[ARM]     [RUS]     [ENG]

ՉԱՂԱՐՏԵՆՔ ՄԱՅՐԵՆԻՆ

Երբևէ մտածե՞լ  եք, որ Հայոց այբուբենի տառերը ոչ միայն շատ գեղեցիկ են, այլև բնավորություն ունեն։

Նրանք երևակում են մեր էությունը։ Մեր լեզուն մեր արյունն ու նկարագիրն է։ Եվ եթե մենք գրագետ ենք խոսում ու գրում, պահպանում ենք Խոսքի էթիկան։ Հակառակ դեպքում ինչ-որ տեղ ինչ-որ օղակ քանդվում է, որը կա՜մ չենք նկատում, կա՜մ էլ կարևոր չենք համարում։ Ու այդ էթիկան պետք է պահպանվի նաև առօրյայում, լինի բանավոր, թե գրավոր խոսքում։ 

Վերցնենք թեկուզ մեկ-երկու օրինակ։ Հայտարարության մեջ ասվում է. ՙՋրամատակարարման վարձը չմուծելու դեպքում բոլոր ջուր օգտագործողները կջրազրկվեն՚։ Ի՞նչ է նշանակում՝ կջրազրկվեն։ Տարակուսում ես՝ մարդու  ջրազրկվելու վերջին փուլը հալյուցինացիայի մեջ ընկնելն է։ Տրամաբանական կլիներ, որ օգտատերերը հիշեին ու չմոռանային, որ ՙջրի վարձը չմուծելու դեպքում կդադարեցվի ջրամատակարարումը՚։ Կամ էլ... եղանակի տեսության մեջ ասվում է. ՙՎաղը օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս մինչև 3-4 ջերմաստիճանով՚։  Չեմ կարծում՝ սա հատուկ է արվում, որ ծիծաղ առաջացնի։ Մի նախադասության մեջ միանգամից երկու կոպիտ սխալ։ Եթե գրվում է ՙմինչև՚, ուրեմն ոչ թե  3-4, այլ պետք է նշվի սպասվող առավելագույն աստիճանը, հակառակ դեպքում անտրամաբանական բան է ստացվում։ Եվ այսպես. ՙՎաղը օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 նիշով՚։ Կամ՝ ՙՎաղը օդի ջերմաստիճանը կհասնի N նիշին՚։ Ու  վերջ։ Նման օրինակները շատ են։

Մի ուրիշ միտում էլ է նկատվում։ Թող լեզվաբանները պեղեն մեր լեզվի ակունքները, ներկայացնեն այս կամ այն օտարալեզու բառի հայերեն տարբերակը։ Դա նրանց մասնագիտական գործն է։ Ինձ մտահոգում է ուրիշ հարց։ Երբ մայրը կամ տատիկը  փոքրիկին խմեցնում է ոչ թե ջուր, այլ ՙվադիյկա՚, եթե մանչուկին ձեռքերը չկեղտոտելու համար  հեռու են տանում ոչ թե շնիկից, այլ ՙսաբաչկայից՚, դա դեռ խնդրի կեսն է։ Բայց երբ ամենայն հարգանքով հետաքրքրվում ես, թե ինչու է անպայման օտար բառեր օգտագործում, նա այնպիսի անտրամաբանական պատասխան է տալիս, որ ոչ հայերեն, ոչ էլ ուրիշ լեզվով չես մեկնաբանի, դա էլ խնդրի մյուս` ամենացավոտ կողմն է։  Երևի հետաքրքրեց, թե ինչ պատասխան ստացա։  Խնդրեմ. ՙՀայերեն խոսելով չի որոշվում հայրենասեր ես, թե չէ՚։ Հայերեն խոսելով չէ, հայրենի եզերքը պահելով չէ, նախնիների հիշատակը հարգելով չէ, քո գործը սիրելով  ու պարտաճանաչ կատարելով չէ և շատ ուրիշ նման բաներով չէ...Բա էլ ինչո՞վ է արտահայտվում հայրենասիրությունը, կասե՞ք... Որտե՞ղ եք տեսել, որ ռուսը կամ այլ ազգի ներկայացուցիչը ՙԱրմենիա՚ գրված հագուստ կրի՝ լինի սովորական կամ սպորտային։ Իսկ մենք անթաքույց հպարտությամբ կամ առանց մտածելու  կրում ենք ՙՌոսիա՚ կամ այլ օտարալեզու բառերով հագուստ, ընդ որում, շատ անգամ բառերի նշանակությունը չհասկանալով։ 

Արարքը սովորություն է դառնում, սովորությունը՝ բնավորություն։ Չմոռանանք։ Իսկ բնավորություն ասվածը շա՛տ լայն հասկացություն է։ Հոգեբանություն, վարվելակերպ, կենսաձև ու էլ ինչ ասես։ 

Դիանա ՎԱՆՅԱՆ