ՆՈՐՇԵՆԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Հունվարի 19-ը նշանակալից օր էր Մարտունու շրջանի Նորշեն համայնքի համար:

Գյուղի Լեոնիդ Հուրունցի անվան միջնակարգ դպրոցում  տեղի ունեցավ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության /ԻՏՁՄ/ 221-րդ ՙԱրմաթ՚ ինժեներական լաբորատորիայի բացումը: Թե ինչու է հերթական ՙԱրմաթի՚ վայրն ընտրվել Նորշենը, ունի իր պատճառները: 

Այս ուսումնական տարում ՙԴասավանդի՜ր, Հայաստան՚ ծրագրով Նորշենի  դպրոց որպես ֆիզիկայի ուսուցիչ է գործուղվել երիտասարդ ինժեներ-մեխանիկ Արա Հարությունյանը: Իսկ թե իրենից ինչ է ներկայացնում նշյալ ծրագիրը,  բացահայտեցինք հենց նրա հիմնադիր Լարիսա Հովհաննիսյանից,  ով ժամանել էր Նորշեն` ներկա լինելու իր ուսուցչի  կողմից ստեղծված լաբորատորիայի բացմանը: Մեզ հետ զրույցում նա տեղեկացրեց, որ ՙԴասավանդի՜ր, Հայաստան՚-ը  ստեղծվել է 2013թ.`  մի գաղափարով, որ պետք է ունենանք երկիր, որտեղ ամեն երեխա, անկախ իր սոցիալական վիճակից,  ունենա լավագույն կրթություն ստանալու հնարավորություն: Կազմակերպությունն ամեն տարի ընտրում է  լավագույն մասնագետների,  վերապատրաստում որպես մանկավարժներ և ուղարկում  գյուղեր, որտեղ կա ուսուցչի պակաս: ՙՆորշենն ինձ համար յուրահատուկ տեղ է, որովհետև իմ պապիկի` Լեոնիդ Հուրունցի գյուղն է,  և շատ հպարտ եմ, որ իմ պրոֆեսիոնալ կյանքում կարող եմ  ինչ-որ ներդրում ունենալ այդ կրթօջախում՚,-ասաց նա: 

Արա Հարությունյանը խոստովանեց, որ իրեն վիճակված էր հաղթահարել բազում հիմնախնդիրներ. ՙՀայտնվելով Նորշենում` հասկացա, որ դասավանդման հին մեթոդներով հաջողության չեմ հասնի: Մի  կողմից էլ մյուս մարտահրավերները` վատ ձևակերպումներով դասագրքերը, լաբորատոր ռեսուրսների բացակայությունը, հետաքրքրության բացակայությունը ֆիզիկայի և, ընդհանրապես, բնագիտական առարկաների նկատմամբ…Ու դու սկսում ես հերթով լուծել այդ խնդիրները...՚: 

Դասավանդման չորս ամիսների ընթացքում հանդիպած մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրած  նորամուծություններն է փորձում համառոտ ներկայացնել երիտասարդ մանկավարժն այդ օրը երկու`  ԻՏՁՄ-ի հովանավորությամբ ստեղծված  ՙԱրմաթ՚ և Awesome Foundation-ի աջակցությամբ իր իսկ ստեղծած ՆորՇենԼաբ լաբորատորիաների հանդիսավոր բացման արարողության ժամանակ, որին ներկա էին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և միության աշխատակիցներ,  հյուրեր, նորշենցիներ, հարևան դպրոցների ներկայացուցիչներ, դպրոցականներ:

Ինչպես տեղեկացանք ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կ. Վարդանյանից,  կազմակերպության նպատակն է Հայաստանը դարձնել տեխնոլոգիական երկիր: Իսկ ՙԱրմաթ՚ ինժեներական լաբորատորիաների բացումը դպրոցներում Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու ծրագրի մի մասն է միայն: Դրանք հնարավորություն են տալիս բարելավել ինժեներական կրթության մակարդակը,  նպաստում են նոր տեխնոլոգիական սերնդի զարգացմանը, երկիրը դարձնում են մրցունակ: Եվ  հերթով բացվում են այն դպրոցներում, որտեղ կան տեխնիկական ուղղվածության նվիրյալ ուսուցիչներ, որոնք  կարող են ոգևորել աշակերտներին, մանկավարժական գործունեություն իրականացնելիս ցուցաբերել ստեղծագործական մոտեցում, վերլուծական մտածելակերպ, չեն խուսափում նորարարություններից, նախաձեռնող են, ունեն կազմակերպչական ջիղ: Նորշենում, ի դեմս Արա  Հարությունյանի, ԻՏՁՄ ղեկավարությունը տեսավ այդ նորարարին, և այստեղ արմատ գցեց հերթական  ՙԱրմաթ՚-ը: 

ԻՏՁՄ ծրագրի համակարգող Սեդրակ Վարդանյանը, շնորհավորելով նորշենցիներին նման տեխնոլոգիական հնարավորության համար, ասաց, որ  Երևանում ընդամենը 3 դպրոցում է ստեղծված այդպիսի լաբորատորիա, իսկ ամբողջ Հայաստանում` դպրոցների 17 տոկոսում: Ասել է թե` նորշենցիների համար եզակի հնարավորություն է ստեղծվել,  որը հնարավորություն կտա նրանց մասնագիտական ճիշտ կողմնորոշմանը, որպեսզի ժամանակակից աշխարհում դառնան մրցունակ մասնագետներ, տիրապետեն բարձր տեխնոլոգիաների, իրենց ստացած տեխնոլոգիական գիտելիքներն օգտագործեն ի շահ իրենց համայնքի, բանակի,  հայոց աշխարհի: Նա նաև տեղեկացրեց, որ Արցախում հնարավորություն է ստեղծվել ինժեներական լաբորատորիաների  ավելի մեծ թափով  ներդրմանը նույն օրը ԱՀ ԿԳՍ նախարարի և ԻՏՁՄ ղեկավարի կողմից ստորագրված Համագործակցության հուշագրի շնորհիվ:

ՙԱրմաթ՚ լաբորատորիան ոչ միայն ռոբոտաշինության, այլև եռաչափ մոդելավորման, ծրագրավորման, ձեռներեցության հմտություններ ձեռք բերելու հնարավորություն է, որպեսզի երեխաները հետագայում կարողանան բիզնես-ծրագրեր վարել, նախագծի մարքեթինգ իրականացնել, հաշվապահություն վարել և այլն: 

ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, շնորհավորելով նորշենցիներին, արձանագրեց երկու ուրախալի փաստ. նախ` թե  ինչպես կարող է մեկ նվիրյալ ուսուցիչը ոգևորություն առաջացնել մի փոքրիկ դպրոցում և մտածելակերպ փոխել: Երկրորդը ՙԱրմաթ՚ ինժեներական լաբորատորիայի բացումն է, որը  նոր մշակույթ է ձևավորելու և արդեն Հուշագրի ստորագրման ժամանակ արծարծվել է, որ Արցախում  լաբորատորիաների միջև  մրցույթներ անցկացվեն, և դա կարող է տեղի ունենալ հենց Նորշենում` ընդունելով նաև Արա Հարությունյանի առաջարկը. ի նշանավորումն այդ օրվա` ամեն տարի Նորշենում անցկացնել Արցախի տեխնոլոգիական լաբորատորիաների ցուցահանդես: 

ՙՑանկացած նախագծի հաջողություն կախված է նրանից, թե ովքեր են իրականացնողները, որքանով են նվիրված և որքան մեծ է նրանց ցանկությունը և կամքն այն իրականացնելու համար: Տեսնելով, թե ձեզ ինչ է հաջողվել անել այս կարճ ժամանակում, ինչպիսի փոփոխություններ է հաջողվել իրականացնել, ավելի քան վստահ եմ, որ դա կարելի է իրագործել  ամբողջ երկրի մասշտաբով: Բայց ամենակարևորը` այս լաբորատորիայի ստեղծումն իսկապես մտածելակերպ է փոխելու, որ բարեկեցություն փնտրելու  համար  անպայման չէ գնալ օվկիանոսից այն կողմ կամ օտար ափեր, այլ կարելի է հայրենի եզերքում ապրել, արարել, վաստակել և ապրել լիարժեք կյանքով՚,-ասաց նախարարը` հավելելով, որ  գերատեսչությունը հետևողական է լինելու, որպեսզի այս հնարավորություններին ավելացնի նորերը, որպեսզի տարբեր ուղղություններով զարգացման իրական  հեռանկարներ բացվեն մեր երեխաների համար: 

Կ. Վարդանյանն իր հերթին համոզմունք հայտնեց, որ 3-4 տարի հետո Նորշենում գործելու են վեբ  տեխնոլոգիաների ընկերություններ, որոնք կարող են  իրենց աշխատանքը հայթայթել թե՜ Երևանում, թե՜ միջազգային հարթակներում և ավելացնել տեղական բյուջեի  մուտքերը: Նա նաև տեղեկացրեց, որ, շնորհիվ ապակենտրոնացման հզորացման ուղղությամբ իրենց կատարած աշխատանքի,  Հայաստանը  ձեռք է բերել  2018թ.  համաշխարհային կոնգրես անցկացնելու իրավունք:

 Ն. Աղաբալյանը նախարարության կողմից առաջին պատվերը տվեց  Նորշենի ՙԱրմաթ՚-ին`  սարքել լաբորատորիաների խոստացված մրցույթի մրցանակները: 

 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ