[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՎԵՍՏԻ ՆՎԻՐՅԱԼԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Մշակույթ, արվեստ` ահա մարդկային կյանքի համար ստեղծված այն հսկայածավալ աշխարհի մի հատվածը, որով ապրում և ներշնչվում են գեղեցիկին, բարուն և, ի վերջո, կատարյալին ձգտող անհատները:

Նրանք, ովքեր ապրում են արվեստով, իրենց ապրած տարիները, անկախ ամեն ինչից, ժառանգում են սերունդներին: 

Նրանցից է հայ արվեստի նվիրյալ, Մարտունու Արամ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն, ԱՀ արվեստի վաստակավոր գործիչ Ալվինա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ: 

Կին, արվեստագետ, ով միշտ պահպանում է հոգու, մտքի թարմությունն ու ավյունը, քաղաքացիական սկզբունքային կեցվածքը, վայելում հասարակության սերն ու համակրանքը:

Լրացավ Ա. Բաղդասարյանի ծննդյան 60-ամյակը: Այդ առիթով Արվեստի դպրոցի դահլիճում կազմակերպեց միջոցառում: Սա այն լավագույն գնահատականն էր, որով կոլեկտիվն իր երախտագիտությունն արտահայտեց սիրելի տնօրենի նկատմամբ: 

Հոբելյանական միջոցառմանը մասնակցում էին Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի տնօրեն Կարինե Դադամյանը, նկարիչ-ձևավորող Լիանա Քոչարյանը, հոբելյարի հին ու նոր գործընկերներ Ստեփանակերտից ու շրջկենտրոնից, դպրոցի գործունեությանն առնչվող անհատներ: 

Ալվինա Բաղդասարյանը ծնվել է 1957թ., Մարտունու շրջանի Աշան համայնքում: 1964-1974թթ. սովորել և ավարտել է գյուղի միջնակարգը: 1976թ. ընդունվել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: Զուգահեռաբար աշխատել է Հոկտեմբերյանի երաժշտական դպրոցում: Սովորելու տարիներին աշխատել է նաև ֆիլհարմոնիայի ժողգործիքների պետական նվագախմբում: 1983թ. աշխատանքի է անցել Մարտունու երաժշտական դպրոցում, որտեղ մինչև 2005թ. աշխատել է որպես քանոնի դասարանի դասատու: 1989-1994թթ. սովորել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (ժողգործիքների բաժնի քանոնի դասարան): 2005-2014թթ. Ա. Բաղդասարյանը Մարտունու Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենն էր: 2014թ., դպրոցի վերակազմավորումից հետո, նա շարունակում է ղեկավարել արդեն Մարտունու Ա. Խաչատրյանի անվան արվեստի դպրոցը: Ա. Բաղդասարյանին ԱՀ նախագահի կողմից 2017թ. օգոստոսի 31-ին, արվեստի բնագավառում ունեցած մեծ ավանդի և ի նշանավորումն ԱՀ հռչակման 26-րդ տարեդարձի, շնորհվեց ԱՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում: 

Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Ս. Եսայանն իր զեկուցման մեջ Ա. Բաղդասարյանին ներկայացրեց որպես եռանդով լեցուն, ազնիվ ընկերոջ. հատկանիշներ, որոնք ավելի խտացան ու բացահայտվեցին հասուն տարիքում: Նա գերազանց տիրապետում է կոլեկտիվի և շրջապատող մարդկանց հետ բանակցելու արվեստին: 

Հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվեց ՙՎարանդա-Մարտունի՚ խորագրով տեսահոլովակը, որն առաջին կարևոր նախաձեռնությունն ու մեծ ձեռքբերում դարձավ արվեստի դպրոցի գործունեության մեջ: 

Այնուհետև ներկայացվեց տեսաերիզ, որում հոբելյարին իրենց սրտի խոսքն են ուղղում հարազատ մարդիկ` արվեստագետներ, ընկեր-գործընկերներ և անձինք։  Հաճելի ու ոգևորիչ էին նաև հեռավոր ՌԴ-ից տիկին Բաղդասարյանի թոռնիկների շնորհավորանքի խոսքերը: 

Գործունեության ողջ ընթացքում Ա. Բաղդասարյանն ակտիվորեն մասնակցում է հայրենի քաղաքի մշակույթի զարգացման գործին, կոլեկտիվի հետ հաճախ նաև դառնում նախաձեռնությունների հեղինակ: Այսօր արվեստի դպրոցը մշակույթի մի մեծ դարբնոց է, լավագույն կրթարան, որն Ա. Բաղդասարյանի գլխավորությամբ արձանագրել է բազմաթիվ հաղթանակներ շրջանային, հանրապետական, համահայկական և միջազգային մրցույթներում: 

Տիկին Բաղդասարյանի նվիրվածության վառ վկայությունն է  Արվեստի դպրոցում գործող պարի բաժինը:

Շնորհավորական ջերմ խոսքերով հանդես եկան Մարտունու քաղաքապետ, երաժշտական դպրոցի նախկին սան Մ. Խաչատրյանը, Վ. Խաչատրյանի անվան արհեստագործական ուսումնարանի տնօրեն Ռ. Բաբայանը` նվերներ ու շնորհակալագրեր հանձնելով Ա. Բաղդասարյանին: Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Մարտունու շրջբաժնի պետ Ս. Երեմյանի անակնկալ նվերը հոբելյարին հանձնեց նրա տիկինը` Մարտունու հ.1 մանկապարտեզի տնօրեն Է. Երեմյանը: Ա. Բաղդասարյանին հանձնվեց նաև շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչի շնորհակալագիրը:

Լ. Քոչարյանի խոսքը սրտից, հոգուց բխած վերհուշ էր իր մանկության ընկերուհու մասին: Հասուն տարիքում նրանց կապեցին արվեստը, մշակույթը, ղարաբաղյան հոգսերը: Լ. Քոչարյանը խոստովանեց, որ քրոջ, իր անձի նման սիրում է ընկերուհուն և նրան նվիրեց հեղինակային մի գեղեցիկ դեկորատիվ կիրառական արվեստի նմուշ` Տատ ու Պապի դիմանկարով: 

Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի տնօրեն Կ. Դադամյանը շնորհավորեց Ա. Բաղդասարյանին և շնորհակալագիր հանձնեց նրան:

Իր շնորհավորանքի խոսքում տնօրենի տեղակալ Սերգեյ Սաֆարյանը նշեց. ուրախ է, որ աշխատում է մի մարդու հետ, ով իրապես անգնահատելի ավանդ ունի արվեստի բնագավառում: Այնուհետև ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Ս. Շահվերդյանի կողմից տրված շնորհակալագիրը Ս. Սաֆարյանը հանձնեց Ա. Բաղդասարյանին:

Հնչած շնորհավորանքներին միացավ թոշակառու, ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ Բ. Մուսայելյանը:

Իր հերթին հոբելյարը շնորհակալություն հայտնեց բոլորին` իր ծննդյան օրը հիշարժան տոն դարձնելու համար, և անկեղծորեն խոստովանեց, որ առաջին անգամ է հանդես գալիս հանդիսատեսի դերում: Նա նշեց, որ ճակատագրի դառը հեգնանքով տարիներ առաջ նույն օրը կորցրեց սիրելի ու անփոխարինելի մորը: ՙՄայրս սպասեց ինձ, ես Ղարաբաղից հասա Հայաստան, ճակատս համբուրեց, շնորհավորեց ու կես ժամ հետո հրաժեշտ տվեց կյանքին՚,- ցավով հիշում է հոբելյարը և իր խոնարհումը հայտնում մոր հավերժ պայծառ հիշատակին:

Միջոցառման ընթացքում ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ա. Եսայանի կատարմամբ հնչեց Ա. Բաղդասարյանի սիրելի ստեղծագործությունը` Խաչատուր Ավետիսյանի ՙԾաղկած բալենին՚: Դպրոցի սան Ա. Պետրոսյանը քաղցրահնչուն երգ նվիրեց հոբելյարի մոր հիշատակին, որը ստիպեց բոլորին հուզվել:

Ա. Բաղդասարյանը համարվում է Արցախում քանոնի հիմնադիրներից մեկը, հետևաբար երգացանկում ընդգրկվեցին քանոնով  կատարումներ` դասատուներ Լ. Գասպարյանի և Տ. Հովհաննիսյանի կողմից:

Նրբաճաշակ կատարումներով, հայրենասիրական երգերի շարանով Ա. Բաղդասարյանին շնորհավորեցին դպրոցի տաղանդաշատ շրջանավարտներ Վ. Սողոմոնյանը, Մ. Մայիլյանը, դպրոցի դասատուներն ու վոկալի բաժնի աշակերտները: Հանդիսատեսը վայելեց նաև պարի դասարանի դասատու Ն. Թադևոսյանի կատարումը:

Հոբելյանական միջոցառումը փաստեց, որ արժանի մարդուն, արվեստագետին մեծարել ու գնահատել է պետք, քանզի նրանք են, որ գալիք սերունդների համար ստեղծում են արժեքներ, որոնք ապագայում դառնալու են ուսուցման լավագույն օրինակ ու կայացման ուղենիշ: 

Շնորհավոր ծնունդդ, արվեստի անխոնջ նվիրյալ:

Արմինե ԴԱՆԻԵԼՅԱՆ

ք. Մարտունի