[ARM]     [RUS]     [ENG]

ԱրՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ

Նոյեմբերի 6-ը  հիշարժան օր էր Արցախի պետական համալսարանի համար.  բացվեց երկար սպասված իրավաբանական կլինիկան: Արարողությանը ներկա էին համալսարանի ղեկավար կազմը, ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, հյուրեր ՀՀ-ից, իրավաբան-դասախոսներ, ուսանողներ: 

 ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը շնորհավորեց համալսարանականներին բուհի կյանքում այդ կարևոր իրադարձության համար: Նրա խոսքով` իրավաբանական կլինիկայի բացումը  հետապնդում է մի քանի  նպատակ` ընդլայնել ուսանողների մասնագիտական հմտությունները, նրանց տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորությունները,  քաղաքացիներին մատուցել անվճար իրավաբանական ծառայություններ, նպաստել  Արցախի  դատական,  իրավապահ և այլ մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, փաստաբանական ծառայությունների կայացմանը և իրավաբան ուսանողների` դեպի փաստաբանական գործունեություն ուղղորդմանը: 

Համալսարանում իրավաբանական  կլինիկա ունենալու վաղեմի երազանքն առարկայական դարձավ մի քանի ամիս առաջ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հետ կնքած Հուշագրի արդյունքում, որին  գործնական մասնակցություն ունեցավ  ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, ում ուղեկցությամբ ամռանը ԱրՊՀ-ում էր Ամերիկահայ  իրավաբանների միության ներկայացուցիչը, որն էլ խոստացավ  ֆինանսապես աջակցել  կլինիկայի գործարկմանն ու  գործունեությանը: Եվ այսօր այն իրականություն է: Շնորհավորանքի հետ մեկտեղ Մ. Մինասյանը քաղաքացիներին  կոչ արեց  օգտվել կլինիկայի ընձեռած հնարավորություններից:

Բացմանը ողջույնի խոսք ասաց ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:  Նա ընդգծեց, որ ցանկացած պետության Մարդու իրավունքների պաշտպանի համար ուրախալի է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող նոր հաստատություն ունենալը: ՙԻրավաբանական կլինիկան նպաստում է արդար դատաքննության իրավունքին, իսկ մենք, որպես ժողովրդավարական պետություն, այս ուղղությամբ անելիք ունենք ոչ միայն  պաշտոնական, այլև ոչ պաշտոնական, հասարակական  մակարդակով՚,-ասաց նա:  Արցախի ՄԻՊ գրասենյակի ղեկավարը նույնպես կարևորեց կլինիկան ուսանողների որակավորման բարձրացման, գործնական հմտությունների ու կարողությունների տեսանկյունից:  Նա կարևորեց նաև ԱրՊՀ-ԵՊՀ-Ամերիկահայ իրավաբանների միության համագործակցությունը կլինիկայի հիմնադրման գործում: Նշելով, որ  Արցախը չունի այն  հնարավորությունները, որոնք ունեն ճանաչված պետությունները, Ռ. Մելիքյանն ընդգծեց այն միտքը, որ  մեր քաղաքացիները չպետք է զրկված լինեն ճանաչված երկրների քաղաքացիների հնարավորություններից: Եվ արվում է ամեն հնարավորը, որպեսզի  Արցախի քաղաքացիները զրկված չլինեն միջազգային չափանիշներով սահմանված մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներից, և շնորհակալություն հայտնեց բոլոր այն կառույցներին, որոնց  համագործացությամբ կլինիկան կայանում է: Նրանց ներկայացուցիչները` ԵՊՀ իրավաբանական կլինիկայի տնօրեն Քնարիկ Վարդանյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Սերգեյ Ղազինյանը, Փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Վրեժ Խաչիկյանը, ողջունեցին կլինիկայի բացումը` բարի երթ մաղթելով նրան և հայտնեցին իրենց գործուն աջակցության պատրաստակամությունը: 

ԱրՊՀ իրավաբանական կլինիկայի փաստաբան-դասընթացավարն է Աշոտ Ապրեսյանը, որը նույնպես ելույթ ունեցավ` ուսանողներին կոչ անելով ակտիվորեն ներգրավվել նրա աշխատանքներում: 

Իրավաբանական կլինիկան բացելու  կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեցին ԵՊՀ և ԱրՊՀ իրավաբանական կլինիկաների տնօրեններ Քնարիկ Վարդանյանին և Տաթև Գևորգյանին: 

 Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ