Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԻՆ ՊԵՏՔ Է ՈՒԺ` ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոկտեմբերի վերջին երկու օրերին Արցախի պետական համալսարանում դասախոսություններով հանդես է եկել Իսպանիայի միջազգային քոլեջի դասախոս, Քլինգենդալ համալսարանի պրոֆեսոր, միջազգային դիվանագիտության  ճանաչված փորձագետ Շոն Ռիորդանը:

Սա դիվանագետի երրորդ այցն է Արցախ, և ամեն անգամ հեղինակավոր մասնագետը ժամանակ է գտնում հանդիպելու ոլորտի ներկայացուցիչների և ապագա դիվանագետների հետ` վերապատրաստման յուրօրինակ դասընթացներ կազմակերպելու, դիվանագիտության ժամանակակից և արդյունավետ մեթոդներին անդրադառնալու համար: 

Դասախոսության թեման թվային դիվանագիտության միջոցով ընձեռված հնարավորություններն ու առաջադրած խնդիրներն էին, որոնք հատկապես ակներև են չճանաչված պետությունների պարագայում:  Թվային դիվանագիտությունը պետական և ոչ պետական  մարմինների կողմից տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների կիրառումն է դիվանագիտական և արտաքին քաղաքական գործունեություն իրականացնելու համար:

Ըստ բանախոսի` համացանցի և տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման միջոցով այսօր բազմաթիվ դիվանագիտական խնդիրներ են հաղթահարվում, թվային դիվանագիտության շրջանակներում օգտագործվում են  նոր մեդիան, սոցցանցերը, բլոգները, նմանատիպ այլ մեդիահարթակներ: Օգտվելով տեխնոլոգիական նվաճումներից և ընձեռված հնարավորություններից` լրացուցիչ հարթակ է ստեղծվում դիվանագետների համար` գործառույթներն առավել արդյունավետ դարձնելու, ինչպես նաև` հանրության առջև հաշվետու լինելու առումով: Ըստ դիվանագետի` այսօր աշխարհի գրեթե բոլոր պետություններն արտաքին քաղաքականության բնագավառում լայնորեն կիրառում են թվային դիվանագիտության ծրագրեր: 

Դասախոսության ընթացքում Շ. Ռիորդանը բավականին ընդգրկուն անդրադարձ կատարեց դիվանագիտական ալգորիթմերին, որոնք  պետության արտաքին քաղաքականության խնդիրների լուծմանը միտված ծրագրեր են` հաշվարկված երկարատև ժամանակաշրջանի համար, և համապատասխանում են պետության շահերին: Բանախոսը նկատել տվեց, որ նման ծրագրեր գործարկելու տեսանկյունից այսօր առաջատարը Ռուսաստանն է: Այդ պետության ղեկավարությունը դեռևս մեկ տասնամյակ առաջ սեփական  դիվանագետներին կոչ էր անում ՌԴ դիրքորոշումն արտահայտելու ընթացքում ավելի հաճախակի օգտվել  նորագույն տեխնոլոգիաներից, այդ թվում՝ սոցիալական ցանցերից: Ներկայում ՌԴ արտաքին գործերի նախարարությունը բոլոր ցանկացողներին հնարավորություն է ընձեռում սոցցանցերում հետևել արտաքին քաղաքականության իրադարձություններին` օգտագործելով մասնավորապես facebook-ի և twitter-ի հարթակները: 

Այսօր այդ պետության թվային դիվանագիտության կարևոր ուղղություններից է հայրենական տեխնոլոգիական բիզնեսի ընդգրկումը հրապարակային դիվանագիտության ոլորտի նախագծերում: Ռուսաստանի հաջողությունը, սակայն, բանախոսը կապում է այդ պետության կողմից կիբեռգործարքների դիմելու հաճախակի փորձերի հետ, ինչը հեռու է դիվանագիտության ասպարեզում հաջողություն դիտարկվելուց:

Ըստ բանախոսի` համացանցն այսօր տրամադրում է անվերջանալի տեղեկատվություն աշխարհի բոլոր ծագերից, և համացանցից օգտվողի խնդիրն է կարողանալ վերլուծել դրանք, իսկ այստեղ դարձյալ անհրաժեշտություն են դառնում ալգորիթմերը, որոնց գործարկման սկզբունքն առաջին հայացքից է միայն պարզ թվում: 

Անդրադառնալով սոցիալական ցանցերին` բանախոսը նշեց, որ դրանք հաշվի են առնում օգտատերի և նրա ընկերների նախասիրությունները և ըստ այդմ առաջարկում նորություններ և վերլուծություններ: Հարց ուղղելով լսարանին և համոզվելով, որ այն գրեթե ամբողջությամբ նորությունների աղբյուր է դիտարկում facebook սոցիալական ցանցը, Շ. Ռիորդանն ասաց, որ այսօր եվրոպական երկրներում սոցիալական ցանցերը լրատվության հիմնական միջոց համարում է երիտասարդության միայն 25 տոկոսը: Բանախոսն արցախյան երիտասարդության նման կոմնորոշումը մտահոգիչ է համարում, քանի որ ոչ միայն վերոհիշյալ, այլև մնացած բոլոր սոցիալական ցանցերն այսպես թե այնպես մեզ տրամադրում են տեղեկատվություն, որի հետ  համաձայն ենք` ստեղծելով վտանգավոր իրողություն` կապված ինքնուրույն մտածելու, վերլուծելու և եզրակացություն անելու ունակության թուլացման հետ: Անդրադառնալով համացանցի կառավարման հնարավոր մեթոդներին` բանախոսը նշեց, որ ներկայում միայն skype և whatsapp համակարգերն են, որոնք պետական մարմինների կողմից չեն վերահսկվում: Բանախոսը նկատեց, որ այսօր արդեն որոշակի սահմանափակումների անհրաժեշտություն է առաջացել գրեթե բոլոր սոցցանցերում, սակայն դա չպետք է արվի պետության կողմից: Ըստ բանախոսի` թվային դիվանագիտության առավելությունները գիտակցում են  նաև Մերձավոր Արևելքից Եվրոպա հասած փախստականները, որոնք ոչինչ չունեն, սակայն նրանցից յուրաքանչյուրը զինված է ժամանակակից սմարթֆոնով, ինչը դիվանագետը պատահական ու Եվրոպայի համար անվտանգ չի համարում: Ըստ նրա` չճանաչված պետության դիվանագետի խնդիրն է հավանություն ու համաձայնություն ստանալ ոչ թե համախոհներից, այլ այն մարդկանցից, ովքեր հակառակ կարծիք ունեն:  Պրոֆեսորը վերհիշեց Անգլիայում և Իսպանիայում տարբեր տարիների սեփական աշխատանքային գործունեության որոշ դրվագներ: Ջիբրալթարի ճգնաժամի ժամանակահատվածում Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակից եղած ժամանակ նա ձգտում էր հարցազրույցներ տալ այն լրատվամիջոցներին, որոնք հակաբրիտանական հայացքների տեր էին, ընդ որում` նախօրոք ուսումնասիրելով այն թերթերի ցանկը, որոնք նախընտրում էին կարդալ այդ ուժերը:  Ռիորդանը վերհիշեց նաև Նորվեգիայի փորձը, որը ժամանակին կտրուկ փոխեց իր ռազմավարությունը` համապատասխան գերատեսչությունում ստեղծելով հակամարտությունների միջնորդության առաքելական խումբ: Պրոֆեսորի կարծիքով՝ Արցախը կարող է հետևել այդ օրինակին` ստեղծելով հակամարտության միջնորդության առցանց մարմին: Սա հետաքրքիր կլինի ամենից առաջ արտաքին աշխարհի համար: Ռիորդանը բերեց Կատալոնիայի օրինակը, որը փորձում էր անկախանալ` անընդհատ դժգոհելով և խոսելով սեփական խնդիրների մասին: Անկախության հանրաքվեի ընթացքում, երբ Իսպանիայի ղեկավարությունը գործի էր դրել ուժային մեթոդներ, բոլորը կարեկցում էին կատալոնացիներին, բայց դա վերջիններիս չէր ուժեղացնում: Բանախոսը համոզված է, որ Կատալոնիան պարտվել է, և Իսպանիան արդեն վերահսկում է իրադրությունն այդ տարածքում: ՙԵրբ ես խոսում եմ չճանաչված պետությունների ներկայացուցիչների հետ,  նախ հարցնում եմ` ինչո՞վ կարող եք դուք հետաքրքիր դառնալ աշխարհին, որովհետև արտաքին աշխարհին  հետաքրքրում են ոչ թե անկախության հասնելու համար ձեր կրած տառապանքը, այլ այն, թե ինչ կարող եք այսօր տալ աշխարհին,- կարծում է ճանաչված դիվանագետը: - Միջազգային հարաբերություններն այսօր  չեն հիմնվում սիրո, կարեկցանքի կամ փոխըմբռնման վրա, գերիշխողն այսօր շահերի և իշխանության հավասարակշռումն է: Ինչ վերաբերում է Արցախին, ապա դուք արդեն հասկացել եք, որ ձեզ պետք է ոչ թե կարեկցանք, այլ ուժ և կարողություն` տարբեր խնդիրներ հաղթահարելու համար՚: 

Դասախոսությանը հետևել է գործնական առաջադրանք: Լսարանը բաժանվել է խմբերի, որոնց կազմում ընդգրկված էին տարբեր բաժինների ուսանողներ` ապագա քաղաքագետներ, իրավաբաններ, տնտեսագետներ, պատմաբաններ: Խմբերից յուրաքանչյուրը ներկայացրել է Արցախի համար հիբրիդային դիվանագիտության սեփական տեսլականը:  Վերջում, պատասխանելով լրագրողների հարցերին, Շ. Ռիորդանը նշել է, որ ներկայում Արցախը լուրջ անելիքներ ունի դիվանագիտական ոլորտն ընդլայնելու, երիտասարդ  մասնագետների ներուժը թվային դիվանագիտության մեջ օգտագործելու ուղղությամբ:

 

 

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ