[ARM]     [RUS]     [ENG]

ԱՌՈՂՋ ԵՎ ԳԻՏԱԿԻՑ ՍԵՐՈՒՆԴ` ԱՐՑԱԽՈՒՄ

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ ՙԱռողջ ապրելակերպ՚ ծրագրի շրջանակներում Ասկերանի շրջանում շարունակվում են կազմակերպվել տարաբնույթ միջոցառումներ։

Վերջերս շրջկենտրոնից մեկնարկեց քայլարշավ դեպի ՙԲերդ՚  պատմամշակութային ամրոց։ Արշավին ներգրավված էին քաղաքի երիտասարդության ներկայացուցիչներ։ Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանի գլխավորությամբ խումբը ոտքով ճանապարհվեց դեպի պատմամշակութային վայր։ Այստեղ անցկացվեցին տարբեր խաղեր, կատարվեցին տարածքի բարեկարգման, սանմաքրման աշխատանքներ։ Քայլարշավի մասնակցիներն ստացան առողջ ապրելակերպի թեմատիկ քարոզչանյութեր։

Իսկ Իվանյան համայնքում կազմակերպվեց վազքի մրցույթ, մասնակցում էին Իվանյանի Օնիկ Գրիգորյանի անվան և Հովսեփավանի Յուրի Ջհանգիրյանի անվան միջնակարգ դպրոցների բարձր դասարանների աշակերտները։ Դպրոցականները մեծ խանդավառությամբ էին մասնակցում մրցույթին, նրանցից ոչ պակաս  ոգևորված էր Իվանյանի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Հրանտ Շեկյանը, ով նաև մրցույթը նախաձեռնողն էր։

Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի կողմից ստացան պատվոգրեր ու նվերներ։

ՙԱռողջ ապրելակերպ՚ ծրագրի հաջորդ ձեռնարկը կայացավ Հարավի համայնքային մշակույթի տանը: ՙԱռողջ սնունդ՚ խորագրով ֆլեշ-մոբին մասնակցում էին Հարավի միջնակարգ դպրոցի բարձրդասարանցիները։ Մշակույթի տան տնօրեն Սիլվա Ղազարյանը միջոցառումը կազմակերպել էր պատշաճ մակարդակով։ Հասարակական վայրում տեղադրված սեղանների շուրջ դպրոցականները պատրաստեցին տարբեր աղցաններ, հյութեր, որոնք էկոլոգիապես մաքուր բանջարեղենից և մրգերից էին: Այնուհետև պատրաստված ուտեստներն ու հյութերը բաժանեցին հանդիսատեսներին և անցորդներին: 

-Համոզված եմ, որ այս միջոցառումներից հետո երիտասարդության շրջանում կբարձրանա իրազեկվածությունը` կապված ծխելու, թմրանյութերի, նստակյաց կյանքի, ոչ առողջ սննդի վնասակար և բացասական այլ երևույթների վերաբերյալ,-ասում է Ռ. Մկրտչյանը։-ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ և մեր բաժնի կողմից իրականացվող այս միջոցառումներից հետո ակնկալում ենք, որ հասարակության մեջ ավելի լայն տարածում կստանան առողջ ապրելակերպի վերաբերյալ գիտելիքները, երիտասարդությունը կկարողանա ճիշտ կողմնորոշվել ու կազմակերպել իր առօրյան։ Վերոնշյալ մշակույթի տները, համագործակցելով բաժնի հետ, պատասխանատվությամբ և պատվով են կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Կանենք ամեն ինչ, որպեսզի Արցախում աճի միայն առողջ և գիտակից սերունդ։

 

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

ք. Ասկերան