[ARM]     [RUS]     [ENG]

ՉԻՆԱԿԱՆ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆԻՑ` ԸՆԹԵՐՑՈՂԻ ՍԵՂԱՆԻՆ՝ ՙՈՒՏԵՍՏՆԵՐԸ՚

ՙՈգի¬Նաիրի՚ գեղարվեստի կենտրոնի տնօրեն, բանաստեղծ, բանասիրական գիտությունների թեկնածու Հրանտ Ալեքսանյանի գործունեությունը թարգմանական գրականության առումով անցած տարին բավականին արդյունավետ է եղել։ Նշենք, որ պահպանվել է հետաքրքրությունը չինական մշակույթի, գրականության հանդեպ։

Գրքերի այս շարքից առանձնացնենք Դոնգ Քիանգի ՙՈւտեստները՚, որի հրատարակությունն իրագործվել է Անհույի ժողովրդական հրատարակչատան (ՉԺՀ) թույլտվությամբ և աջակցությամբ։ Անգլերենից թարգմանել է Լիլիթ Ղազարյանը։ 

Չինական խոհանոցն ու մոտեցումն ուտելիքի նկատմամբ համաշխարհային խոհանոցի պատմության մեջ իրենց ուրույն տեղն են գրավում։ Դեռ վաղ ժամանակներից չինացու համար ուտելիքը ոչ միայն հագենալու միջոց է, այլև կյանքի փիլիսոփայություն, որոշակի արարողակարգ։ ՙՃաշակելուց առաջ ներդաշնակ համերի համադրումը կարող է գոյի և էներգիայի մատակարարման աղբյուր հանդիսանալ՚,¬մեկնաբանում են հին չինացիները։ Երկրի ամեն մի տարածաշրջան ունի իր առանձնահատկությունները։ Հյուսիսում ապրող տեղաբնակներից շատերը նախընտրում են ուտել աղի կերակուրներ, մինչդեռ հարավում գերադասում են ուտել քաղցր կերակուրներ։ Քանի որ տարածքներն անծայրածիր են, ձևավորվել են  տարբեր բարքեր` իրենց յուրօրինակ դիետիկ սովորություններով և տարբերվող բազմազան ու հարուստ խոհանոցով։ Հացը, հացաբուլկեղենն ու մակարոնային արտադրանքը դասվում են ալյուրից պատրաստված սննդամթերքների դասին։ Չինական ալրային սննդամթերքների պատմությունը երկար է և ներառում է բազմաթիվ տեսականիներ և համեր։ Ավանդական ալրային ուտելիքներից են հասարակ արիշտաները։ Հյուսիսում հիմնական սննդում օգտագործվում են ալյուր և կոշտ շիլաներ, իսկ հարավում՝ բրնձային ուտեստներ։ Արիշտաները 2000 տարվա պատմություն ունեն, և այսօր էլ Չինաստանում գոյություն ունեն արիշտայի հազարավոր տեսակներ։ Հին ասացվածք կա. ՙԱշխարհի լավագույն ալրային ուտեստները Չինաստանում են՚։ Բրդած հացի կտորներով գառան ապուրը չինական հայտնի աղանդերն է, որը պատրաստելու համար հարկավոր է հատուկ խոհարարական ձիրքով օժտված լինել։ Աղանդերը ճաշից հետո մատուցվող թեթև ուտելիքն է, որն ունի օժանդակ գործառույթ։ Չորամրգերը մի քանի փուլ անցնող աղանդերի տեսակ են։ Դրանք պատրաստելու համար թարմ, ընտիր մրգերը կեղևահանում են, միջուկը դուրս բերում, եփում  շաքարավազով լցրած ջրի մեջ, թողնում, որ ջուրը ներծծվի, այնուհետև չորացնում։ Դրանք նուրբ, քաղցր և թթվաշ համ ունեն։ Հյուսիսային Չինաստանի հայտնի  ուտեստներից են շոգեխաշած ավանակի միսը, խոզի մսով կոլոլակները՝ թանձր արգանակում, խոզի տապակած որովայնը՝ ձվերով, խոզի միսը` քաղցր լոբու սոուսում, արգանակում։ Տապակած բադը Պեկինի ամենահայտնի կերակրատեսակներից է և աշխարհում մեծ համբավ ունի։ Ուտեստները ներառում են բավականին շատ համեմունքներ, ամենագլխավորը՝ քեմոնը (չաման)։ Ամենահամեղ ուտեստը գառան մսից պատրաստած արգանակն է։ Եփելուց հետո մսի վրա սոխ, պղպեղ և աղ են շաղ տալիս։ Շոգեխաշած ձուկը հրաշալի ուտեստ է։ 

Չին ժողովուրդը կարևորում է ձկան առկայությունը տոնական սեղաններին։ Այն տարածաշրջաններում, որտեղ ձուկը քիչ է, սեղանին դնում են փայտից պատրաստած ձկան խորհրդանիշը։ Հատկապես տոնական օրերին մարդիկ կարևորում են նստելու կարգը. տատիկներն ու պապիկները պետք է նստեն սեղանի գլխին, ամենահարգված տեղում, ծնողները` նրանց կողքին, իսկ թոռնիկներն՝ ավելի ցածր տեղերում։ Անկախ նրանից` կին թե տղամարդ, ահել թե ջահել, բոլորը պետք է խմեն։ Ճաշելու ժամանակ նրանք պետք է փակեն դուռը և ազատ վայելեն տոնը։ 

Շանդուն տարածաշրջանում շնաձկան թևերը, թռչնի բույրը, խեցե մորթիները կամ ձկան թեփուկները կարող են հմուտ խոհարարների կողմից վերածվել համեղ խորտիկների։ Հետաքրքիր ուտեստ է խաշած աղիքները, որոնք լցնում են պատրաստի շաքարասոուսի մեջ, ավելացնում կոճապղպեղ, թակած սխտոր, քացախ և եփում սկզբում թեժ կրակով, ապա կրակը իջեցնում, վերջում ավելացնում մի քիչ գինի, աղ, աղացած պղպեղ, եփում մինչև սոուսի թանձրանալը։ Ըստ չինացիների` ամռանը մի քիչ թթու, կծու և քաղցր սննդի ընդունումն օգնում է մարսողությանը։ Երկրի մի ինքնավար մարզում հարգի են ոչխարի աղացած ոսկորներից պատրաստած գնդիկները: Այս շրջանում հայտնի կերակրատեսակներն են խաշած ձուկը՝ թթու դրած կաղամբով, եփած արյան կտորները, շատ պահածոյացված մթերքներ։ Չինական տիպական ուտեստներից են գոճիի խորոված գրիլը, բադի խորոված գրիլը։ Հին ժամանակներում աշնանային փառատոներից մեկում ամենաշքեղ խնջույքներն անցկացնում էին ծովախեցգետիններ ըմբոշխնելով, վայելելով լիկյորով ու քացախով։ Հասարակ ընտանիքները եփած խխունջներ են ուտում։ Ասեղով հանում են միսը և եփում։ Հյուսիսային մասում Ձմեռային արևադարձի փառատոնի օրերը շատերը նախընտրում են ուտել շան, ոչխարի միս և տարատեսակ սննդարար կերակուրներ, որպեսզի գալիք տարին նրանց համար արգասաբեր լինի։ Հարավային շրջանում մարդիկ սիրում են Ձմեռային արևադարձին ընտանիքով հավաքվել և կարմիր լոբիով բրինձ ճաշակել։ Ի դեպ, Չինաստանում կա խմորեղենի 3 հազար տեսակ։ Բրնձե տորթն ավելի քան 3-հազարամյա պատմություն ունի։ Հին ժամանակներում աստվածների ու նախնիների պատվին բրնձե տորթ էին զոհաբերում։ Այն ուտելու իմաստներից մեկն էլ այն է, որ հաջորդ տարվա համար մաղթում են լավ բերք, ակնկալում են ընտանիքի բարեկեցություն, պաշտոնի բարձրացում։ 

 

ՙԱԱ՚