[ARM]     [RUS]     [ENG]

Աշոտ Առաքելի ԲԱԲԱՅԱՆ

Արցախյան մշակույթը ծանր կորուստ կրեց. 2017թ. հոկտեմբերի 7-ին  կյանքի 72-րդ տարում իր մահկանացուն կնքեց Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ, պարարվեստի նվիրյալ և երախտավոր Աշոտ  Առաքելի  Բաբայանը։

 Նշանակալի է  Ա. Բաբայանի դերը Արցախում պարարվեստի  զարգացման, Արցախի պարի պետական համույթի ստեղծման գործում։

Աշոտ Բաբայանը ծնվել է 1946թ. փետրվարի 10-ին Ասկերանի շրջանի Շոշ գյուղում։

Պարարվեստում առաջին քայլերն սկսել է Ստեփանակերտի Պիոներների տանը կից գործող պարախմբում։

1961թ. ընդունվել է ԼՂԻՄ երգի-պարի պետական համույթ` որպես պարող։

1965թ. մրցութային կարգով ընդունվել է ՀՀ երգի-պարի պետական համույթ` որպես մենակատար։

1965-1969 թթ. Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի դասական բաժնում մասնակցել է դասընթացների։

1969թ. հրավիրվել է ԼՂԻՄ երգի-պարի պետական համույթ` որպես պարուսույց։

1993թ. նշանակվել է ԼՂՀ երգի-պարի պետական համույթի տնօրեն-գեղարվեստական  ղեկավար։

2012 թվականից աշխատում էր Արցախի պարի պետական  համույթի  գեղարվեստական  ղեկավարի պաշտոնում։

Իր ողջ ստեղծագործական գործունեությունն Ա. Բաբայանը նվիրաբերել է  Արցախում  հայ ժողովրդի մշակութային հարուստ ժառանգության պահպանմանը։

Ղեկավարելով Արցախի պարի պետական համույթը, նա դաստիարակել է պարարվեստի մի քանի սերունդներ, ովքեր այսօր պարում են Արցախի տարբեր համույթներում, դասավանդում  և կատարում  բեմադրություններ։

2003թ. ԼՂՀ Նախագահի հրամանագրով Ա. Բաբայանը պարգևատրվել է ՙՎաչագան Բարեպաշտ՚ մեդալով։

2005թ. նրան շնորհվել է ԼՂՀ արվեստի վաստակավոր  գործչի, իսկ  2007թ.՝ ԼՂՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում։

Հայրենի մշակույթին տասնամյակների նվիրվածության շնորհիվ Աշոտ Բաբայանը վայելում էր հայրենակիցների սերն ու համակրանքը։ Նրա հիշատակը վառ կմնա Արցախի արվեստասեր հասարակության  հիշողության մեջ։

Անդառնալի կորստի այս ծանր պահին  մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք  հայտնում հանգուցյալի հարազատներին, մերձավորներին, սաներին  և նրա արվեստի երկրպագուներին, մաղթում տոկունություն և հոգու կորով։

 

ԼՂՀ մշակույթի, 

երիտասարդության հարցերի 

և զբոսաշրջության նախարարություն