[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԵՎՍ ՄԵԿ ԳԻՐՔ

Մուրացանի անվան քաղաքային գրադարանում ստեղծված ՙԳրոց տուն՚ ակումբի առաջին պարապմունքի հյուրն էր Ղարաբաղյան շարժման առաջամարտիկ և նվիրյալ, մանկավարժական գիտությունների թեկնածու Համլետ Գրիգորյանը։ Հանդիպման առիթը վերջերս լույս տեսած նրա ՙԱնթեղված կրակ՚ գիրքն էր, որը հեղինակը նվիրել է Շարժման 30-ամյակին:

Պարապմունքին, որն անցկացվեց մարտի 1-ին, մասնակցում էին ավագ դպրոցի սաներ, ուսանողներ։ Ներկա էր Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը։ 

Գրքի մասին խոսք ասաց գրադարանի տնօրեն, մշակույթի վաստակավոր գործիչ Մարիա  Խաչատրյանը։ Նրա խոսքով` Շարժման մասին գրվել ու գրվելու են գեղարվեստական և վավերագրական գրքեր, հուշագրություններ, ստեղծվում է Շարժման տարեգրությունը։ Համլետ Գրիգորյանի հուշապատումն արժեքավոր է նրանով, որ հեղինակը եղել է ոչ միայն մասնակիցը դարակազմիկ այդ իրադարձություններին այլև գոյապայքարի ղեկավարներից մեկը, ով ամենածանր պահերին չի երկնչել, հավատարիմ է մնացել ազատագրական շարժման գաղափարներին, իր դավանած սկզբունքներին։ Գրքի հեղինակը չի հավակնում ներկայացնելու Շարժման ամբողջական  տարեգրությունը կամ իր անցած ճանապարհը, այլ ընդգրկում է ազգային¬ազատագրական պայքարի որոշ դրվագներ, որոնք լույս են սփռում Շարժման հետ կապված կարևորագույն անցքերի, իրադարձությունների, և, իհարկե, իր գործունեության վրա։ Հ.Գրիգորյանը հատկապես հանգամանորեն անդրադարձավ ՙԿռունկ՚ կոմիտեի ստեղծմանն ու գործունեությանը, որն այն դժվարին ու բարդ ժամանակահատվածում իր վրա էր վերցրել Լեռնային Ղարաբաղի քաղաքական, սոցիալ¬տնտեսական կյանքի պատասխանատվությունը։ 

Տնօրենը կարևորեց գիրքը որպես տեղեկատվության հավաստի աղբյուր այն ոչ հեռավոր օրերի մասին՝ նշելով, որ հեղինակը և նրա գաղափարակից¬զինակիցները մեծ գործ են կատարել, որպեսզի այսօր ապրենք ազատ ու անկախ հանրապետությունում։ Պայքարը շարունակվում է, վերջնական հաղթանակին դեռ չենք հասել։ 

Պարապմունքը, որի նպատակն այն էր, որ նոր սերունդը ճիշտ գաղափար կազմի Շարժման մասին, անցկացվեց հարցուպատասխանի  ձևով։ Հ.Գրիգորյանը անդրադարձ կատարեց Շարժման տարբեր փուլերին` Ադրբեջանին բռնակցելու կուսակցական որոշումը, խորհրդային 70 տարիներին վարած հայահալած քաղաքականությունը, Շարժման սկիզբը, երբ հավատով բողոք¬նամակներ էին հղվում Մոսկվա, ցույցերն ու հանրահավաքները միամիտ կարգախոսներով, շրջափակում և ՙՕղակ՚ ռազմագործողություն, պարտադրված պատերազմ, հաղթանակ... Գրիգորյանը հանգամանորեն կանգ առավ գրքի և վերնագրի, և վերջաբանի վրա, որտեղ շոշափվում են ինչպես Արցախյան ազգային¬ազատագրական շարժման ձեռքբերումները, այնպես էլ բացերն ու ցանկությունները։

ՙԳրոց տուն՚ ակումբի անդամ Ասպրամ Իսրայելյանը արտասանեց Վազգեն Օվյանի ՙԱյս Ղարաբաղն է՚, իսկ Իլոնա Բաղդասարյանը՝ Ֆելիքս Պետրոսյանի ՙԻնձ ծափեր պետք չեն՚ բանաստեղծությունները։

 

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ