է Բաքվում՝ 1927թ. մայիսի 10-ին: 1941թ. ավարտել է Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժինը, 1943թ.՝ Երևանի Մայակովսկու անվան միջնակարգ դպրոցը, 1955թ.՝ ԽՍՀՄ ՆԳՆ բարձրագույն դպրոցը: 1946թ. ծառայության է անցել ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության համակարգում: 1955-70թթ. եղել է Սերպուխովո քաղաքի ներքին գործերի բաժնի պետը, Մոսկվայի մարզի քրեական հետախուզության պետի տեղակալը, ապա՝ պետը, 1970-73թթ.` Մոսկվայի մարզային խորհրդի գործկոմի ներքին գործերի վարչության պետի տեղակալը: Ալեքսեյ Հեքիմյանը գրել է ժողովրդական-քաղաքային ոճի ավելի քան 300 երգ: 1957թ. Երիտասարդության համաշխարհային փառատոնում նրա երգն արժանացել է ուշադրության, իսկ 1961թ. շահել է առաջին կարգի մրցանակ: 1982թ. ՙԳարուն է գալիս՚ երգի համար նրան շնորհվել է առաջին կարգի մրցանակ: 

Կոմպոզիտորի ստեղծագործություններից առավել հայտնի են ՙԲարի արագիլ՚, ՙԿռունկ, բարով եկար՚, ՙԵրգիր ինձ համար՚, ՙՂարաբաղի եղնիկ՚, ՙԻմ Հայաստան՚, ՙՂարաբաղ՚ երգերը: 1972թ. արժանացել է ԽՍՀՄ ներքին ծառայության գեներալ-մայորի կոչման: 1973թ. արժանացել է Դաղստանի, 1981թ.՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: 

Ալ. Հեքիմյանը մահացել է 1982թ. ապրիլի 24-ին, Մոսկվայում, թաղված է Երևանում: Նրա անունով է կոչվում Երևանի հ.13 երաժշտական դպրոցը:

 Միջոցառման հիմնական նպատակը հայ ազգային երգարվեստի պրոպագանդումն էր: Ներկա էին նաև Հեքիմյանին ճանաչող և նրա հետ առնչվելու բախտ ունեցած մարդիկ: 1981թ. սեպտեմբերի 5-9-ը  կոմպոզիտորը ժամանեց Մարտունի, եղավ նաև Բերդաշեն, Գիշի, Թաղավարդ համայնքներում: Բավականին սպասված և հետաքրքիր այց էր այն, որի մասին հուշերով ներկայացան նշված ժամանակահատվածում Մարտունու կուսշրջկոմի պրոպագանդայի բաժնի վարիչ Վալերի Հայրապետյանը և շրջգործկոմի մշակույթի բաժնի վարիչ Էլմիրա  Մուսայելյանը: Ժամանակի խորհրդավորությունը պարունակող այդ այցն ուղեկցվեց  համաժողովրդական սիրո արտահայտությամբ: Կոմպոզիտորը  տեսավ, զգաց հայրենասեր և ազգասեր մարտունեցուն, սիրեց այդ տեսակին և բացահայտեց նրան համահունչ իր տեսակը: Ժողովուրդը հասկացավ, որ Հեքիմյան մարդ-պաշտոնյա-արվեստագետն անմեկնելի մեծ  ոգու տեր հայրենասեր ու ազգասեր է, ու նրան սիրեց առաջին հերթին հենց այս որակի համար:

ՙՀարուստ ու բազմազան է Ալեքսեյ Հեքիմյանի հայկական երգերի ռիթմիկան:  Ինչպես և մեղեդայնությունը, այն իր արմատներով գնում է  դեպի հայկական  երաժշտական ֆոլկլորի խորունկ շերտերը և ամենից առաջ` ժողովրդական պարի տարերքը: Լսելով կոմպոզիտորի երգերը՝ ամեն անգամ զմայլվում ես ոչ միայն նրա ռիթմերի բազմազանությամբ, այլ նրանով, թե որքան օրգանապես են այդ ռիթմերը ձուլված լինում երգերի մեղեդիներին: Ահա ինչու է կարևոր  Հեքիմյանի արվեստին ծանոթ լինելը, այն իմանալն ու սիրելը՚,- նշեց Վ. Շիրինյանը:

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ

ք. Մարտունի