[ARM]     [RUS]     [ENG]

ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՆ ՀԱՐՍՏԱՑՆԵԼՈՒ ԽՆԴԻՐ ԿԱ

ԱրՊՀ խորհրդի նիստը

 Հունվարի 25-ին տեղի ունեցավ Արցախի պետական համալսարանի խորհրդի նիստը, որը վարեց  ԱրՊՀ խորհրդի նախագահ, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը: 

Ռեկտոր Մանուշ Մինասյանը  հաշվետվություն ներկայացրեց  2016-2017 ուսումնական տարում կատարած աշխատանքների մասին: Անդրադառնալով համալսարանի կրթական և գիտական, ուսանողների հետ տարվող աշխատանքների, հանրային կապերի, ֆինանսական և վարչատնտեսական, սոցիալական ուղղություններով կատարված աշխատանքներին` նա առանձնացրեց ինչպես ձեռքբերումները, այնպես էլ բացթողումներն ու անելիքները: 

Հաշվետու ժամանակաշրջանում համալսարանը մասնագետներ է պատրաստել 29 մասնագիտությունների գծով` 5 ֆակուլտետների 20 ամբիոնների միջոցով, որոնցում դասավանդել է 192 հիմնական դասախոս:

Ռեկտորը նշեց, որ, կարևորելով դասախոսի արհեստավարժությունը, դասավանդման մեթոդիկան, աշխատանքներ են տարվել հանրապետությունում առկա ներուժի ներգրավման, գործընկեր բուհերի մասնագետների հրավիրման և կադրերի երիտասարդացման ուղղությամբ:  Երկու տարի շարունակ աշխատանք է տարվել դասավանդվող բոլոր առարկաների էլեկտրոնային դասախոսությունների փաթեթների կազմման և դրանք ուսանողներին հասանելի դարձնելու ուղղությամբ: 

Համալսարանը շարունակում է աջակցել դասախոսների մասնագիտական աճին: Հաշվետու տարում 7 հոգի պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, 1-ը` դոկտորական: 

Բակալավրիատի ուսանողների թիվը կազմել է 2356, մագիստրատուրայինը` 317: Համալսարանի ասպիրանտները  4-ն էին (նախորդ տարի` 5): Ընդհանուր առմամբ, համալսարանում  նկատվում է ուսանողների թվի նվազման միտում: Այսպես,  վեց տարի առաջ ունեցել են 4159 ուսանող, անցյալ տարի` ընդամենը 2677 ուսանող:   

ԱրՊՀ հեռահար նպատակը որպես գիտական առաջատար օղակի կայացումն է, կրթական և գիտական գործունեության հավասարակշռումը, որն առկա  պայմաններում ռեկտորն անիրական է համարում`  որպես հիմնավորում բերելով  գիտությանն ուղղվող ծախսերի չափը, որը  բուհի նախահաշվում  կազմել է 2,5 մլն դրամ, կամ ընդհանուրի ընդամենը 0, 2 տոկոսը: Գիտությունը երիտասարդ կադրերին շարունակում է... չհրապուրել, տնտեսությունից առանձին հետազոտական պատվեր համալսարանը չի ստանում, հետևաբար և` եկամուտներ:  

Այդուհանդերձ, գիտական միջոցառումները  տարվա ընթացքում համալսարանում քիչ չեն եղել: Կազմակերպվել են գիտաժողովներ, տարաբնույթ քննարկումներ և ընթերցումներ: Համալսարանականները մասնակցել են նաև այլ բուհերում կազմակերպված միջոցառումներին: 

Որոշակի հաջողություններ  են արձանագրվել համագործակցության ուղղությամբ. ՀՀ և արտերկրի  30 բուհերի հետ  ԱրՊՀ-ն պայմանագրեր ունի, հաշվետու տարում ավելացել է ևս մեկը` ՌԴ Օրյոլ քաղաքի Տուրգենևի անվան  պետական համալսարանի հետ: Հատկապես ակտիվ էր համագործակցությունը ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի հետ,  որի հետ կազմակերպվեցին պետական հնչողություն ստացած մի շարք միջոցառումներ, ԵՊՀ-ի, մասնավորապես, իրավաբանական ֆակուլտետի (որի առհավատչյան կրթական ծրագրերի թարմացումն  է, իրավաբանական կլինիկայի բացումը), Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական  համալսարանի հետ, ինչը նպաստել է ԱրՊՀ-ում հոգեբանական կենտրոնի գործարկմանը: 

Ռեկտորը նաև նշեց, որ համալսարանը գտնվում է երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում, համալսարանի կյանքի համար շրջադարձային կլինեն  ԱՀ Նախագահի անմիջական հոգածությամբ գլխավոր  մասնաշենքի հիմնանորոգումը և տեխնիկական վերազինումը:

2017թ. համալսարանի ֆինանսական ծախսերի կառուցվածքը չի փոխվել. եկամուտների գերակշիռ մասը գոյանում է ուսանողների  ուսման վարձավճարներից, ծախսերի 88 տոկոսը կազմում է աշխատավարձը:

Հաշվետվության շուրջ եղան ելույթներ` մտահոգություններով: 

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանի մտահոգությունը վերաբերում  էր համալսարանի`  սպասվող հավատարմագրմանը, որը, ըստ նրա, աշխատատար, բարդ գործընթաց է և մարդկային ու ֆինանսական մեծ ռեսուրսներ է պահանջում: Բնագիտության ֆակուլտետի դեկան Վոլոդյա Միրզոյանը տարիներ շարունակ բարձրացնում է նույն հարցը` ֆակուլտետի ուսանողների թվի անշեղ նվազումը: Տնտեսական հարցերով պրոռեկտոր Կարեն Առուշանյանին մտահոգողը գլխավոր շենքի հիմնանորոգման հետ կապված գույքի տեղափոխման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայությունն է: Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ռուզաննա Մանգասարյանը, թվարկելով տնտեսագետ ուսանողների մի շարք հաջողություններ, կրթության որակի բարձրացման ուղղությամբ կարևորեց դասախոսների մասնագիտական կարողությունների բարելավման գործում նրանց վերապատրաստումները հանրապետության սահմաններից դուրս կազմակերպելը,   բուհ-տնտեսություն կապի ամրապնդումը: Մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան Շահեն Այդինյանը հարց բարձրացրեց ուսուցչական կադրերի պատրաստման հետագա բարելավման ուղղությամբ դպրոցի լավագույն  շրջանավարտներին մանկավարժական մասնագիտություն ուղղորդելը: Նրա առաջարկությունը կիսեց խորհրդի անդամ, դպրոցի տնօրեն  Անահիտ Պողոսյանը: 

ԱՀ ԿԳՍ փոխնախարար Արմեն Սարգսյանի գնահատականը համալսարանի ՙԳիտական տեղեկագրի՚ որակի և գիտական բովանդակության վերաբերյալ հեռու էր բավարար լինելուց: Նա անարդարացի համարեց ժամավճարով աշխատող դասախոսի հավասար ժամաքանակի դեպքում երկու անգամ պակաս վարձատրությունը հիմնական դասախոսի համեմատ:  

Խորհրդի նիստում ելույթ ունեցավ ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը: Նա կանգ առավ հիմնականում համալսարանի անելիքների վրա ու  պարզաբանումներ տվեց հնչած հարցերի առնչությամբ: 

Նրա խոսքով` ակնհայտ  են  վերջին տարիներին բուհի գործունեությունը կանոնակարգելուն ուղղված ջանքերը և արդյունքը:  Մատնանշված խնդիրներն ունեն  օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: ԱրՊՀ անելիքներից նա նշեց առաջիկայում սպասվող յուրօրինակ փորձության շրջանը հաղթահարելը, որը պայմանավորված է նրանով, որ բուհն  ընթացիկ և առաջիկա տարիներին պետք է կարողանա համադրել հավատարմագրման,  ՙԲարձրագույն կրթության՚ մասին նոր օրենքի գործարկման գործընթացները  և համալսարանի գլխավոր շենքի հիմնանորոգման հետ  կապված խնդիրները: 

Անդրադառնալով հավատարմագրման հետ կապված մտահոգությանը` նախարարը նշեց, որ ամենադժվարը այնքան ֆինանսները հաղթահարելը չէ, որքան դրված պահանջներին, որակի չափանիշներին բուհի համապատասխանեցումը, առանց որի նա չի  կարող մրցունակ լինել:  Նախարարը  տեղեկացրեց, որ այդ առումով առաջիկայում նախատեսվում է հանդիպում կազմակերպել ՀՀ ԿԳՍ նախարարի և Որակի ապահովման Հայաստանի կենտրոնի նախագահի հետ: 

Բնագիտական առարկաների մասնագետների պատրաստման մասով Ն. Աղաբալյանն ասաց, որ հարկ է վերանայել մասնագիտությունների ցանկը, որը  թելադրում է  ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը: Նրա խոսքով` այդ նպատակով զուգահեռ աշխատանքներ  պետք է  տարվեն հանրակրթության, բարձրագույն կրթության  և,  ընդհանրապես, մասնագիտական կրթության  ոլորտում: Գիտակրթական գործունեության բազան հարստացնելու խնդիր կա: Այսօր դպրոցներում միջոցներ են ձեռնարկվում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, մասնավորապես` ինժեներական լաբորատորիաների ուղղությամբ: Ինչ վերաբերում է դրսում դասախոսների վերապատրաստմանը, այս առումով գլխավոր խնդիրը պետք է լինի գործնական համագործակցությունը տարբեր բուհերի հետ,  փոխանակումների  և վերապատրաստման  ծրագրերից օգտվելը, նշեց նախարարը: 

ՙԳործարար շրջանակների մեր ներկայացուցիչները պատրաստակամ են և համագործակցության համար միշտ էլ բաց են, պարզապես, երևի, մեր  նախաձեռնությունն է թույլ, առաջիկայում կփորձենք այդպիսի հնարավորություններ ստեղծել՚,-ասաց Ն. Աղաբալյանը` տեղեկացնելով, որ նախարարությունը քննարկումներ է իրականացնում այդ ուղղությամբ: Նրա կարծիքով`  այլընտրանքային ֆինանսավորման միջոցներ պետք է գտնել, քանի որ  համալսարանի կախվածությունը  ուսման վարձավճարներից չի կարող ապահովել կրթության բարձր որակ: Վերջում նախարարը  բոլորին մաղթեց մեծ կամք,  ուժ, համբերություն` ծառացած խնդիրները համատեղ ուժերով հաղթահարելու համար, որպեսզի Արցախի պետական համալսարանը արժանի լինի իսկապես  մայր բուհի իր կոչմանը: 

 Խորհրդի նիստում ամփոփիչ խոսքով հանդես եկավ  նրա նախագահ Ա. Ղուլյանը:      

ՙՀնչած  ելույթներից յուրաքանչյուրում մի ինչ-որ կետ կա, որ պետք է հաջորդ աշխատանքների մեջ հաշվի  առնել և ելնել այդ իրողություններից: ԱրՊՀ-ն  այն հաստատությունն է, որը դիրքորոշում և քաղաքականություն է մշակում, և պետք է անպայման թելադրի. սա է պատասխանատվության բաժինը: Այսինքն` մենք ոչ միայն կրթության և գիտության հետ կապված հարցեր պետք է  քննարկենք  և տարվա ընթացքում դա իրականացնենք, այլև պետք է հաշվի առնենք, որ սրանից է կախված երկրի ապագան՚,-ասաց նա: 

 ԱրՊՀ խորհուրդը բավարար գնահատեց հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները, հաստատեց  նոր տարվա ֆինանսական փաստաթուղթը: 

Նիստի վերջում ԱրՊՀ գիտական խորհրդի որոշմամբ ԱԺ պատգամավոր և ԱրՊՀ դասախոս  Արթուր Թովմասյանը բուհի կյանքում ունեցած վաստակի համար պարգևատրվեց համալսարանի բարձրագույն պարգևով` ոսկե մեդալով: 

 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ