[ARM]     [RUS]     [ENG]

ԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԷԻՆ

Մեսրոպ Մաշտոց Համալսարանում (ՄՄՀ) հոկտեմբերի 7-ին անցկացվեց ուսանողների և երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողով` ՙԿրթության և գիտության դերը պետության զարգացման գործում՚ թեմայով: 

 Բացման խոսքով հանդես եկավ համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը, ով նշեց, որ գիտաժողովը նվիրվում է բուհի 20-ամյակին: Այդ տարիների ընթացքում բուհը բռնել է կայուն զարգացման ուղի: Համալսարանի  ներկայացուցիչները եղել են աշխարհի  տասնյակ բուհերում` փորձի փոխանակման նպատակով, և հեռանկարում հիանալի ծրագրեր ունեն: ՄՄՀ-ն ոչ պետական բուհ է, որն իրականացնում է պետական խնդիրներ, մասնավորապես, ունի ՙԿովկասագիտություն՚ բաժին, որտեղ նախատեսվում է 5 լեզվի ուսուցանում` հայերենից և ռուսերենից բացի` ադրբեջաներեն, վրացերեն, պարսկերեն: 

ՄՄՀ պրոռեկտոր Ղարիբ Բաբայանը նշեց, որ գիտաժողովին մասնակցում են Արցախի տարբեր բուհերի, Հայ-ռուսական (սլավոնական) միջպետական, Երևանի և ՀՀ մարզերի, հեռակա կարգով` ՌԴ տարբեր բուհերից  ուսանողներ և դասախոսներ: Նախքան գիտաժողովն սկսվելը տեղի ունեցավ Իրավաբանական հանրագիտարանի շնորհանդես, որը ներկայացրեց Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Ծաղիկյանը: 

Գիտաժողովի մասնակիցները ծանոթացան գրադարանում կազմակերպված ցուցահանդեսին, որտեղ ներկայացված են այս տարիների ընթացքում բուհի կողմից հրատարակված գրքերը,  ինչպես նաև այն գրքերը, որոնցում ամփոփված են ՄՄՀ ուսանողների և դասախոսների գիտական աշխատանքները: 

Այնուհետև գիտաժողովը նախագահեց  ՄՄՀ ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) նախագահ Հովիկ Ավանեսովը: 

Նման գիտաժողովների կազմակերպումը մեծ նշանակություն ունի, քանի որ դա յուրահատուկ հարթակ է երիտասարդ գիտնականների և ուսանողների համար փորձի փոխանակման, նոր կապերի ստեղծման գործում: Արդեն նախադեպեր կան, երբ նման գիտաժողովից հետո ծնվել են մասնակիցների համահեղինակությամբ գիտական նյութեր, նշեց ՈՒԳԸ նախագահը:   

Լիագումար նիստում ներկայացվեց երկու զեկուցում: Առաջինի բանախոսը   Վանաձորի  պետական համալսարանից Աղունիկ Սահակյանն էր`  ՙԳիտելիքի կառավարումը և կրթության որակին ներկայացվող ժամանակակից պահանջները՚ թեմայով: Նա անդրադարձավ   կրթության որակի ապահովման խնդրին, որը  կրթական հաստատությունների համար մշտապես արդիական է:  Ժամանակակից պայմաններում, երբ կտրուկ մեծացել է բուհերի մրցունակությունը  կրթական ծառայությունների շուկայում, կրթության որակը դարձել է մրցունակության գլխավոր գործոն: Նրա տեսանկյունով` նոր  աշխարհակարգի պայմաններում որակյալ կրթության ապահովման նպատակով ամենաարդիական լուծումներից մեկը գիտելիքի կառավարման ներդրումն է: Արդի պայմաններում մասնագիտական կրթական հաստատությունները հանդես են գալիս ոչ այնքան գիտելիքի պահպանման, որքան դրանց ստեղծման  և տարածման կենտրոնների դերում, նկատեց նա: 

Մյուս զեկուցողը Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանից Իրմա Ճաղարյանն էր, որի  թեման էր ՙՔրեական օրենսդրության լիբերալացումը տնտեսական գործունեության ոլորտում հանցագործությունների համար պատասխանատվությունից ազատվելու շրջանակում՚: Բանախոսը հենվել էր ՌԴ օրենսդրության վրա: 

Քննարկումներն այնուհետև շարունակվել են փիլիսոփայության, իրավունքի, քաղաքագիտության, պատմության, աշխարհագրության, միջազգային հարաբերությունների և տարածաշրջանագիտության, լեզուների, մանկավարժության և այլ մասնախմբերում: 

Ակտիվ բանավեճի պայմաններում ընթացան Մարգարիտ Պետրոսյանի (Երևան, Բրյուսովի անվան համալսարան)`  չճանաչված պետություններում բազմակուսակցական համակարգի ձևավորման և կայացման խնդրին, ՈՒԳԸ նախագահ, ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի գիտաշխատող Հովիկ Ավանեսովի` արդի աշխարահաքաղաքական  իրադարձությունների համատեքստում Ադրբեջանի պետական ահաբեկչություններին առնչվող և շատ այլ թեմաներ: 

Գիտաժողովի եզրափակիչ լիագումար նիստում մասնախմբերի ղեկավարներն ամփոփեցին թեմատիկ քննարկումները: Ռեկտոր Դ. Գաբրիելյանը մասնակիցներին հանձնեց հավաստագրեր: 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ