[ARM]     [RUS]     [ENG]

ԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ` ՆՎԻՐՎԱԾ ՇԱՐԺՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆ

ՙԱրցախյան շարժման խորհուրդն ու արդի հիմնախնդիրները՚ թեմայով գիտական ընթերցումներ կազմակերպվեցին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանում (ՄՄՀ)`   բուհի և Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:

 Մասնակիցներին ողջունեց  ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը, նշելով, որ Շարժման 30-ամյակին նվիրված ընթերցումները  կարևոր են նաև նրանով, որ  հեղինակներից շատերը նրա  մասնակիցներն են:

Բացման իր խոսքում ԱԵԳՄՄ նախագահ Ավետիք Հարությունյանն ասաց, որ ընթերցումներին մասնակցում են  ԵրՊՀ, ԱրՊՀ, ՄՄՀ երիտասարդ գիտնականներ և մասնագետներ: 

Ընթերցումների պատվավոր հյուրն էր Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Իր ելույթի սկզբում քաղաքագետը նշեց, որ Շարժման 30-ամյակը նաև իր կյանքի կարևոր մասն  է, քանի որ արցախյան հողում առաջին անգամ ոտք դնելու 30-ամյակն է: Խոսելով Շարժման պատմական նշանակության մասին, նա երիտասարդներին կոչ արեց այն գնահատել այսօրվա ձեռքբերումների հեռապատկերին: Վերլուծելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը` քաղաքագետը նշեց, որ լինում են հակամարտություններ, որոնք լուծվում են արտաքին ուժերի ճնշման տակ: Արցախի պարագայում դա բացառվում է, հետևաբար ներկայիս իրավիճակը շարունակվելու է երկար ժամանակ, հնարավոր է ժամանակ առ ժամանակ բախումներ լինեն: ՙՄենք` քաղաքագետներս, իհարկե, հարյուր տոկոսով չենք կարող կանխատեսել իրավիճակը, բայց, հավանաբար, առաջիկա տարիներին խոշոր ռազմագործողություններ չեն լինի:  Չպետք  է ակնկալել,  որ առաջիկա տարիներին իրավիճակը սկզբունքորեն կփոխվի դեպի լավը: Ադրբեջանը չունի  փոխզիջումների գնալու իրական անհրաժեշտություն: Ղարաբաղյան հարցը Ադրբեջանի ներքին քաղաքականության համար կարևոր գործիք է՚,- պարզաբանեց Ս. Իսկանդարյանը: Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբին` նա ասաց, որ այն վաղուց ի վեր չի զբաղվում հակամարտության կարգավորմամբ. նրա գործունեությունը սահմանափակվում է կողմերի հետ հանդիպումներով, միջադեպերի վերլուծությամբ, առավելագույնն ուղղված է զոհերի թվի նվազմանը: ՙԴա  կարգավորում չէ,  փորձ է կարգավորման՚,-ասաց քաղաքագետը: Նրա խոսքով` աշխարհում այդպիսի հակամարտությունների թիվը տասնյակների է հասնում, և  Ադրբեջանը շահագրգռված չէ ղարաբաղյան հարցի կարգավորմամբ,  ու որպեսզի  բազմաթիվ հակամարտությունների մեջ  աշխարհի ուշադրությունը Ղարաբաղյան հարցի վրա պահի, միշտ կրակելու է: ՙԴա պետք է հստակ իմանալ, դրան   պատրաստ լինել և գնալ առաջ, ինչպես  գնացել են ձեր հայրերն ու պապերը՚,-դիմելով երիտասարդներին` ասաց քաղաքագետը: 

Գիտական ընթերցումների մասնակիցները հանդես եկան ելույթներով: ԵՊՀ դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Գրիգոր Բալասանյանն իր ՙԱրցախյան շարժում` ինքնորոշո՞ւմ, թե՞ անջատողականություն. հետհայացք 30 տարվա հեռավորությունից՚ թեմայում շեշտադրեց, որ Արցախը, ի տարբերություն Հայաստանի այլ հատվածների, միշտ էլ, սկսած Խամսայի մելիքությունների ստեղծումից, ձգտել է պետականության: Նույնիսկ Խորհրդային Ադրբեջանի պայմաններում արցախահայությունը միշտ կարևորել է պետականությունը և իր  ըմբոստ կեցվածքի և վարքագծի շնորհիվ պահպանել ինքնավարությունը` չնայած բազմաթիվ ճնշումներին: Ըստ նրա` 88-ի փետրվարի 20-ի պատմական որոշումը պատահական չէր: Այն կատարվել է ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքին համապատասխան: Իսկ Ադրբեջանի անկախանալու գործընթացի պահին Արցախն իրավական առումով չէր գտնվում նրա կազմում: Ավելին, Ադրբեջանն իրեն հռչակեց  Ադրբեջանական դեմոկրատական հանրապետության իրավահաջորդ, որի կազմում չեն եղել Արցախն ու Նախիջևանը:

Պատմական գիտությունների թեկնածու,   ԱրՊՀ դոցենտ Նելլի Բաղդասարյանն իր նկատառումները հայտնեց տարածքային ամբողջականության սկզբունքի վերաբերյալ, նշելով, որ միջազգային պրակտիկան անտեսում է պատմականության նշանակությունը:

 Ելույթները նաև Արցախում իրավաբանական կրթության մակարդակի, պետության կազմավորման գործում բնակչության  իրավագիտակցականության դերի բարձրացման, ԱՀ նոր կառավարման ձևի, անվտանգության բաղադրիչների, դպրոցական դասագրքերում Շարժման ռազմական փուլի արտացոլման և այլ հարցերի շուրջ էին: 

Ընթերցումների մասնակիցներն այն կարծիքին էին, որ  նման քննարկումները նպաստում են Արցախում գիտական կյանքի աշխուժացմանը:

 Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ