[ARM]     [RUS]     [ENG]

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ, ՈՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ Է ՆԱԵՎ ԱՐՑԱԽԸ

Լույս է տեսել Իրավաբանական հանրագիտարան, որի շնորհանդեսը հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Արցախի պետական համալսարանում:

Ներկա էր հանրագիտարանի գլխավոր խմբագիր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի իրավունքի ամբիոնի վարիչ Ստեփան Ծաղիկյանը:  

Իր ողջույնի խոսքում ԱրՊՀ պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը նշեց, որ հանրագիտարանը նվիրված է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ստեղծման 20-ամյակին: Նրանում ընդգրկված են իրավաբանական բոլոր մասնագիտությունները, պետության և իրավունքի տեսությունը և պատմությունը, քրեական իրավունքը, քրեական դատավարական իրավունքը, իրավական ուսմունքի տեսությունը և այլն: Հանրագիտարանը նախատեսված է պետական մարմինների աշխատողների,  ուսանողների,  դասախոսների և  բոլոր այն մարդկանց համար, որոնց  կհետաքրքրեն իրավական հարցերը: 

Հանրագիտարանի խմբագիր Ս. Ծաղիկյանն աշխատության ստեղծման  նախապատմությունը ներկայացնելիս նշեց, որ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը ակտիվ ստեղծագործական աշխատանքի մեջ է  ՌԴ բոլոր բուհերի,  այդ թվում` Մոսկվայի Լոմոնոսովի անվան, Պետերբուրգի պետական համալսարանների և բազմաթիվ այլ բուհերի հետ: Առավելապես իրավագիտության բնագավառում  ակտիվ համագործակցություն կա Մոսկվայի  Կուտաֆինի անվան և շատ ակտիվ` Տոլյատիի պետական համալսարանների հետ:  Վերջինիս կողմից իրականացվող հրատարակչական աշխատանքներին մասնակցություն ունեն Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի  ուսանողները` սկսած 3-րդ կուրսից, ասպիրանտները, բնականաբար, նաև դասախոսները, որոնք ակտիվորեն տպագրվում են Տոլյատիի համալսարանի լրատվական և գիտական մամուլում:

Վեց տարի առաջ գաղափար առաջացավ,  և նախաձեռնեցին համատեղ` երկու համալսարանների ուժերով,  ստեղծել իրավաբանական հանրագիտարան: Տոլյատիի կողմից աշխատանքները գլխավորապես իրականացրել է  համալսարանի իրավաբանական ֆակուլտետի  դեկան, մեր հայրենակից, ՌԴ-ում ճանաչված իրավագետ Ռուդոլֆ Խաչատուրովը,  իսկ Երևանի կողմից` Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ամբողջ իրավաբանական ինստիտուտը (ներկայումս համալսարանի ֆակուլտետները միավորվելով` ստանում են ինստիտուտների կարգավիճակ): 

Բովանդակության առումով` ընդգրկված են իրավունքի բոլոր ուղղությունները,  ավելին`  1000 էջի մեջ  փորձել են  ներկայացնել աշխարհի գրեթե բոլոր պետությունների սահմանադրությունների հիմնական դրույթները: Իսկ թե ինչու է գրքի շնորհանդեսն անցկացվում Արցախում, ընդ որում` առաջինը,   պատճառը հետևյալն է. ըստ  երկու համալսարանների  պայմանավորվածության, հանրագիտարանը պետք է հավասարապես բաժանվի Ռուսաստանում և Հայաստանում, ընդ որում` Ռուսաստանում բոլոր նշանակալից բուհերին, գրադարաններին (Գրապալատը միայն 18 օրինակ է պահանջել): Այսինքն` գիրքը  մեծ տարածում է ունենալու: Ս. Ծաղիկյանի մոտ միտք հղացավ աշխատանքներում ներգրավել նաև Արցախը և իր գործընկերներին` ԱրՊՀ  իրավագիտւթյան ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռիտա Առստամյանին, և Մեսրոպ Մաշտոց Համալսարանի պրոռեկտոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Ղարիբ Բաբայանին առաջարկեց մասնակցություն ունենալ հանրագիտարանի ստեղծմանը Արցախին վերաբերող մասով: Ս. Ծաղիկյանը տեղեկացրեց, որ համատեղ  աշխատանքները կշարունակվեն: ՌԴ համալսարաններից մեկի հետ պատրաստվում են իրականացնել նախագիծ, այն է` Ռուսաստանի և Հայաստանի իրավունքի պատմության վերաբերյալ 10-հատորանոց աշխատություն, որտեղ Արցախի համալսարանականները կներկայացվեն  ավելի լայն ծավալով: 

Հանրագիտարանի համահեղինակ Ռիտա Առստամյանը`  շնորհակալություն հայտնելով Ս. Ծաղիկյանին`  նման լուրջ աշխատանքին մասնակից անելու համար, տեղեկացրեց, որ ինքը պատիվ է ունեցել  հանրագիտարանում ներկայացնել սահմանադրական իրավունքի ճյուղը: 

Մյուս համահեղինակ Ղարիբ Բաբայանը, որը ժամանակին աշխատել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում և Ս. Ծաղիկյանի հետ գործընկերային հարաբերությունների մեջ է, նույնպես իր շնորհակալությունը հայտնեց նրան` հանրագիտարանում Արցախի Հանրապետությունը  ներառելու համար: 

Շնորհանդեսին ելույթ ունեցան նաև դասախոսներ և ուսանողներ: Բոլորն էլ հպարտության զգացումով արտահայտվեցին  նման մեծ հանրագիտարանում Արցախին տեղ հատկացնելու համար և ցանկություն հայտնեցին իրենք ևս երբևէ  ներդրում ունենալ նման նախագծերում: 

 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ