[ARM]     [RUS]     [ENG]

ԼԵՈՆԱՐԴՈ ԴԻ ԿԱՊՐԻՈՆ ՙՄԻՆՉ ՋՐՀԵՂԵՂԸ՚ ՖԻԼՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՈՐԾԱՆԻՉ ԽՆԴԻՐՆԵՐ

Հոկտեմբերի 20-ին Ստեփանակերտի ՙԹումո՚ ստեղծարար կենտրոնում ՙԱրևորդի՚ միջազգային բնապահպանական 7-րդ փառատոնի շրջանակներում ցուցադրվեց Ֆիշեր Ստիվենսոնի, Մարտին Սկորսեզեի, Բրեթ Ռեթների և մի շարք բնապահպանների համագործակցությամբ նկարահանված ՙՄինչ ջրհեղեղը՚ ֆիլմը, որում հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն ներկայացնում է կլիմայական կործանիչ փոփոխությունների ու դրանց դեմ պայքարի միջոցները:

 Ծանուցենք, որ 2014 թվականին Լեոնարդո Դի Կապրիոյին նշանակել են ՄԱԿ-ի` կլիմայի փոփոխության հարցերով զբաղվող խաղաղության դեսպան: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը բարձր է գնահատել Լեոնարդոյի գործունեությունը` ուղղված շրջակա միջավայրի էկոպահպանությանը: Այդ թեման վաղուց է մտահոգում դերասանին, որը դեռևս 1998թ. հիմնել է հիմնադրամ, որի նպատակն է նպաստել շրջակա միջավայրի պահպանությանը: Բոլոր այդ տարիներին նա բավական ակտիվ բնապահպանական գործունեություն է ծավալել:

Ճանապարհորդելով  Գրենլանդիայից  Չինաստան և Ինդոնեզիա, Խաղաղ օվկիանոսի կղզիներից մինչև Վատիկանի սրահները և զրուցելով աշխարհի ազդեցիկ առաջնորդների հետ, հարցազրուցներ վարելով բնապահպանների, ակտիվիստների, գիտնականների, տարբեր երկրների նախագահների, ինչպես և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ` դերասանը փորձում է լուծումներ գտնել ինչպես բնապահպանական ամենալուրջ հարցերից մեկի` գլոբալ տաքացման խնդրի կանխարգելման, այնպես էլ շրջակա միջավայրի աղտոտման, թունավոր թափոնների, աղբահեռացման, անտառների պահպանման, ածխածնի երկօքսիդի և ջերմոցային այլ գազերի արտանետման և մի շարք այլ խնդիրների համար: Ֆիլմը հայացք է առ այն, թե ինչպես են կլիմայական փոփոխություններն ազդում շրջակա միջավայրի վրա, և թե ինչ կարող է անել մարդը, որպեսզի կանխարգելի բնաջնջման վտանգի տակ գտնվող կենդանատեսակների, էկոհամակարգերի և բնիկ համայնքների ոչնչացումն ամբողջ երկրագնդում:

2015թ. դեկտեմբերին, երբ Փարիզում 190 երկրների կողմից բարեհաջող վավերագրվեց Կլիմայի փոփոխությունների մասին համաձայնագիրը, Լեոնարդո Դի Կապրիոն իր ելույթում կոչ էր անում աշխարհի գործարարներին ուշքի գալ և դադարեցնել մոլորակի անխնա շահագործումը:

Ֆիլմից հետո տեղի ունեցած քննարկումների ժամանակ տագնապալի տեղեկատվություն հնչեցվեց Մարտակերտի շրջանի վերաբերյալ, մասնավորապես` լեռնահանքային համալիրի մոտակա տարածքներում կովերի վիժման ցուցանիշների ավելացման մասին, ինչը մտահոգվելու տեղիք է տալիս: Հաջորդ բնապահպանական ՙԱպագայի էներգիան՚ ֆիլմը կցուցադրվի  հոկտեմբերի 27-ին:

Էմմա ԲԱԼԱՅԱՆ