Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆՈՒՆ ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

Նոյեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 6-ը Տողի արվեստի դպրոցում հյուրընկալվում էր Երևանից ժամանած նկարիչ և բեմադրիչ Գևորգ Ընծա Բաբախանյանը:

Այցի նպատակն էր արվեստի դպրոցի թատերական բաժնի աշակերտների ուժերով նոր ներկայացում բեմադրել: Ծրագիրն այս իրականացվեց ԱՄՆ-ում գործող ՙԱրարատ՚ հիմնադրամի հովանավորությամբ, կառույց, որի նպատակը Արցախի տարբեր շրջաններում, գյուղերում թատերարվեստի զարգացմանը նպաստելն է: 

Գրեթե մեկ ամսում Գ. Բաբախանյանը հասցրեց բեմադրել Հովհաննես Թումանյանի սիրված հեքիաթների հիման վրա ՙԵս էլ իրենց հերն եմ՚ ներկայացումը, որը բաղկացած է չորս մասից` ՙԿիկոսի մահը՚, ՙԱնբան Հուռին՚, ՙԲարեկենդանը՚, ՙՍուտլիկ որսկանը՚: Միաժամանակ բեմադրվեց նաև ՙՉապրած կյանք՚  մնջախաղը: Այս ներկայացումներով խումբը դեկտեմբերի 2-ին հանդես է եկել  Տողում, դեկտեմբերի 1-ին` հարևան Ազոխ համայնքում, դեկտեմբերի 4-ին` Հադրութ շրջկենտրոնում, իսկ դեկտեմբերի 6-ին` Շուշիի Նարեկացի արվեստի միությունում և Ստեփանակերտի ՙԱրմատներ՚ կենսակենտրոնում: Մեծ հաջողությամբ անցած բոլոր այս ելույթները հանդիսատեսի ջերմ ընդունելության արժանացան թե՜ գյուղերում և թ՜ե քաղաքներում: Երեխաները խաղում էին ազատ, անկաշկանդ, իրենց մեջ զարմանալիորեն հայնաբերված արտիստիզմով, և այդ ամենից բխող ոգևորությամբ: 

Մեր թերթի հյուրն է Գևորգ Ընծա  ԲԱԲԱԽԱՆՅԱՆԸ:

-Պարոն Բաբախանյան, Տողի արվեստի դպրոցում նոր ներկայացում բեմադրելը Արցախում արված Ձեր երկրորդ փորձն է: Եվ Դուք մտադրություն ունեք շարունակել գործը հանրապետության այլ շրջաններում: Ինչպե՞ս ծնվեց Արցախի շրջաններում թատերական բեմադրություններ իրականացնելու գաղափարը:

-Երեք տարի առաջ, աշնանը, ԱՄՆ-ում կայացած իմ անհատական ցուցահանդեսին ինձ մոտեցավ ՙԱրարատ՚ հիմնադրամի ատենապետ Ֆրեդերիկ Վարդանյանը և առաջարկեց Քարվաճառում թատերական խումբ բացել…

-Իսկ ինչու՞ հենց Քարվաճառում:

-Հիմնադրամն արդեն այնտեղ ուրիշ ծրագրեր էր իրականացնում, որի ֆինանսավորմամբ վերանորոգվում է Քարվաճառի մշակույթի տունը: Իսկույն համաձայնվեցի: Միշտ մտահոգվել եմ, որ Արցախում ինչ-որ ներդրում չեմ ունեցել: Հաջորդ տարվա գարնանն արդեն գնացի Քարվաճառ: Երկու տարվա ընթացքում երեք բեմադրություն արեցի, նաև նկարչության դասեր էի տալիս: Շատ կապվեցի խմբի երեխաների հետ: Բավականին դժվար դուրս եկա Քարվաճառից, բայց պետք էր, քանի որ ծրագիրը հովանավորվում էր տարբեր շրջաններում գործունեություն ծավալելու դեպքում: Սակայն որոշեցի գոնե մեկին թողնել, ով կշարունակի այդքան հաջող սկսած գործը: Թամար Գրիգորյանը երիտասարդ մասնագետ է, ով ամուսնու հետ արդեն հինգ տարի է, ինչ ապրում և աշխատում է Քարվաճառում: Հենց նրան էլ վստահեցի, և նա հրաշալի կատարում է իր գործը:  Ես էլ հեռակա խորհուրդներ եմ տալիս, փառք Աստծո, տեղեկատվական տեխնոլոգիաները մեծ հնարավորություններ են տալիս: Նաև կարճատև այցելություններով օգնում եմ նոր բեմադրություններ իրականացնել: Մի տարուց հետո Մշակույթի պալատի վերանորոգումը կավարտվի, և քարվաճառցիները կունենան գեղեցիկ դահլիճ իր երեքամյա թատերական խմբով:

-Ինչպե՞ս ստացվեց, որ Քարվաճառից հետո ընտրեցիք Հադրութի շրջանը, այն էլ Տող գյուղը:

-Այստեղ գալս կապված էր սեպտեմբերի սկզբին Հադրութում տեղի ունեցած նկարչական սիմպոզիումի հետ: Այդ նախագիծը իրականացվել է ՙԱրարատ՚ հիմնադրամի, ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Հադրութի շրջվարչակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի հետ համատեղ: Սիմպոզիումն անցավ մեծ հաջողությամբ: Ցանկացած հարցում մենք ստանում էինք աջակցություն: Շատ երախտապարտ էինք: Մենք էլ որոշեցինք այդ յոթ օրերի ընթացքում արված գործերի կեսը` մոտ 50 գործ, նվիրել Հադրութին: Օրերս ուրախությամբ իմացա, որ հաստատված է շրջկենտրոնին մերձակա Տյաք գյուղում պատկերասրահ բացելու ծրագիրը: Վերջին տարիներին Էջմիածնում անց է կացվում ամենամյա նկարչական միջազգային սիմպոզիում, որը տարեցտարի հզորանում է` թե՜ աշխարհագրության ընդլայնմամբ, և թե՜ անվանի նկարիչների ընդգրկմամբ: Ցանկացա փոքրիկ չափերով նման սիմպոզիում անցկացնել Արցախում: Ինձ խորհուրդ տվեցին անցկացնել Հադրութում: Սիմպոզիումի շրջանակներում այցելեցինք նաև Տող: Միանգամից շատ դուր եկավ գյուղը` հին տները, որոնցից շատերը լավ պահպանված են, մելիքական ապարանքը, արվեստի դպրոցը: Մի խոսքով, ես ցանկություն հայտնեցի սկսել հենց Տողից:

-Տողի արվեստի դպրոցում իրականացրած մեկ ամսվա աշխատանքի արդյուքն ինչպե՞ս կգնահատեք:

-Ես շատ գոհ եմ: Մեծ բավականություն ստացա երեխաների հետ աշխատելուց: 15 երեխա` 6-17 տարեկան, մեծագույն ոգևորությամբ ընդգրկվեցին աշխատանքներին: Կարծում եմ, մեծ արդյունք ստացանք. Հովհաննես Թումանյանի հեքիաթներից չորս փոքրիկ բեմադրություններ արեցինք ընդհանուր անվանման տակ` ՙԵս էլ իրենց հերն եմ՚: Որոշ երեխաների մեջ մեծ ներուժ տեսա, փորձեցի մնջախաղի ոճով բեմադրություն դնել: Կարծում եմ, ստացվեց:

-Եվ որտե՞ղ է լինելու հաջորդ կանգառը:

-Երևի Մարտակերտում, բայց թե որ գյուղում, դեռ չենք որոշել: Սակայն, ինչպես ասացի, կապը նախկին ծրագրերի մասնակիցների հետ կպահեմ:

-Հնարավո՞ր է, որ Հիմնադրամն աջակցի նաև արվեստի մյուս ճյուղերի զարգացմանը:

-Երբ պարոն Վարդանյանի հետ քննարկում էինք հետագա պլանները, նա ասաց, որ մտադիր է Արցախում աշխատելու ցանկացողների թիվն ավելացնել և նման մարդկանցից մի թիմ կազմել` գործն ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով: Բայց` միայն թատերարվեստի զարգացման գործը: Դա նրա ցանկությունն է: Թատրոնն արվեստի տարբեր ճյուղեր սինթեզող երևույթ է: Կարծում եմ, նաև դրանով է որոշվում նրա ընտրությունը: Նրա կարծիքով, ամենակարևորը թատերական ՙվարակը՚ տարածելն է: Մի ամսում 15 երեխա ՙվարակվեցին՚ թատրոնով: Դա շատ լավ է: Իսկ եթե նրանցից գոնե մեկի մեջ ցանկություն առաջանա շարունակել այդ գծով զարգանալ, դա կրկնակի հաղթանակ կլինի: Բացի այդ, երեխայի մտահորիզոնն է ընդլայնվում, մտածելու, վերլուծելու, զգացմունքներն արտահայտելու ունակություններն է զարգանում: Ինչքան շատ երեխա ընդգրկեմ այս գործում, ՙվարակեմ՚ թատերարվեստով, այնքան գործս հաջողված կհամարեմ:

-Իսկ Դուք անձամբ ի՞նչ եք ստանում այս ամենից:

-Ինձ համար յուրաքանչյուր ծրագրի իրականացումը մի նոր էջ է: Էջը հետաքրքիր է ստացվել, ուրեմն և կյանքդ է հետաքրքիր անցնում: Տողի արվեստի դպրոցում մեկ ամսվա աշխատանքս իմ կյանքի հաջողված էջերից է:

-Գրեթե երեք տարի է, ինչ աշխատում եք մեր հանրապետության տարբեր շրջաններում: Ի՞նչ տպավորություններ ունեք Արցախից:

-Երբ սկսեցի աշխատել, հասկացա, որ Արցախը չեմ ճանաչել: Արցախի մասին շատ եմ լսել այստեղ ծառայած զինվորներից, ունեի այլ տեղեկություններ: Կարծում եմ, որ Հայաստանում շատերը չեն ճանաչում իրական Արցախը: Այս երեք տարվա աշխատանքն ինձ շատ բան տվեց: Տողում զգացի հնի ներկայությունը, ավանդական լավագույն արժեքների պահպանվածությունը: Երբ մի տան մեջ սերնդեսերունդ ապրում են, և պապական օջախը կենդանի է մնում: Բարբառն է լավ պահպանված: Գյուղացիների մեծ մասը ՙֆ՚ հնչյունը չի արտասանում: Մաշտոցյան ՙփ՚-ն է օգտագործում: Լեզվամտածողությունն է յուրատեսակ: Թերթային, ֆորմալ լեզուն չի ամրացել մարդկանց մեծամասնության մեջ: Զուտ մարդկային իմաստնությունը, միասնական գիտակցությունը շատ հատուկ է նրանց: Այստեղ բանակում ծառայելը սովորական բան է: Բնակչության մեծ մասն է բանակում: Այստեղ հասկացա, զգացի, թե ինչու և ինչպես է պահպանվել հայությունն Արցախում, որն է նրա ուժի հզորությունը:

-Ի՞նչ կցանկանայիք մաղթել երեխաներին, արցախցիներին:

-Այստեղ ևս մեկ անգամ համոզվեցի, որ հայը արվեստասեր ազգ է, պարզապես պետք է` լինի դա ծնող թե պաշտոնյա անձ, մշակույթի ոլորտին շատ ավելի մեծ տեղ տալ, ավելի մեծ ուշադրության տակ պահել, ավելի մեծ միջոցներ տրամադրել ոլորտի զարգացմանը: Հայը բաց է արվեստին: Երեխաների ոգևորությունը դրա վառ վկայությունն է:

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ